shape
Մատենադարանի բարերարը

Մատենադարանի բարերարը

 

       Բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը հայազգի ամենահայտնի գործարարներից մեկն է:

    Պարոն Մանուկյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում՝ ուսուցչի ընտանիքում: Իր մանկությունն անց է կացրել Լիբանանում, այնուհետև՝ ընդունվել Կիպրոսի գիշերօթիկ դպրոց և Մեծ Բրիտանիայի ինժեներային դպրոց: Վաչե Մանուկյանը երկար ժամանակ եղել է Բրունեի արքայազնի վստահված անձը: Հենց Բրունեյում Վաչե Մանուկյանը ստեղծել է իր առաջին կապիտալը, որը հետագայում հնարավորություն է տվել իրականացնել իր ծրագրերը:

    Բնակվելով Անգլիայում` Մանուկյանը հիմնել է մեծ բիզնես կայսրություն: Նրա գործարար հետաքրքրությունները ներառում են բանկային գործը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիան և ամենօրյա ինդուստրիան: Նա համարվում է հոլդինգային և հավատարմագրային ընկերությունների սեփականատեր, Երևանում «Միդլենդ Արմենիա Բանկ»-ի կազմակերպիչ: Այժմ Վաչե Մանուկյանն ԱՄՆ-ում ունի ձիարշավարան և համարվում է Մեծ Բրիտանիայում մեծ անշարժ գույքի սեփականատեր: Նրա՝ HSBC բանկի հետ համագործակցության շնորհիվ է, որ Հայաստանում այդքան մեծ տարածում գտավ այս աշխարհահռչակ բանկը: Վաչե Մանուկյանը նաև «ՄԱՐՍ» կազմակերպության հիմնադիրն է: Նա Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերն է. հյուրանոցը հանրահայտ Բիգ Բենից մի քանի քայլ հեռավորության վրա է:

      «Հայ լինելը ինքնազոհաբերություն է»,- հարցազրույցներից մեկում  խոստովանել է Վաչե  Մանուկյանը: Գործարարն ասել է. «Բոլորը պետք է օգնեն հայրենիքին` նա, ով ունի փող, պետք է օգնի փողով, ով ունի ժամանակ` ապա ժամանակով, ով ունի երկուսն էլ միաժամանակ, ապա պետք է օգնի երկուսով միաժամանակ»: Հայաստանում նա առաջնային հարցը համարել է նոր աշխատատեղերի բացումը, և նրա շնորհիվ  Հայաստանում  հազարավոր մարդիկ աշխատանք են ստացել: Նրա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ներկայումս կազմում են մոտ 65 միլիոն դոլար:

    Վաչե Մանուկյանը հայտնի է նաև որպես մեծ բարերար: Նա ֆինանսավորել է չորս դպրոցների և եկեղեցիների վերակառուցումը և կառուցումը: Բացի այդ, նա ֆինանսավորել է 1700 երիտասարդների կրթությունը և վերապատրաստումը ԱՄՆ-ի Հարվարդ և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ համալսարաններում: Վաչե Մանուկյանը համարվում է երեխաների բռնության դեմ պայքարող Ազգային հասարակության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Աֆրիկայում կրթության և այլ կազմակերպությունների հովանավորներից մեկը: Նա է Լոնդոնում Թագավորական օպերային թատրոնի գլխավոր հովանավորը և պատվավոր անդամն է: Վերջերս Վաչե Մանուկյանը ստեղծել է բացառիկ ֆոնդ` «Վաչե և Թամարա Մանուկյան», որն իր անվանումը ստացել է ի պատիվ Վաչեի և նրա կնոջը` Թամարայի: Ֆոնդը վերակառուցել է Լոնդոնում գտնվող հայկական Սբ. Եղիշե եկեղեցին, ինչպես նաև ֆինանսավորել է Անգլիայում և Վատիկանում կազմակերպվող մի շարք մշակութային և կրթական ծրագրեր: Վաչե Մանուկյանը համարվում է Նորք-Մարաշում գտնվող ժամանակակից բժշկական կենտրոնի հովանավորներից մեկը:

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրում Վաչե Մանուկյանի աջակցությամբ է բացվել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը:

    Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների համար Վեհափառ Հայրապետը Վաչե Մանուկյանին շնորհել է «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշան:

 

«Շանթ» հեռուստաընկերություն - «Աշխարհի հայերը» հաղորդաշար - Վաչե Մանուկյան։