shape

Մատենագիտություն

     

     Մատենագիտություն նշանակում է «մատյանների գիտություն»։ Գիտական մատենագիտությունը, ըստ էության, ունի երկու ըմբռնում. առաջինը՝ հունարեն բիբլիոգրաֆիան է, որից և թարգմանվել է հայերեն մատենագիտությունը, երկրորդը՝ բիբլիոլոգիան, որը ևս հայերեն թարգմանվում է մատենագիտություն, թեև երկուսն էլ իրարից որոշակիորեն տարբերվում են։ Կարևոր են և մատենագիտական այն աշխատանքները, որոնք կոչվում են բիբլիոգրաֆիա, և այն երկերը, որոնք իրականում բիբլոլոգիա են։ Առաջին իմաստով ստեղծվել են պարբերական մամուլի, տպագիր գրքերի և այլ մատենագիտություններ, իսկ երկրորդ առումով՝ բուն գիտական մատենագիտություն։

    Մատենագիտությունը լայն իմաստով ամբողջությունն է այն գիտելիքների, որոնք վերաբերում են գրավոր աղբյուրներին և ուսումնասիրություններին,  գրքերին՝ ըստ բովանդակության։ Մատենագիտությունը գրականության գիտական ուսումնասիրության գիտական կազմակերպումն է որոշակի մեթոդով՝ գիտության զանազան բնագավառների կամ որևէ բնագավառի վերաբերյալ։ Այս տեսակետից էլ մատենագիտությունը գիտության մի յուրահատուկ բնագավառ է՝ կապված գիտության այլ բնագավառների հետ։ Նրա խնդիրն է ցույց տալ գիտությունների, դպրության և արվեստների զարգացման անցյալը, պատկերել ներկա վիճակը։

     «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի մատենագիտության բաժնում աշխատում են չորս մատենագետներ, որոնց պարտականությունները բաշխվում են ներքին կարգով: Մատենագետը՝

1. Նոր ստացվող և առկա գրականությունը համեմատում է ուղեգրերի հետ:

2. Գրանցում է նոր ստացվող գրականությունը համապատասխան գույքամատյաններում (և՛ թղթային, և՛ էլեկտրոնային):

3. Քարտագրում է նոր ստացվող գրականությունը համապատասխան գույքամատյաններում (և՛ թղթային, և՛ էլեկտրոնային):

4. Մշակում և դասակարգում է Մատենադարանում առկա  գրականությունը մատենադարանի տնօրինության որոշած չափանիշներին համապատասխան:

5. Կատարում է թեմատիկ և մատենագիտական քարտարանների ստեղծման և հրատարակման աշխատանքներ:

6. Մշակվող գրականությունը մուտքագրում է համապատասխան գրադարանային Koha ծրագրի մեջ,

7. Օրական 20 միավոր գրականություն է մուտքագրում համահավաք քարտարանի մեջ:

8. Մեթոդական օգնություն է ցուցաբերում ընթերցողներին՝ գրականության կողմնորոշման հարցում:

9. Տնօրինության հանձնարարությամբ մասնակցում է Մատենադարանին նվիրաբերված գրքերի գնահատման աշխատանքներին:

Յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ և ըստ հարկի Մատենագիտության բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում տնօրինությանը: