shape
Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս

 

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորչի 132-րդ հետևորդն է և զբաղեցնում է Ս. Գրիգոր Լուսավորչի գահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Վեհափառ Հայրապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ազգի` Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի, հոգևոր առաջնորդն է:
Եկեղեցու Առաջնորդը Հիսուս Քրիստոս է: Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (հունարեն տերմինը նշանակում է եկեղեցու ընդհանուր առաջնորդ) Եկեղեցու Առաջնորդն է: Հայոց եկեղեցում նա աստիճանով բարձր է պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից: 
Կաթողիկոսը ընտրվում է եպիսկոպոսաց դասից, և լինելով ընտրյալ` նա համարվում է առաջինը հավասարների մեջ: Կաթողիկոսին օծում են 12 եպիսկոպոս:
Կաթողիկոսը ներկայացնում է Հայ Եկեղեցու կենտրոնացված իշխանությունը: Նա բարձրագույն դատավորն է և օրենսդրական մարմնի ղեկավարը: Նա Ազգային եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և Եպիսկոպոսական ժողովի նախագահն է: Նրա իրավասության և պատասխանատվության մեջ են մտնում եպիսկոպոսների ձեռնադրությունը, Մյուռոնի օրհնությունը, տոների հռչակումը, Ազգային եկեղեցական ժողովների գումարումն ու ցրումը, Հայ եկեղեցու վարչական հարցերի և թեմեր հիմնելու վերաբերյալ որոշումների արձակումը:
Կաթողիկոսը ընտրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող Ազգային եկեղեցական ժողովի կողմից՝ ցմահ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացնում է Առաքելական իշխանության հաջորդականությունը Հայաստանում, որտեղ Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալներին շնորհված քրիստոնեական եկեղեցու իշխանությունը փոխանցվում է միմյանց հաջորդող եպիսկոպոսներին: Անհնար է Հայ եկեղեցին պատկերացնել առանց եպիսկոպոսապետի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Առանց եպիսկոպոսական աստիճանի` Հայաստանը կհայտնվեր հարևան աթոռների ենթակայության տակ, և Հայ Եկեղեցին այսօր չէր լինի ինքնուրույն կառույց՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով:
Առաջին Հայ Կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է: Սուրբ Գրիգորը օծվել է 301 թ., Կեսարիայում, կապադովկիացի եպիսկոպոսների կողմից` դրանով իսկ հաստատելով Հայոց եպիսկոպոսական աստիճանը՝ որպես առաքելական իշխանության հաջորդականություն: Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը` հավատարիմ մնալով Հայաստանի պետական վարչական համակարգի սկզբունքներին: Նա յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս ձեռնադրեց: 
Այս եպիսկոպոսները ենթարկվում էին Հայաստանի Ծայրագույն եպիսկոպոսին` Եպիսկոպոսապետին, որը շուտով կոչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
Նորին Սրբության պաշտոնական կոչումն է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց: