shape

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունը Կտրիճ) ծնվել է 1951թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նրա ծնորղները Գրիգոր և Խաթուն Ներսիսյաններն էին:

Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, ապա նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1970թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1972թ. Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա:

Այնուհետև, երջանկահիշատակ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ բարձրագույն կրոնական կրթությունն շարունակել է նախ Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, ապա Բոննի համալսարանում, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Սերգիոս վանքի եկեղեցական ակադեմիայում:

1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին` Առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս: