shape

Սուրբ Անտոնինոս, Թեոփիլոս, Անիքտոս և Փոտինոս վկաների հիշատակության օր

  • 29 հունիսի, 2020 թ.
  •  

    Անտոնինոս

    Բազմաթիվ Անտոնինոսներ կան թե՛ հույն և թե՛ լատին վկայաբանություններում: Այս Անտոնինոսը հավանաբար 3-րդ դարում ապրած մի ալեքսանդրացի է: Նա հավատքի համար ձերբակալվեց և համարձակորեն խոստովանեց իր քրիստոնյա լինելը: Նրան փայտից կախելով երկաթե քերիչներով քերեցին մարմինը, որին քաջաբար համբերեց: Վերջ ի վերջո հրամայվեց կրակով վերջ տալ նրա կյանքին: Երբ մոտեցավ կրակին, խոսքը ներկաներին ուղղելով, ասաց. «Հիշեցե՛ք, որ Աստծուց տրված մի հոգի ունեք, ուշադիր եղեք, որ այն անդադար Աստծո առջև կանգնեցնեք»: Ապա քաջությամբ և հոժարությամբ մտավ կրակի մեջ և հոգին ավանդեց հրեշտակների ձեռքը:

    Տոնում ենք Հոգեգալստյանը հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:

     

    Թեոփիլոս 

    Թեոփիլոս Սարկավագը Լիբիացի էր և ապրում էր Մաքսիմինոս կռապաշտ կայսեր օրոք, այսինքն 3-րդ դարի վերջերին և 4-րդ դարի սկզբներին: Հմուտ էր Սուրբ Գրքի մեջ և իր նախատիպար Ս. Ստեփանոսի նման համարձակ քարոզիչ էր: Որպես քրիստոնյա իր երկրի կուսակալի մոտ տարվեց և սոսկալի չարչարանքների ներքո իր հոգին ավանդեց Աստծուն:

    Տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:

     

    Անիքտոս և Փոտինոս

    Այս երկուսն էլ Նիկոմիդացի ազնվականներ են: Անիկտոսը կոմսութան տիտղոսով էր պատվված, իսկ Փոտինոսը նրա եղբորորդին էր:

    303թ.-ին Դիոկղետանոսն իր հալածանքների հրովարտակն էր արձակել և այն կարդալ էր տալիս Նիկոմիդիայի հրապարակում և ինքն էլ, այնտեղ բազմած դատական աթոռին, մահ էր սպառնում բոլոր քրիստոնյաներին, կամ կուռքերին զոհ չմատուցողներին: Այդ պահին Անիկտոսը, հետը վերցնելով իր եղբորորդուն, ճեղքում է հավաքված ամբոխը, կանգնում է կայսրի առջև և բարձրաձայն ասում. «Ահավասիկ ես քրիստոնյա եմ և Քրիստոս Աստծուն են պաշտում: Եվ սկսեց քարոզել քրիսոնեությունը: Եվ ցույց տալով քրիստոնեության մեծությունը և ոտնակոխ անելով կռապաշտությունը և հիշելով դիցերին վերագրված զրույցների հիմարությունը, սկսեց քարոզել: Միասին ենթակվեցին սարսափելի չարչարանքների և բանտարկվեցին: Երեք տարի հետո նորից կանչվեցին ուրացության, և երբ անսասան մնացին իրենց հավատքի մեջ, բազմաթիվ այլ նահատակների հետ, այրվելով՝ ողջակիզվեցին հանուն Քրիստոսի սիրո:

    Հայերս տոնում ենք Հոգեգալստյանը հաջորդող չորրորդ երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 3.1-8

     Եսայի 48.16-17

     Բ Տիմոթեոս 3.10-15

     Ավ. ըստ Հովհաննեսի 15.11-16

    shape
    book-shape