Այսօր Բարսելոնայի համալսարանի նշանավոր պրոֆեսոր և գրքասեր Միգել Հուգեթը, արգենտինահայ բարերարներ Սերխիո և Սուսանա Նահապետյաններն իրենց ընտանյաց անդամների հետ շրջայց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում։ Հյուրերն այցելեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի ուղեկցությամբ:
Այցելուներին Մատենադարանում անհրաժեշտ տեղեկություններ փոխանցեց Մատենադարանի փոխտնօրեն տիար Պապին Մուրդայանը: Հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացան հնատիպ գրքերին, ինչպես նաև ընթերցասրահում և գրապահոցում առկա գրականությանը:
Պարոն Հուգեթին առավել հետաքրքրեց Ոսկանյան Աստվածաշունչը՝ որպես գրքասեր, նա բնականաբար, ուսումնասիրել էր 1666 թ. Ամստերդամում հրատարակված հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը: Սակայն հայագիտությամբ զբաղվող նշանավոր պրոֆեսորի համար խորհրդանշական բարեբախտություն էր Սուրբ Էջմիածնի Մատենադարանում՝ բիբլեական Արարատին հայացքը հառած ընթերցել առաջին տպագիր Սուրբ գիրքի բնօրինակը:
Նշենք, որ Միգել Հուգեթը և ամերիկաբնակ Ալեքս Նահապետյանը՝ Սերխիո և Սուսանա Նահապետյանների որդին, միասնաբար տպագրության են պատրաստում պատմագիտական կարևորություն ունեցող աշխատանք:
Ժամանակակից բարձրորակ սարքավորումների միջոցով կրկնօրինակվելու են հնագույն գրքերը, ձեռագիր մատյաններն ու փաստաթղթերը, ապա վավերացվելու են միջազգային ճանաչում ունեցող իրավական կնիքով: Այս աշխատությունը մեծապես կնպաստի հայկական ձեռագիր ու տպագիր ժառանգության տարածմանն ամբողջ աշխարհում և յուրօրինակ նյութ կդառնա հայագիտությամբ զբաղվող օտարազգի ուսումնասիրողների համար:
Տիար Ալեքս Նահապետյանն ասաց, որ այդ աշխատության անդրանիկ օրինակը նվիրաբերվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սերխիո և Սուսանա Նահապետյանները մեծագույն սիրով ու հիացումով անդորացի պրոֆեսորին ներկայցնում էին բազմադարյան պատմություն ունեցող ձեռագրերի ու հնատիպ գրքերի վերաբերյալ տեղեկություններ: