Լուրեր

Ավստրալահայ և ամերիկահայ ուխտավորները հանդիպեցին Հայոց Հայրապետի  հետ

Ավստրալահայ և ամերիկահայ ուխտավորները հանդիպեցին Հայոց Հայրապետի հետ

  • 12 Jun 2017
  • Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին:

    Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին և նրանց հոգևոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգևոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովվապպետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ և ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը և անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի և Հայոց Հայրապետի նկատմամբ: 

    Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց ուխտավորներին, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կկերպարանափոխի նրանց հոգին և նոր ներշնչանքի աղբյուր կդառնա` հայրենիքով առավել զորացած վերադառնալու իրենց երկրները և շարունակելու իրենց ազգանվեր ու եկեղեցասեր ընթացքը:

    Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց ամերիկահայ և ավստրալահայ համայնքներին՝ հայցելով, որ Աստծու օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն իրենց համայնքային կյանքը: 

    Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի հոգևոր- կրթական հաստատություններին և Սփյուռքի առջև ծառացող զանազան մարտահրավերներին: 

    Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

    shape
    book-shape