Լուրեր

Սբ. Սարգիս Զորավարի Տոն

Սբ. Սարգիս Զորավարի Տոն

  • 15 Feb 2019
  •        Հայ ժողովրդի համար սիրելի և պաշտելի սրբերից է Սուրբ Սարգիսը, ով անվանվում է սիրահարների պահապան, ճանապարհին վտանգվածների ապավեն և արագահաս օգնականը բոլոր նեղյալների, որի համար ակամա և ինքնաբուխ Սուրբ Սարգսին իսկույն հիշում են նրանք, ովքեր անակնկալ ու հանկարծահաս որևէ փորձության են ենթարկվում իրենց կյանքի մի որևէ հանգրվանում: Ինչպես Սուրբ Սարգսին նվիրված շարականների ու բանաստեղծությունների տողերում և նրան ուղղված աղոթքներում է ասվում. «Արագահաս Սուրբ Սարգիս, դո՛ւ եղիր մեզ ապավեն և օգնական»:

    Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

    Սուրբ Սարգսի տոնը թեև մեր եկեղեցին տոնել է շատ ավելի վաղ ժամանակներից, սակայն Ս. Սարգսի վարքը հայերեն է թարգմանվել Ս. Ներսես Շնորհալու պատվերով:

    Շնորհալին եղբոր խնդրանքով և պատվերով 1157 թ. թարգմանում է Սրբոց Տարագրոսյանց վարքը, իսկ հաջորդ տարի` 1158 թ.` Սուրբ Սարգսի:

    Ս. Սարգիսը հռչակվել է իբրև ամենահաղթ ռազմիկ` բարբարոսների դեմ մղված ճակատամարտերում, ինչպես նաև գթասիրտ քրիստոնյա` իր ինչքերը սիրահոժար աղքատներին բաշխող:

    Հուլիանոսի թագավորության ժամանակ նրան աստվածային հայտնությամբ թելադրվել է իր որդու` Մարտիրոսի հետ ապաստանել Հայաստանում, սակայն, հայերը վախենալով Հուլիանոսից, Սուրբին թելադրել են գնալ Պարսկաստան և ծառայության անցնել Շապուհ թագավորի մոտ: Այնտեղ նա մեղադրվել է պարսկական զորքի մեջ քրիստոնեություն տարածելու համար, բռնադատվել իր Մարտիրոս որդու հետ: Թագավորի հրամանով Սարգիսը բանտարկվել է: Նրան առաջարկվել է ուրանալ Հիսուսին և ընդունել զրադաշտական կրոնը: Երբ նա անսասան է մնացել իր հավատքի մեջ` արձակվել է գլխատման հրաման: Նահատակության վայրում (Դաղման կոչված քաղաքի մոտ), գլխատումից առաջ Ս. Սարգիսն աղոթք է հղել առ Աստված, որ ի կատար ածվեն իր անունով աղոթողների բաղձանքները: Մխիթար Գոշի մեկնաբանմամբ` Սարգիս զորավարի աղոթքով գերությունից ազատվում են նրանք, ովքեր դիմում են Ս. Սարգսի բարեխոսությանը: Ահա այս պատճառով Սուրբ Սարգիսն անվանվում է նաև «գերեհան» և «գերեհաս»: Նոր Նախիջևանի ժողովրդական աղոթքներում պահպանվել է նման մի աղոթք, ուր Սուրբ Սարգսի աջակցությունն է հայցվում գերիների ազատության

    համար.

    Սո՛ւրբ Սարգիս, դուն հասնիս,

    Գիշեր ասի, դուս ելլա,

    Մեկ զորավոր սուրբ տեսա,

    Ասի, լացի, ոտն ինկա.

    Ասի.-Հայր սուրբ, անունդ ի+նչ է:

    -Իմ անունս Սուրբ Սարգիս,

    Օրդուս անունը` Սուրբ Մարտիրոս,

    Ձիս կքալե ամպի վերան,

    Անթաթար ծովի վերան:

    Գնա ասա գերիներուն,

    Ազատ անե իր արևուն:

     Հավատացյալները թաքուն վերցրել են Սարգսի մարմինը և ամփոփել Համյան կոչված քաղաքում, որտեղից էլ, ըստ հայոց Հայսմավուրքների, Մ. Մաշտոցը վերցրել է Ս. Սարգսի մարմինը, բերել Հայաստան, ամփոփել Կարբի ավանում և վրան վանք կառուցել, ապա սրբի ատամներից մեկն առնելով` զետեղել է խաչափայտի մեջ և այն կանգնեցրել Վրաստանում`Գագա բլուրի գագաթին, որը ցայսօր կոչվում է Գագա Սուրբ Սարգիս:

    Եվրոպայում Ս. Սարգսի հիշատակի օրը տոնվել է իբրև Կեսարացի սուրբի տոն` փետր. 24-ին (հույները` հունվ. 20-ին): Հայերը տոնել են հունվ. 31-ին, իսկ ներկայումս` Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Ոմանք Առաջավորաց պահքը շփոթում են Ս. Սարգսի տոնի հետ և թյուրիմացաբար կոչում են Ս. Սարգսի պահք: Եկեղեցական օրենքով սրբերը պաս չունեն, հետևաբար Ս. Սարգիսը ևս պաս չունի, բայց հակառակ այս իրողության`ընդհանրացված թյուրիմացությունը և շփոթը շարունակվում է գործածվել: Իսկ եթե այդ օրը համընկնում է Տյառնընդառաջին, ապա Ս. Սարգսի տոնը նշվում է Ս. Ատոմյանց հիշատակի հետ:

    Սուրբ Սարգիսը հռչակված է ոչ միայն հայոց, այլև ողջ արևելյան քրիստոնեական աշխարհում: Նույնիսկ պարսիկները նրան կոչել են «անհաղթ վկա պարսից և կատարող բոլոր խնդրվածքների»: Նրա անունը, իբրև հրաշագործ վկայի, տարածված էր նաև Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլուր:

    Հայ մանրանկարչության մեջ Ս. Սարգիսը պատկերվել է ճերմակ նժույգի վրա, զինավառ կերպարանքով, հաճախ` վիշապ օձին նիզակահարելիս:

    Ընտանիքների և սիրահարների պահապան սուրբը լինելով հանդերձ` Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատկերացումներում, այնուամենայնիվ, ավելին է, քան իր առօրյա և ամենօրյա արագահաս և ամենահաս օգնականն ու ապավենը, և գիտակցվում է որպես հայության պահապան հսկողը, ով հրեղեն իր ձիով իր տոնին նախորդող ուրբաթ գիշերը սլանում է Հայկական լեռնաշխարհով:

     

    Օգտագործված  գրականություն

    1. Աշճյան Մեսրոպ արքեպիսկոպոս, Արագահաս Սուրբ Սարգիս,  Երևան, 2002
    2. Կաբաղյան Տ. Զարեհ վարդապետ,  Ամենահաս Սուրբ  Սարգիս,Երևան, 2009
    3. Վարք  Սուրբ Սարգիս զորավարին,  Լոս Անճելըս, 2011
    4. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան,  Երևան,  2002
    shape

    տեսադարան

    book-shape