Լուրեր

Գրքերի շնորհանդես

Գրքերի շնորհանդես

  • 09 Jul 2021
  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ․ հուլիսի 23-ին, ժամը 15։30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա «ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ» խորագրով շնորհանդես։

    Հընթացս շնորհանդեսի կներկայացվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության լույս ընծայած «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն (կազմող՝ Արամ Մարտիրոսյան, պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյան) և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը (Հեղինակներ՝ Ազատ Բոզոյան, Ալեքսան Հակոբյան, Արթուր Վաղարշյան, Արման Եղիազարյան, Արտակ Մովսիսյան, Գագիկ Հարությունյան, Գրիգոր Թանանյան, Հարություն Մարության, Նարինե Միրզոյան, պատասխանատու խմբագիրներ՝ Գագիկ Հարությունյան, Արտակ Մովսիսյան, Տ․ Արարատ քհն․ Պողոսյան, Սարգիս Մելքոնյան)

    «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց»-ը «Կանոնագիրք Հայոց»-ի ժողովածուի Ա և Բ հատորներում առկա բոլոր կանոնների թեմատիկ դասակարգված ներկայացումն է։ Ֆրանսերեն զուգադիր թարգմանությամբ և համապատասխան տիտղոսներով ու ենթավերնագրերով տրված են Ե-ԺԱ դարերում ﬕջնադարյան Հայաստանում ստեղծված բոլոր այն կանոնները, որոնք ներառվել են «Կանոնագիրք Հայոց»-ում։

    «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը ներկայացնում է հայկական հնագույն թագավորություններից (սկսած Ք. ա. Գ հազարամյակից) մինչև մեր ժամանակների հանրային հարաբերությունների զարգացման տարբեր ծալքերն ու առանձնահատկությունները, Աշխարհաժողովների, ապա Ազգային-եկեղեցական ժողովների, դրանց ընդունված կանոնական սահմանադրությունների իրավագիտական դերն ու նշանակությունը: Համակողմանի համեմատական վերլուծության շրջանակներում ներկայացվում են Ազգային-եկեղեցական ժողովները, «Կանոնագիրք հայոց»-ը, առանձին հեղինակների իրավագիտական երկերը, Լեհահայոց և Աստրախանի հայոց դատաստանագրքերը, Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ը, Արևմտահայոց ազգային սահմանադրությունը: Անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում (1918-1920 թթ.) սահմանադրության ստեղծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև Արցախյան շարժման նախօրեին և ընթացքում սահմանադրական պայքարի դրսևորումներին: Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանադրական մշակույթի արժեբանական արդի դրսևորումների համատեքստում նոր ժամանակների մարտահրավերներին:

    Երկու ժողովածուներն էլ նախատեսված են Հայոց Եկեղեցու կանոնական իրավունքի, աստվածաբանության, հայ ﬕջնադարյան իրավունքի ոլորտների մասնագետների, ինչպես նաև Հայ եկեղեցական իրավունքով հետաքրքրվողների լայն շրջանակի համար։ Գրքերի հրատարակության նպատակն է ինչպես հայ, այնպես էլ միջազգային լայն հանրությանը հաղորդակից դարձնել հայ իրավական ու սահմանադրական մշակույթի ձևավորման ու զարգացման ողջ տարեգրությանը:

    shape
    book-shape