Լուրեր

Տեառնընդառաջ՝ Մանուկ Հիսուսի ընծայումը

Տեառնընդառաջ՝ Մանուկ Հիսուսի ընծայումը

  • 13 Feb 2019
  • Տեառնընդառաջը (Տոն Քառասնօրյա Գալստյանն Քրիստոսի ի Տաճարն) Հայ եկեղեցու Տերունի տոներից է՝ նվիրված քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն՝ Երուսաղեմի տաճարում, որտեղ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ընդառաջ են եկել Հիսուսին: Չորս Ավետարաններից միայն Ղուկասի Ավետարանն է նկարագրում այս խորհրդավոր իրադարձությունը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլպատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր: Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն՝ նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ օրենքում.«Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի»: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2.21-24 ):

    Եվ ահա, երբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը այցելեցին տաճար, Սուրբ Հոգուց առաջնորդվելով՝ տաճար է եկել Սիմեոն ծերունին: Նա գրկել էր մանուկ Հիսուսին, օրհնել Աստծուն և ասել. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի, որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2.29-32): Տիրոջը գոհունակություն է հանձնում նաև Աննա մարգարեուհին, պատմում խորհրդավոր Մանկան մասին (Ղուկ. 2.36-38):

    Հայ եկեղեցին Տեառնընդառաջը, որպես անշարժ տոն, կատարում է փետր. 14-ին: Փետր. 13-ի երեկոյան, եկեղեց. Ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, անդաստան. ծիսակատար քահանան վառում է ս. Սեղանի վրա դրված մոմերը: Հավատացյալները, վառելով իրենց մոմերը, տանում են տուն: Այս օրը եկեղեցում ս. Պատարագ է մատուցվում:

    Այնուհետև եկեղեցու բակում, հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում, ինչը սահմանված չէ քրիստոնեական կամ եկեղեցական որևէ օրենքով կամ կանոնով: Ուսումնասիրողները գտնում են, որ կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից. հայոց մեջ՝ կապված Միհր կամ Տիր կուռքերի պաշտամունքի հետ:

    Տեառնընդառաջը ծիսակատարության մաս կազմող կրակը, հավանաբար III դարից հետո Հայ եկեղեցու ծիսակարգն է մուծվել՝ նկատի ունենալով կրակի աստվածաշնչյան խորհրդաբանությունը:

    Կրակը Աստվածաշնչում խորհրդաբանվում է իբրև Բարձրյալ Աստծո ամենաառաջնային հատկություններից մեկը, երկնային երևույթ: Հուրը, ըստ Աստվածաշնչի, ունի փորձիչ նշանակություն: Դա առկա է, օրինակ, Դանիելի մարգարեության մեջ, երբ Դանիելի երեք ընկերները՝ Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը, Նաբուքոդոնոսոր արքայի կողմից  գցվել են կրակի հնոցը, սակայն մնացել անվնաս, քանզի մաքուր էին, և Աստված նրանց հետ էր (3.8-97): Ինչպես նաև պատժիչ, կործանիչ նշանակություն ունի հուրը:

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

     Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները Տեառնընդառաջի կանոնի շարակաների հորինումը միահամուռ ընծայում են Մովսես Խորենացուն: կանոնում առկա են ինչպես «չափավոր», այնպես էլ՝ «ծանր» տիպի երգեր, որոնք իրենց մեղեդիական- ոճական հատկանիշներով բնորոշ են Մովսես Խորենացու անվանն առնչվող առավել հավաստի շարականների ձայնեղանակային ինքնատիպ հորինվածքին:

    «Տեառնընդառաջ» թեմայի նկարներն ու բարձրաքանդակները պատկերում են Երուսաղեմի տաճարի դիմաց կամ ներսում քառասուն օրական Հիսուսին, որին Տիրամայրը, իբրև Հայր Աստծուն ընդառաջ գնալու խորհրդանշական քայլ, ներկայացնում է Սիմեոն ծերունուն և Աննա մարգարեուհուն:

    shape

    տեսադարան

    book-shape