Լուրեր

«Ճանապարհ գրքով»

«Ճանապարհ գրքով»

  • 07 Oct 2018
  • ­­

    Բազում փորձություններ տեսած հայ ազգը դարերի ընթացքում ձևավորել է իր արժեհամակարգը: Հայրենիքի, եկեղեցու և հայոց լեզվի պաշտպանության համար հայը իր կյանքն է զոհասեղանին դրել, նա հաստատ է եղել իր ընտրության մեջ՝ թշնամուց փրկվելու ժամանակ առաջինը ԳԻՐՔՆ է դրել ծանրոցում: Շատ երկար ճանապարհ ենք անցել գրքի հետ…

    «Ճանապարհ գրքով». այս խորագիրն է կրում մշակույթի նախարարության կազմակերպած  2018 թ. գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը:  Դեռևս 2004 թ. է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունել հոկտեմբերի 7-ը նշել որպես «Գրադարանավարի օր»: Գրադարանագիտությունը գիտական առարկա է, գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին գիտություն: Այն սերտորեն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև` թանգարանային և արխիվային գործի հետ:

    «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում աշխատում են երկու գրադարանավար, չորս մատենագետ և երկու ֆոնդապահներ: Նրանք ավելի քան 70.000 միավոր գրականությունը սպասարկում են շուրջ 600 ընթերցողի:

    Մատենադարանի ֆոնդն անընդհատ համալրվում է թե՛ նվիրատվությունների, թե՛ գրախանութներից և անհատներից գնման տարբերակներով: Նախապատվություն է տրվում կրոնագիտական, ապա հայագիտական գրականությանը, սակայն գիտության մյուս ճյուղերը ևս անտեսված չեն. մատենադարանը հարուստ է հասարակագիտական գրականությամբ:

     «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ունի նաև 544 միավոր հնատիպ գիրք: Կառույցի գլխավոր առաքելություններից է հավաքել այս գրքերը, պահպանել խնամքով և ուշադրությամբ, միաժամանակ հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի պատմությամբ հետաքրքրվող ընթերցողներին: Նման գրքերը պահվում են շենքի երկրորդ հարկում՝ հատուկ հնատիպ գրքերի համար նախատեսված սրահում` ապահով և հարմար օդաջերմալուսային պայմաններում: 

    «Ճանապարհ գրքով» ծրագիրը նպատակ ունի խթանել ընթերցանությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել գրադարանների առջև ծառացած խնդիրներին: Ծրագրի շրջանակում նախատեսված են գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ և գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ինչպես նաև ընթերցողներին աջակցելու նպատակով` ստեղծագործական աշխատանքների տոնավաճառ-ցուցահանդեսներ: Ծրագրին միացած 163՝ այդ թվում` 151 հայաստանյան, 9 արցախյան և 3 սփյուռքի (Լեհաստան, Իրան, Լիբանան) գրադարաններում կանցկացվեն շուրջ 300 միջոցառումներ:

    «Ճանապարհ գրքով» ծրագիրը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին:

    shape
    book-shape