Համագործակցություն

Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմ

  • 25 Jan 2018
  •  

    ՌՈՒՄԻՆԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԴՈՒԴՅԱՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ

    ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ

     

    Գրադարանը հիմնադրվել է 1927թ., Բուխարեստի Հայկական Եկեղեցու Վարչության, Թաղական Խորհրդի և մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ: Առաջնային նպատակն էր կործանումից փրկել ու պահպանել Բուխարեստում և մյուս քաղաքներում հայ համայնքի տրամադրության տակ գտնվող  արժեքավոր ձեռագրերն ու հին գրքերը, այստեղ հավաքել Բուխարեստի հայկական եկեղեցու և դպրոցի, ինչպես նաև մյուս ծուխերում գործող հայկական եկեղեցիների ու դպրոցների գրադարանների գրքերը: Գրադարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1927թ. հոկտեմբերի 9-ին, թարգմանչաց տոնին: Այն ժամանակ դեռևս գոյություն չուներ Դուդյան Մշակույթի Տունը, ուստի հավաքված բոլոր գրքերն ու եկեղեցական իրերը տեղակայվել են եկեղեցու բակում գործող հայկական Միսակյան դպրոցի ամենամեծ սրահում: Գրադարանն իր հիմնադրման օրվանից ղեկավարվել է նշանավոր հայագետ Հակոբ Սիրունու կողմից, ում ջանքերով էլ տարիներ շարունակ գրադարանը համալրվել է նոր գրքերով ու ձեռագրերով: Գրադարանը ժամանակի ընթացքում հարստացել ու ճոխացել է նաև բազում նվիրատվությունների շնորհիվ: Գրադարանը հիմնադրման ժամանակ ուներ ընդամենը 30 ձեռագիր, որոնց թիվը հետզհետե հասնում է շուրջ 150-200-ի: Գրադարանում պահվող ձեռագրերից նշանավոր են հատկապես 1351թ. Կաֆայում ընդօրինակված Ավետարանը, Մագաղաթյա Ճաշոցները՝ ընդօրինակված 1331թ., Երուսաղեմում, 1460թ.,  Աքքերմանում, 1666թ.,  Պոլսում, Մաշտոցները՝ ընդօրինակված 1555  և 1669թթ. Լվովում, 18-19-րդ դարերոմ գրի առնված բազմաթիվ Ավետարաններ, Քարոզգրքեր, Սաղմոսներ և շատ այլ ձեռագրեր: Հնատիպերի մեջ, ամենավաղ շրջանի  հրատարակությունը 1666թ. Ամստերդամում տպված Աստվածաշունչն է: Այստեղ են պահվում նաև բազում կոնդակներ, հրովարտակներ, Ֆերմաններ, պարբերականներ, ամսագրեր և այլն: Ժամանակի ընթացքում, այստեղ են հավաքվում նաև մի շարք եկեղեցական, ծիսական  արժեքավոր առարկաներ, և գրադարանին կից  ստեղծվում է նաև թանգարանը: Հավաքածուների թվի ավելացմանը զուգահեռ հրամայական է դառնում նաև շենքային նոր պայմանների ապահովումը: Եվ ահա գրադարանի հիմնադրումից 15 տարի անց, շնորհիվ բարերար Հովսեփ Դուդյանի նվիրատվության, ստեղծվում է հայկական մշակութային տունը, որը ավելի ուշ անվանակոչվում է նվիրատուի անունով: Ցավոք սրտի համայնավարության տարիներին որոշ ձեռագրեր ու գրքեր ոչնչացվում կամ փչացվում են, դրանց մի մասը որակվում է, որպես  ոչ գաղափարական ու նետվում մառանները, իսկ մյուս մասն էլ հրո ճարակ  են դառնում: 1950-60-ական թվականներին, հայկական  գրադարանից մի շարք ձեռագրեր, հնատիպ գրքեր ու եկեղեցական իրեր նվիրաբերվում են Հայաստանյան որոշ հաստատությունների և հատկապես Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Բուխարեստից ուղարկված հայկական ձեռագրերի հավաքածուն հետագայում ուսումնասիրության առարկա է դառնում մի խումբ նշանավոր գիտնականների ուսումնասիրությունների համար  և հարուստ նյութ է հանդիսանում:

    1980-ական թվականների երկրորդ կեսին, ի հայտ եկած որոշակի  բարենպաստ պայմաններից օգտվելով,  Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս  Մարտիկյանը և մի խումբ մտավորականներ, քայլեր են ձեռնարկում  Հայ  Մշակույթի Տունը ետ ստանալու համար: 1987թ., Դուդյան Հայ Մշակույթի Տունը վերադարձվեց հայ համայնքին: Գրադարանը նոր կյանք ստացավ: Կամաց-կամաց գրադարակները լցվեցին երբեմնի իրենց տեղը կորցրած գրքերով: 2010թ. սկսյալ, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ ընտրված գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ջանքերով Թեմի մի շարք քաղաքներից Դուդյան Մշակութային կենտրոնում գործող գրադարան և թանգարան են տեղափոխվում բազմաթիվ հնատիպ գրքեր, եկեղեցական սպասքներ ու զգեստներ, կոնդակներ, 400 տարվա Ս. Մյուռոն, որոնց պահպանման համար ստեղծվում են հատուկ պայմաններ: 2011թ. առ այսօր Սրբազանի հրավերով Հայաստանից ու Սփյուռքից Ռումինիա են ժամանել մի շարք նշանավոր հայագետներ ու մասնագետներ, որոնք ուսումնասիրել են ձեռագրերն ու եղած նյութերը, լուսանկարել ու անհրաժեշտության դեպքում նաև նորոգել են վնասված նմուշները: Այսօր էլ Ռումինիայի Հայոց Թեմի հովանու ներքո գործող թանգարանն ու գրադարանը միասին կազմում են մշակութային մի օջախ, որն իր մեջ ներառում է հայոց պատմության, մշակույթի, ինչպես նաև ռումինահայ գաղութի պատմության  տարբեր ժամանակհատվածները:

    shape
    book-shape