shape
ՀԱՅ ԳԻՐՔ

ՀԱՅ ԳԻՐՔ

 

Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է, ով Վենետիկում 1512-1513թթ. հրատարակել է հինգ գիրք՝ «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Աղթարք», «Տաղարան» և «Պատարագատետր»։ Այնուհետև Իտալիայի մյուս քաղաքներում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում գրքեր հրատարակեցին Հովհաննես Տերզնցին ու Սուլթանշահը, Ոսկան Երևանցին, Վանանդեցիները, Գրիգոր Մարզվանեցին, Մխիթար Սեբաստացին և այլ տպագրիչներ: Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը հրատարակվել է Ամստերդամում 1666-1668թթ.։ Ժամանակակից գրականության առաջին տպագիր նմուշը 17-րդ դ. հայտնի պատմագիր Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցն» է՝ տպագրված 1669թ. Ամստերդամում։ Աշխարհաբար առաջին գիրքը՝ «Արհեստ համարողութեանը», լույս է տեսել 1675թ. Մարսելում։ Առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը», տպագրվել է 1695թ. Ամստերդամում Վանանդեցիների կողմից։ Առաջին պարբերականը՝ «Ազդարարը», հրատարակել է Հարություն Շմավոնյանը Մադրասում 1794թ.։ Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին տպարանը հիմնադրվել է 1771թ. Էջմիածնում՝ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից։ «Հայ գիրք» շտեմարանը ներառում է 1512 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր ծագերում տպագրված հայերեն, հայատառ, ինչպես նաև հայերեն ելից տվյալներ պարունակող հայկական բովանդակությամբ, և հայերեն ելից տվյալներ պարունակող ու հայ հեղինակների կողմից ստեղծված այլալեզու գրքերը: Շտեմարանում տեղ են գտել նաև երկլեզվյան ու բազմալեզվյան այն հրատարակությունները, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է /ատլաս, կատալոգ, պատկերագիրք, բառարան/, ինչպես նաև 1512-1800թթ. հրատարակված քարտեզները, հմայիլները, պարբերականները և հայատառ հատվածներ պարունակող այլալեզու հրատարակությունները:

Միայն թվայնացված գրքերը դիտելու համար հարկավոր է փնտրման տողում ընտրել "Գրադարանի քարտարան" (Library Catalog) և մուտք անել կարդալ առցանց արտահայտությունը։

Միայն Հայաստանի ազգային գրադարանում առկա գրքերը դիտելու համար հարկավոր է փնտրման տողում ընտրել "Խորագիր" (Subject) և մուտք անել ՀԱԳ:

Հայաստանի ազգային գրադարանում բացակա գրքերը դիտելու համար հարկավոր է փնտրման տողում ընտրել "Դասիչ" (Call Number) և մուտք անել բացակա բառը։

«ՀԱՅ ԳԻՐՔ» շտեմարանում տեղադրված նյութերը կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով՝ պարտադիր հղում կատարելով Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am կայքին: