shape

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ

 

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցին է: 1998թ. Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն է:
Մինչեւ Պատրիարքության հաստատումը, օսմանյան պետության սահմաններում ապրող հայ համայնքներն ընդգրկված են եղել երեք թեմերում` Սվազի, կենտրոնը` Ս. Նշան վանք, Էնկյուրիի (Անկարա), կենտրոնը` Ս. Աստվածածին կամ Կարմիր վանք, Բուրսա (Պրուսա) – Քյոթահյա (Կուտինա) – Գարամանի, կենտրոնը` Բուրսա: Վերջինիս առաջնորդն էր Հովակիմ եպիսկոպոսը: ԺԴ. դարի սկզբին Կ. Պոլսում գործել են Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, լատինադավան Ս. Նիկողայոս եկեղեցու մի մասը, որը հատկացվել էր հայածես արարողությունների համար: Կ. Պոլսի առաջին Պատրիարքն է եղել Հովակիմ եպիսկոպոսը (1461-1478), որի աթոռանիստն էր Սամաթիայի Ս. Գեւորգ եկեղեցին: 1641թ. ցայսօր Պատրիարքարանը գտնվում է Գումգափուում:
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքներն օժտված են ընդարձակ կրոնական եւ աշխարհական մասնակի իրավունքներով, նրանք տնօրինել են Թուրքիայի վարչական իրավասության ներքո գտնվող հայության կրթությունն ու լուսավորությունը, տպագրության գործը, բարեգործական եւ մշակութային հաստատությունները, պետության եւ համայնքի օգտին հավաքել մասնակի հարկեր: Օսմանյան կայսրության սահմանների ընդարձակմանն ու զորացմանը զուգահեռ ընդարձակվել են նաեւ Պատրիարքության իրավասության աշխարհագրական սահմանները, բարձրացել նրա դերն ու հեղինակությունը, քանի որ պետության տարածքում բնակվող հայության պաշտոնական ներկայացուցիչ է ճանաչվել Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը: ԺԷ. դարի սկզբին պատրիարքության իշխանությունը տարածվել է օսմանյան տիրակալության բոլոր հայաբնակ շրջանների վրա: Սսի կաթողիկոսարանը, Աղթամարի կաթողիկոսությունը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը իրենց առաջնորդության իրավունքը զիջել են Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին: Որոշ ժամանակաշրջան փորձ է արվել ինքնիշխան դիրք գրավել նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ, սակայն դա չի իրականացել, եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունն օրինաչափորեն ընդունել է Մայր Աթոռի գերագահությունը:
1700-ականների վերջերին պատրիարքությունը բաղկացած էր 20, 1834թ.` 36, իսկ 1900թ` 43 վիճակից` 1181 եկեղեցով եւ 132 վանքով: 1997թ. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո եղած 6 վիճակներն են` Հին քաղաքը, Արեւմտյան Բոսֆորը, Արեւելյան Բոսֆորը, Իշխանաց կղզիները, Գավառը, Կրետե կղզին: Դարերի ընթացքում Կ. Պոլսում կառուցված 55 Առաքելական եկեղեցիներից այսօր գործում են 35-ը` Սկյուտարի Ս. Խաչը, Սամաթիայի Ս. Գեւորգը, Ֆերիգյուղի Ս. Վարդանանցը, Ղալաթիայի Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ այլն: Գավառում գործում է 6, Կրետե կղզում` 1 եկեղեցի: Թուքիայի 14 հայկական համայնքնորում եկեղեցի չկա:
Սկզբնական շրջանում Կ. Պոլսի Հայոց Պատրիարքներին նշանակում էր սուլթանը: ԺԸ. դարից սկսած պոլսահայ համայնքն օրեցօր ստվարացել է, հատկապես բարձրացել է ամիրայական դասի հեղինակությունը, ինչը սուլթաններին ստիպել է պատրիարքների նշանակման ժամանակ հաշվի առնել նաեւ նրանց կարծիքը: Ներկայումս Կ. Պոլսի Հայոց Պատրիարքին ընտրում է համայնքների ներկայացուցիչների պատգամավորական ժողովը: 1461թ. ցարդ պատրիարքական աթոռը զբաղեցրել են 84 հոգեւորականներ: Նրանցից չորսը` Մատթեոս Բ. (Մատթեոս Ա. Կոստանդնուպոլսեցի), Գեւորգ Բ. (Գեւորգ Դ. Կոստանդուպոլսեցի), Մկրտիչ Վանեցին (Մկրտիչ Ա. Վանեցի), Մատթեոս Գ. (Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի), ընտրվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս: Կ. Պոլսի հայոց Պատրիարքներ Ներսես Բ. Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Եղիշե Դուրյանը նշանակալի դեր են խաղացել հայոց հասարակական, մշակութային, գիտական, հոգեւոր-եկեղեցական կյանքում:
Արեւմտահայությունը զարթոնք է ապրել Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի, Հակոբ Նալյան, Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի Պատրիարքների պաշտոնավորության ժամանակ: Շուրջ ութ տասնյակ տարիների ընթացքում հիմնվել ու բացվել են դպրոցներ, թանգարան-մատենադարան, տպարան-գրավաճառանոցներ, լույս են տեսել ինքնուրույն ու թարգմանական, կրոնական ու աշխարհիկ բովանդակությամբ տասնյակ գրքեր, կառուցվել են նոր եւ վերակառուցվել մի շարք եկեղեցիներ: Ազգային-հոգեւոր ու մշակութային-կրթական վերելքը շարունակվել է նաեւ ԺԹ. դարում, Պողոս Գրիգորյան Ադրիանուպոլսեցու, Ստեփանոս Աղավնիի, Հակոբոս Գ. Սերոբյանի եւ այլ Պատրիարքների օրոք:
Թուրքիայի հայոց առաջին թաղային, հասարակության միջոցներով պահվող վարժարանը բացվել է 1790թ. Գումգափու թաղամասում: 1834թ. Պատրիարքարանի հովանու ներքո գտնվող գավառներում գործել է 114 հայկական դպրոց: Դարասկզբին Կ. Պոլսում եւ գավառներում գործել է 860 հայկական վարժարան, որտեղ սովորել են շուրջ 90 հազար երկսեռ աշակերտ: Այժմ գավառներում հայկական դպրոցներ չկան, իսկ Կ. Պոլսում գործում է 14 վարժարան, որտեղ սովորում են շուրջ 4000 աշակերտ:
Պատրիարքարանն ի սկզբանե կարիք է ունեցել ազգային ավանդներով կրթված ու դաստիարակված հոգեւորականների: Արմաշի դպրեվանքում, որը ծառայել է այդ նպատակին, սովորել են նշանավոր եկեղեցականներ`Բաբկեն արքեպ. Կյուլեսերյանը, Թորգոմ արքեպ. Գուշակյանը, Զավեն արքեպ. Եղիայանը, Մեսրոպ արքեպ. Նարոյանը, Գարեգին արքեպ. Խաչատուրյանը եւ այլոք: Վերջին երեքը հաջորդաբար եղել են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք: Նույն նպատակին է ծառայում նաեւ Կ. Պոլսի Ս. Խաչ դպրեվանքը, որը հիմնադրել է 1954-ին` Գարեգին Պատրիարք Խաչատուրյանի օրոք: Պատրիարքարանին ենթակա եկեղեցիներում գործող դպրաց դասի երգչախմբերի գործունեությունը նպատակամղված է հայոց ազգային-հոգեւոր երաժշտության անաղարտ պահպանմանը: 1719թ. Հովհաննես Կոլոտ պատրիարքը Մայր եկեղեցուն կից բացել է ցայսօր գործող ինքնուրույն կանոնադրությամբ ղեկավարվող առաջին կազմակերպված դպրաց դասը: Դպրաց դասի երգչախումբը տարբեր ժամանակներում ղեկավարել են Համբարձում Լիմոնճյանը, Արիս Հովհաննիսյանը, Նիկողայոս Թաշճյանը, Գրիգոր Մեհթերյանը, Կոմիտասը, Էդգար Մանասը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլ նշանավոր երաժիշտ-երաժշտագետներ: Առաջին բազմաձայն եկեղեցական երգեցողությունն ու երգեհոնի գործածությունը Մայր եկեղեցում տեղի է ունեցել 1906թ.` Գրիգոր Մեհթերյանի ղեկավարությամբ:
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության գործունեությունն ավելի կանոնակարգված բնույթ է ստացել 1860թ. ընդունված եւ 1863թ. սուլթանի կողմից վավերացված Ազգային սահմանադրության հռչակումից հետո: 1828թ., երբ Արեւելյան Հայաստանը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը թուրքական կառավարության համար ավելի մեծ կարեւորություն ստացավ: Հայ ազատագրական շարժման հարցում Պատրիարքությունը հիմնականում զգուշավոր դիրք է գրավել` աշխատելով չգրգռել թուրքական կառավարությանը, փորձելով դիավանագիտական միջոցներով արեւմտահայությանը զերծ պահել արյունահեղությունից:
Մեծ եղեռնից հետո պատրիարքությունը կորցրել է իր նախկին իրավունքներն ու դերը: Այժմ այն Թուրքիայի հայկական համայնքների հոգեւոր ներկայացուցչությունն է: Իր գործունեությամբ նպաստում է հայ ցրված համայնքների համախմբմանը, նրա ազգային ինքնուրույնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը: Կ. Պոլսի Հայոց Պատրիարքն իր իրավասությունից բխող գործողություններն իրականացնում է կրոնական ժողովի միջոցով: Հինգ հոգեւորականից, երկու ատենադպիրից բաղկացած Կրոնական ժողովը, նախագահում է Պատրիարքը: Նրա նախագահությամբ է գործում նաեւ խորհրդակցական մարմինը, որն ունի երկու փոխնախագահ, ատենադպիր եւ ինն աշխարհական անդամ: 
Պատրիարքարանը 1952թ. հրատարակում է կրոնա-բարոյական, գրական եւ պատմաբանասիրական «Շողակաթ» հանդեսը, իսկ 1996թ.` տեղեկատվական «Լրաբեր» պարբերականը:

 

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կայքի հասցեն է՝  www.turkiyeermenileripatrikligi.org