Լուրեր

Տ. Գարեգին Ա Հովսեփյան. վավերագրեր և արխիվային նյութերը

Տ. Գարեգին Ա Հովսեփյան. վավերագրեր և արխիվային նյութերը

  • 27 Sep 2017
  • Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուների շնորհանդեսը: 
    Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից:


    Գարեգին Ա Հայրապետի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչմանը ձոնված երեկույթը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով: «Բնավ պատահական չէ, այլ աստվածային նախախնամություն է, որ մերազնյա Առաջին հանրապետության ազգային հերոսներից մեկի՝ Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված պատմական կարևորություն ունեցող այս ժողովածուների լույս ընծայումն ու ներկայացումը կանխում է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանները: Մեր Հայրենիքը, մեր Ազգն ու մեր Եկեղեցին այսօր էլ և ցկատարած աշխարհի կարիք ունեն անձնուրաց ու անձնազոհ զավակների, պետական այրերի ու հոգևոր սպասավորների:
    Ամենևին պատահական չէ, այլ Աստծո նախախնամ կամքի համաձայն է, որ մեր Սուրբ Եկեղեցու շնորհազարդ գահակալներից Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսի այս վավերագրական ժառանգությունը հրատարակվում է համաժամանակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Կիլիկիո կաթողիկոսության նստավայր Անթիլիասում», - նշեց Տեր Ասողիկ քահանան իր խոսքում։


    Շնորհանդեսի մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված ֆիլմը, որից հետո ժողովածուների բովանդակությանը և կատարված աշխատանքին անդրադարձավ Հայաստանի ազգային արխիվի աշխատակից, պատմ. գիտ. թեկ. Գոհար Ավագյանը, ում ազնիվ աշխատասիրությամբ պատրաստվել են ներկայացված արժեքավոր հրատարակությունները:

    Հանդիսությանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ: 


    Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի մեծ վաստակի և հիշատակի առջև իր խոնարհումն արտահայտեց Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ «Պատմության մեջ մեծություններ կան, որոնք լույս են դառնում, լույս են մնում պատմության հուշերի դիմաց: Պատմության մեջ մեծություններ կան, որոնք իրենց հոգեմտավոր ստեղծագործությամբ վեր են պատմության հոգուց: Այսպիսին եղավ և այսպիսին մնաց Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսը։ 
    ․․․Պաշտամունքի հասնող սեր ունեցավ հայ մշակույթի նկատմամբ, մեր Եկեղեցու աստվածաբանությունը, հավատքը, ծեսը, մեր ողջ պատմությունը դիտեց և արժևորեց հայ մշակույթի լույսի տակ, որովհետև տեսավ, վերլուծեց, որ մեր ժողովրդի կյանքում Հայաստանը, հայրենիքը, մշակույթը, հավատքը, եկեղեցին սերտորեն ընդելուզված են իրար հետ» , - ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը՝ խոսելով նվիրյալ հովիվ, հանձնառու ուսուցիչ, հայրենասեր, մտավորական և գիտնական բազմաշնորհ Գարեգին Ա Հայրապետի մասին։

    Վավերագրերի շնորհանդեսն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։ Հայրապետական սիրով ողջունելով հանդիսությանը մասնակից հոգևոր դասին և հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Մեր Սուրբ Եկեղեցին, որ դարերի հոլովույթում հաճախ է դիմագրավել նեղությունների, գործել պատմական ու քաղաքական դժվարին պայմաններում, շնորհիվ առաքինազարդ Հայրապետների՝ փառքով է վերհառնել փորձություններից ու շարունակել տերունապատվեր իր առաքելությունը: Ահա այսպիսի մեծանուն Կաթողիկոսներից է Գարեգին Ա Հովսեփյանը, ում անունն արձանագրված է մեր նոր ժամանակների պատմության կարևոր իրադարձությունների բարձրակետում...»:

    Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մատենադարանի աշխատակիցներ, գիտնականներ և ճեմարանականներ։

    shape
    book-shape