Համագործակցություն

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան

  • 25 Jan 2018
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1922 թ-ին` 190 կտոր գրականության ֆոնդով:

    Հանրային գրադարանից (հետագայում` Ալ.Մյասնիկյանի անվան, ներկայումս` ՀՀ ազգային գրադարան) և Երևանի պետական համալսարանից նորաստեղծ գրադարանին տրամադրվել է շուրջ 4000 օրինակ գիրք: Առաջին գրադարանապետ Մուշեղ Գասպարյանի ջանքերով Սբ.Էջմիածնի Մատենադարանից բերվել է ևս 1000 օրինակ հայագիտական և պատմագիտական գրականություն: Նա գործուղվել է Մոսկվա, հանդիպել Ն.Կ.Կրուպսկայային և խնդրել գրադարանին պարբերաբար տպագիր արտադրանքի իրավունք վերապահել: 1937-1939 թթ-ին գրադարանը մտցվել է գրադարանների այն ցուցակի մեջ, որոնք ստանում էին անվճար և վճարովի պարտադիր օրինակներ Մոսկվայի և Երևանի գրապալատների միջոցով:

    Առաջին գրադարանապետին փոխարինել են տնօրեններ, Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետի շրջանավարտ Դուխիկ Մովսիսյանը  (մինչև 1961 թ-ը, նրա օրոք գրքային ֆոնդը հասել է 134.000-ի), ՀԽՍՀ վաստակավոր գրադարանավար Ադրինե Աբելյանը (1961-1995 թթ-ին), Տիգրան Հովհաննիսյանը (1995-2009 թթ-ին):

    1972 թ-ին գրադարանն ուներ 400.000 կտոր գրականություն: 2011 թ-ի հունվարրի 1-ի դրությամբ գրադարանն ունի ավելի քան 630.000  օրինակ գիրք, որից 325.000-ը` ուսումնական, 240.000-ը` գիտա-տեղեկատվական, 65.000-ը` գեղարվեստական:

    Գրադարանն ունի 24 օրինակ հնատիպ,ավելի քան 3000 արժեքավոր գիրք,768 նախախորհրդային հայկական ամսագիր: Գրադարանի մատենագրության բաժնում պահվում է 702 ատենախոսություն և 758 սեղմագիր: Գրադարանը ստանում է 17 անուն թերթ ու 82 անուն գիտատեսական ամսագիր:

    2011 թ-ի հունվարի 1-ի դրությամբ գրադարանն ունի շուրջ 18000 ընթերցող: Գրադարանի ընթերցողների սպասարկումն իրականացվում է երկու աբոնեմենտների, ընթերցասրահի, գիտական կաբինետի միջոցով, զգալի տեղ է հատկացվում էլեկտրոնային տեղեկատվությամբ ապահովմանը գիտական կաբինետում տեղակայված և համացանցին միացված երեք համակարգիչների միջոցով: Գրադարանի գրքային ֆոնդի հարստացումը կատարվում է հիմնականում համալսարանի միջոցներով, ստանում ենք նաև բազմաթիվ նվիրատվություններ:

     

    Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի կայքէջն է՝ www.mankavarzh.do.am

     

    shape
    book-shape