Համագործակցություն

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

  • 31 Aug 2017
  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:

    «Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու: Այսօրվա հայի գիտակցության մեջ այն ընկալվում է և' որպես ժողովրդական կենսափորձի, և' որպես իմաստնության խտացում`նրանում տեսնելով իր հավերժության առհավատչյան:

    Մատենադարանն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունն իր առանձին ժանրերով: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից, ինչի մասին վկայում է Ղազար Փարպեցին:   Բացի Էջմիածնից, Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։

    Էջմիածնի կաթողիկոսական Մատենադարանի և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների գրչության կենտրոններում ստեղծված ու պահպանված ձեռագրերի հիմքի վրա էլ ձևավորվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Սակայն այն, ինչն այսօր պահվում է Մատենադարանում, հայերեն պահպանված ձեռագրերի մի մասն է կազմում, քանի որ դարերի ընթացքում բազմաթիվ ձեռագրեր ոչնչացվել և առևանգվել են: Այդ մասին վկայում են տարբեր պատմիչներ. Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ 1170 թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և այրել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր: Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242 թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298 թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ., որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին։

    Հայալեզու ձեռագրերի բնաջնջման նոր ալիք է բարձրացել հատկապես Հայոց Ցեղասպանության տարիներին: Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոններին զուգընթաց ոչնչացվել են հազարավոր ձեռագիր մատյաններ։ Նշանակալի էր Կտուց Անապատի կրած վնասը, որտեղ մինչև 1915 թ. պահված մոտ 500 ձեռագրերից Մատենադարան է տեղափոխվել միայն 202։ Բազմաթիվ ձեռագրեր էլ փրկվել են Եղեռնից մազապուրծ հայերի անձնուրացության  շնորհիվ` հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում։ Ժամանակի ընթացքում «գաղթական» դարձած ձեռագրերի մի զգալի մասը վերադարձել է հայրենիք` հանգրվան գտնելով Երևանի Մատենադարանում:

    Էջմիածնի Մատենադարանը, որի հիմքի վրա ձևավորվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին, որից միայն երկու տարի անց` 1922 թ. ապրիլին, Մոսկվայից Հայաստան է վերադարձվել 4060 ձեռագիր: Վերջիններս 1915 թվականին Ամենայն Հայոց Գևորգ Ե Վշտակիր կաթողիկոսի նախաձեռնությամբ Մոսկվա էին ուղարկվել պատերազմական արհավիրքներից զերծ մնալու համար։ Շուտով Մատենադարանում են  հանգրվանել նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Երևանի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագիր հավաքածուները։ Զգալի քանակությամբ ձեռագրեր են բերվել Էրզրումից, Նոր Նախիջևանից, Աստրախանից և այլ վայրերից։

    Էջմիածնից Մատենադարանը Երևան է տեղափոխվել 1939 թ. և տեղակայավել է Հանրային գրադարանում: 1945 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել է շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1957 թ. և Մատենադարանը հաստատվել է նորակառույց շենքում: 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային  Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է  գիտահետազոտական ինստիտուտի` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրման, հրատարակության և թարգմանության բաժիններով. 1962 թ. այն անվանակոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։

    Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարատարապետ Արթուր Մեսչյանն է:

    Մատենադարանում կենտրոնացված շուրջ 23.000 ձեռագիր միավորներն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, գուշակային գրականություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն:  Այստեղ հայերենից բացի պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարյան թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք չեն պահպանվել մայր լեզուներով անգամ  և հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։   Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ, Մատենադարանը շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը` նվիրատվությունների և գնման ճանապարհներով: Մատենադարանի նվիրատուներ են հանդիսանում նյութական աջակցություն կատարող կամ ձեռագիր նվիրաբերող անձինք: Նվիրատուների անուններն արձանագրվում են Նվիրատուների տոմարում: Նրանք պարբերաբար տեղեկատվություն են ստանում Մատենադարանի նորությունների մասին, հրավիրվում են հատուկ հանդիսությունների: Մատենադարանի կողմից նվիրատուներին հանձնվում է հատուկ վկայական և որպես խորհրդանշական նվեր՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» նմանահանության թանկագին օրինակ, պարգևատրվում են «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

    Հիշատակելի են մեծ նվիրատուների անունները. Հարություն Հազարյանը Նյու Յորքից, որ նվիրել է 395 հայերեն և օտար լեզուներով ձեռագրեր, Ռաֆայել Մարկոսյանը Փարիզից` 37 ձեռագիր, Վարուժան Սալաթյանը Դամասկոսից` ավելի քան 150 ձեռագիր, Արշակ Տիգրանյանը Լոս Անջելեսից, Կարպիս Ջրբաշյանը, Գևորգ Բաքրջյանը, Վարդերես Կարագյոզյանը Փարիզից,  Ավո Հովհաննիսյանը և Գրիգոր Աղազարյանը Նոր Ջուղայից, Միհրան Մինասյանը Հալեպից, Սուրեն Բայրամյանը Կահիրեից, ինչպես նաև «Փյունիկ» համազգային բարեգործական հիմնադրամը` համանախագահությամբ Գաբրիել Չեմպերճյանի և Լևոն Սարգսյանի: Ռուբեն Գալչյանը Լոնդոնից Մատենադարանին է նվիրել հին քարտեզների, ատլասների և գրականության անձնական հավաքածուն և շատ ու շատ ուրիշներ: 95-ամյա Տաճատ Մարկոսյանը Իրանի Նոր Ջուղայի շրջանի Ղարղուն գյուղից 1969 թ. Մատենադարան է ուղարկել 1069 թ. Նարեկա վանքում ընդօրինակված մի մատյան, որի համար հիմք է ծառայել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով 5-րդ դարում գրված Ավետարանը:

     

    Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կայքէջն է՝ www.matenadaran.am

     

    shape
    book-shape