shape

Քառասնորդական պահքի Գ կիրակի Անառակի կիրակի

  • 28 փետրվարի, 2021 թ.
  •  

    Մեծ պահքի երրորդ՝ «Անառակի կիրակին» մատնանշում է Հիսուս Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակը» (Ղուկաս 15:11-32): Այս առակում նկարագրվում է մեղսալից կյանքով ապրած անառակ որդու զղջումը և ապաշխարությամբ վերստին դեպի Հայրը դառնալը:

    Անառակ որդու առակը զետեղված է միայն Ղուկասի Ավետարանում: Հիսուս Քրիստոս, յուրաքանչյուրին հորդորելով ապաշխարել, պատմում է, թե մի մեծահարուստ մարդ երկու որդի ուներ, որոնցից կրտսերը, հորից պահանջելով հայրական ունեցվածքի իրեն հասանելիք ժառանգության բաժինը, այն վաճառում է և ձեռք բերած գումարը վատնում հեռու մի երկրում:

    Անկարգ ու շվայտ կյանքը հասցնում է նրան աղքատության շեմին: Բարոյականությունից զուրկ, սանձարձակ վարքով, շվայտ կենցաղով, անհեռատես ու անհաշիվ անառակ որդին մատնվում է թշվառության: Սպառելով հայրական ունեցվածքը՝ հարկադրված ծառայության է անցնում որպես խոզապահ, ում արգելված էր անգամ կենդանիներին տրվող եղջերենու պտուղն ուտել: Անառակ երիտասարդը, լքված ու զրկված երկրավոր հացից, ճաշակում էր առանձնության դառնությունը: Այդ ժամանակ, թշվառության մեջ հայտնված և օտար ագարակում խոզերով շրջապատված կրտսեր որդին, վերհիշելով իր նախկին կյանքը՝ հայրական ապահով ու խաղաղ հարկի տակ և դրան հետևող իր մեղսալից կյանքը, ասում է. «Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը» (Ղուկաս 15:17-19): Օտարության մեջ աշխարհը նրա համար դարձել էր աղքատության և մեղքի աշխարհ:

    Անառակ որդին, խոր զղջում ապրած իր գործած արարքի համար, որոշում է վերադառնալ հոր մոտ և խոստովանել այդ մասին:

    Այս մտածումով, կամքի հաստատ որոշմամբ և սրտի խոնարհ արիությամբ մեղքի բեռան տակ կքած ուժասպառ որդին գնաց տուն: Մինչ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց: Վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով, համբուրեց նրան: Որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս 15:21): Հայրը, սակայն, վերահաստատում է նրա իրավունքները, ցուցաբերում անսահման գթասրտություն ու ներողամտություն և ի պատասխան ավագ որդու բողոքին, թե ինչո՞ւ է ուրախությամբ և պատվով ընդունում հայրական ունեցվածքը վատնած անառակին, ասում է. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:32): Այս պատասխանի մեջ է խտացած առակի բարոյական ողջ իմաստը:

    Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, անառակը՝ մեղուցյալ մարդկությունը, հայրական տունը՝ եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Աստծուց հեռանալը և մեղքին տրվելը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից մեղքով զրկվելը, սաստիկ սովը՝ ոգու սովը, որն աստվածային գիտության և առաքինի վարքի պակասությունն է, աստվածային խոսքին ու շնորհին վերստին ձգտելը՝ զղջմամբ ու ապաշխարությամբ առ Աստված դառնալը:

    Ավագ որդու մասին հիշատակությունը վերաբերում է այն հրեաներին, որոնք զայրույթով ու վրդովմունքով էին տանում մեղավորների ու հեթանոսների հանդեպ ունեցած Հիսուս Քրիստոսի կարեկցական վերաբերմունքը և, որպես հին ուխտի ներկայացուցիչներ, «հրաժարվում Երկնքի Արքայություն մտնել»:

    Սատանան, կամենալով անարգել մարդուն, անառակ որդուն ուղարկեց խոզեր արածեցնելու: Սատանայի ագարակն այն վայրն է, ուր կան ծառեր, որոնք երկնավոր Հայրը չտնկեց, և ուր կան խոզեր, որոնք տրորում են մարգարիտը: Նա խոզեր էր արածեցնում, այսինքն՝ այնպիսիներին, ովքեր մարմնական ցանկություններն են կատարում և թավալվում են մարդկային ախտի ժանտահոտության մեջ, նաև այնպիսիներին, ովքեր պիղծ հոգով են լցված և պարարտացնում են մարմինը, բայց ոչ՝ հոգին, քանզի խոզը բղջախոհների օրինակն է: Դևերը մարդկանց մղում են բղջախոհության, որովհետև սա մարդկանց սրտերն ամբողջովին շրջում է Աստծու սիրուց: Սա է պատճառը, որ դևերն ավելի շատ բնակվում են բղջախոհների մեջ, քան մյուսների: Եվ այս պատճառով դևերը խնդրեցին Տիրոջից բնակվել խոզերի մեջ (տե՛ս Մատթեոս 8:31):

    Ընդունելով տուն դարձած որդուն՝ հայրն ասում է. «Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկնե՛ր, բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք, ուտենք և ուրախ լինենք» (Ղուկաս 15:22-23):

    Նախկին պատմուճանը հագցնելը խորհրդանշում է, որ զղջմամբ և ապաշխարությամբ անառակը արժանի դարձավ այն լուսեղեն պատմուճանին, որն Ադամն ու Եվան կրում էին դրախտում մինչև պատվիրանազանցությունը: Նույնը վերաբերում է կոշիկներին ու մատանուն: Կոշիկները խորհրդանշում են հավատի ամրությունը, քանի որ օձը գայթակղիչ է, մարդու գարշապարն է խայթում: Ուստի որքան ամուր լինի կոշիկը, այնքան մարդն ավելի հաստատուն հավատով կդիմակայի գայթակղության խայթոցին: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ ստրուկներն իրավունք չունեին կոշիկ հագնելու և մատանի կրելու: Ուստի դրանք անառակին տալը խորհրդանշում է մեղքի ստրկությունից նրա ազատագրվելը: Մատանին խորհրդանշում է նաև թագավորական իշխանությունը: Ինչպես դրամի, այնպես էլ մատանու վրա որպես կնիք պատկերվում էր թագավորը, հետևաբար մատանու հանձնելը խորհրդանշում է աստվածային պատկերի վերականգնումը, որը խաթարվել էր Ադամի պատվիրանազանցությամբ:

    «…Բերեք պարարտ եզը, մորթեցեք» խոսքերը խորհրդանշում են Հայր Աստծո Իր միածին Որդուն որպես բանական զոհ և պատարագ երկիր ուղարկելը:

    Առակի վերջում ուրախանալու հրավեր է ուղղվում. «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15:32):

    Անառակի կիրակին մեզ ուսուցանում է, որ ճշմարիտ զղջմամբ և ապաշխարությամբ կարող ենք մխիթարվել Աստծու հայրական գթառատ սիրով և ուրախությամբ ընդունվել Նրա արքայության մեջ:

    Մարդկային խոր ապրումներով և հոգեբանական անակնկալ շրջադարձերով հարուստ այս առակը ոգեշնչել է ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ կյանքով ապրողներին. տարբեր ժամանակներում այն ունեցել է տարբեր դրսևորումներ թե՛պատկերագրության, թե՛ գրականության, թե՛ քանդակագործության մեջ…Համաշխարհային արվեստում ինչպես «Պայծառակերպությունը» կապվել է Ռաֆայելի, իսկ «Խորհրդավոր ընթրիքը» Լեոնարդոյի, այնպես էլ «Անառակ որդու վերադարձը» կապվել է Ռեմբրանդտի անվան հետ:

     

    Կազմեց Կարինե Սուգիկյանը

     

     Եսայի 54.11-55.13

     Բ Կորնթացիներ 6.1-7.1

     Ավ. ըստ Ղուկասի 15.1-32

    shape
    book-shape