shape
Մատենադարանի մասին

Մատենադարանի մասին

 

 

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր կառույցներից է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, որի արմատները հասնում են խոր միջնադար:

      Նոր շենքի հիմնարկեքը կատարվել է 2009 թ. սեպտեմբերի 22-ին, պաշտոնական բացում՝ 2012 թ. hոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ս. Էջմիածնի մատենադարանի բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, որոնց անունով էլ կոչվում է նորակառույց հաստատությունը՝ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան:

     Մատենադարանի շենքը երկհարկ քարակերտ կառույց է՝ նկուղային հարկով: Յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քմ է, նկուղինը՝ 1000 քմ: Նկուղային հարկում տեղավորված են գրապահոցները և օժանդակ սենյակները, առաջին հարկում՝ նախասարահը, վարչական մասը, ընթերցասրահը, հանդիասրահը և ցուցասրահները: Երկրորդ հարկում գիտական աշխատասենյակներն են, հնատիպ գրքերի ընթերցասրահը, յուրօրինակ հանդիսասրահը՝ նախատեսված միջազգային գիտաժողովների համար, խորհրդակցությունների սենյակը և ցուցասրահը:

      Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքը դեռևս Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի գահակալության շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմավորված գրադարանն է, Գարեգին Ա երանաշնորհ հայրապետի անձնական գրադարանային ֆոնդը, Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից նվիրաբերված օտարալեզու բացառիկ կրոնագիտական գրականությունը: Նորաբաց մատենադարանում մեկտեղվել են Մայր Աթոռի տարբեր գրադարանների (Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց)` մինչև 1930թ. հրատարակված բոլոր գրքերը: Մատենադարանում պահվում է հայագիտական և աստվածաբանական շուրջ 100․000 միավոր գրականություն (2003 թվականին մոտավորապես 5.000 էր): Այստեղ նաև հավաքված են Աստվածաշնչի գրեթե բոլոր հնարավոր հրատարակությունները:

    Շենքային նոր պայմանները, տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով զինված լինելը հնարավորություն են տալիս ինչպես հայ, այնպես էլ այլազգի գիտնականներին, հոգևորականներին ու պարզապես ընթերցասեր հանրությանն իրենց ուսումնասիրություններն ու աշխատանքները կատարելու, օգտվելու Մայր Աթոռի մատենադարանի հարուստ ժառանգությունից, ինչպես նաև կապ հաստատելու այլ մատենադարանների, գրադարանների ու գրապահոցներ և թանգարանների հետ:

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը մեր գիտամշակութային կյանքում մեծ դեր ունեցող օջախներից է: