shape

Կարմիր կիրակի

  • 25 ապրիլի, 2021 թ.
  •  

    Հինանց շրջանի գունագեղ կիրակիներից Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին Կարմիր է կոչվում՝ «զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրն Կիրակի»: Այս անվանումը ունի ժողովրդական ծագում: Կարմիր կիրակին նահատակաց կամ սրբոց կիրակի էլ է կոչվում:

    Եկեղեցում այս գունագեղ անվան հետ կապված որևէ արարողություն չի կատարվում, որևէ շարական չկա: Թերևս ըստ սովորության որոշ եկեղեցիներում Կանաչ և Կարմիր կիրակիներին արտաքին փոփոխություն է նկատվում. եկեղեցու վարագույրը, պատարագչի զգեստը, դպիրների շապիկը կանաչ և կարմիր են լինում օրվան համապատասխան: Իսկ որոշ գավառներում և գյուղերում, ըստ գունագեղ կիրակիների, կանաչ կամ կարմիր են հագել:

    Կարմիր կիրակին իր այլաբանական բացատրությամբ խորհրդանշում է Քրիստոսի արյամբ ծաղկած կիրակի և Նրա արյամբ հաստատված եկեղեցի:

    Կարմիր կիրակին, ըստ ոմանց, նվիրված է ավետարանական այն պատմությանը, թե ինչպես Հիսուս հերթական անգամ երևաց աշակերտներին Տիբերիայի լճի ափին: Պետրոսը վերականգնվեց իր պաշտոնում. Քրիստոս նրան երեք անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրու՞մ ես ինձ»: Պետրոսը երեք անգամ պատասխանեց Հիսուսին՝ վստահեցնելով. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Ի պատասխան այդ վստահեցմանը՝ Տերը երեք անգամ էլ Պետրոսին հանձնարարեց. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհաննես 21:1-19):

    Կարմիր գույնի խորհրդանիշներին անդրադառնալով՝ տեղեկանում ենք, որ Եսայի մարգարեն այն որպես հաղթական գույն է համարել. «Ո՞վ է սա, որ սուրալով գալիս է Եդովմից, որի զգեստները Բոսորի կարմրությունն ունեն, գեղեցիկ պատմուճանով և հուժկու զորությամբ…ինչո՞ւ կարմիր են զգեստներդ հնձանահարի հանդերձների նման» (Եսայի 63:1-2):

    Կարմիրը ոչ միայն հաղթանակի, այլ նաև պայքարի խորհրդանիշն ունի: Մարտական դրոշները, պայքարները և հերոսները բնորոշվել են կարմիր մակդիրով: Քրիստոնյայի համար սովորական է դարձել այն ասույթը, որ ասում է. «Կյանքը պայքար է»: Նա ամեն օր, պայքարելով մեղքի և չարի դեմ, ընթանում է պայքարի ուղով: Այդ ուղին նեղ է և անձուկ, բայց առաջնորդում է դեպի Կյանք և Հաղթանակ: Նա մկրտության և դրոշմի խորհուրդներով օժտվում է հոգևոր կենսական նոր սկզբունքով, ստանում է անհրաժեշտ զորությունը և կարողությունը պայքարելու ապականիչ այն չար ուժերի դեմ, որոնք սպառնում են խաթարել, տկարացնել կամ սպանել իր հոգևոր կյանքը: Քրիստոնյան ուժեղ մարտիկի կերպար է, նրա համար օտար են վախը, թուլությունը, հուսահատությունը: Չարի դեմ պայքարում նա ոտքից գլուխ Աստծո սպառազինությունն է կրում: Նրա մեջքը ամրապնդված է ճշմարտությամբ, հագին արդարության զրահն է, նրա կոշիկը խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունն է: Իսկ հավատի վահանով հանգցնում է չարի արձակած բոլոր մխացող նետերը, ունի նաև փրկության սաղավարտ, Սուրբ Հոգու սուր, որն Աստծո խոսքն է (Եփեսացիներ 6:10-17): Պողոս առաքյալը այդ պատերազմը համարում է բարի, քանի որ հավատարիմ և համբերատար մարտիկին վերջում սպասում է արդարության պսակը, որը Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում տալու է դատաստանի օրը բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն (Բ Տիմոթեոս 4:7-9):

    Քաջ լինելու և անվախորեն պայքարելու մասին անգամ բնությունն է մեզ հիշեցնում: Նոր վերազարթնած բնությունը պայքարի է ելնում ցրտի, խստաշունչ հովի, եղյամի, որդի և այն ամենի դեմ, որ սպանում են կյանքը: Գուցե նորաբաց բողբոջների մի մասը սառեն եղյամից, կամ թափվեն կարկուտից, բայց ծառը, պտղաբերելու հույսով, շարունակում է իր գոյությունը:

     

    Կազմեց Կարինե Սուգիկյանը

     Ավ. ըստ Ղուկասի 9.18-36

     Գործք 13.16-43

     Ա Պետրոս 5.1-14

     Ավ. ըստ Հովհաննեսի 5.19-30

     Ավ. ըստ Մատթեոսի 11.25-30

     Ավ. ըստ Մարկոսի 4.26-34

    shape
    book-shape