shape

Կոստանդնուպոլսի Սբ. ժողովի 150 հայրապետների (381թ.) հիշատակության օր

  • 13 փետրվարի, 2021 թ.
  •  

    Տիեզերական ժողովը քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հատուկ հավաք է, որը տեղի է ունենում մեկ ընդհանուր հավատքի վկայության, հավատքի ուսմունքի ճշմարտությունների հաստատման համար, որոնք եկեղեցուն են տրվել հայտնությամբ, ուստի և, անկասկած, հավաստի են: Նվիրված են եղել հիմնականում դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների դեմ պայքարի խնդիրներին: Նաև հաստատելու համար կանոններ, որոնք պարտադիր են ողջ եկեղեցու և համաեկեղեցական կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար: Տիեզերական ժողովները հրավիրվել են այն ժամանակ, երբ Ընդհանրական եկեղեցու միասնությանը վտանգ է սպառնացել: Ամբողջ տիեզերական եկեղեցում տիեզերական ժողովը միակ գերագույն հեղինակությունն է հավատքին վերաբերող հարցերում և նրա տիեզերական օրենսդրության միակ մարմինը: Ժողովի ձևակերպումներն ու կանոնները բնույթով անմեղսունակ են: Ժողովի որոշումները տարածվում են բոլոր տեղական եկեղեցիների վրա մեկընդմիշտ: Ժողովների իշխանության հեղինակությունն ու անսխալականությունը հիմնավորվում են ինչպես տիեզերական եկեղեցու կողմից նրա ներկայացուցչության, որի գաղափարներն արտահայտվում են նրա ձևակերպումների մեջ, այնպես էլ և առավելապես հավատով առ այն, որ նրա միջոցով և նրա մեջ գործում է Աստծո Հոգին:

    Հայ եկեղեցին ընդունում է երեք տիեզերական ժողովներ՝ Նիկիայի Ա (325թ.), Կ. Պոլսի Բ (381թ.) և Եփեսոսի Գ (431թ ) և այդ ժողովների դավանաբանական բանաձևերն ու կանոնները:

    370-380-ական թվականներին եկեղեցու առջև դրվում է մի հարց՝ Սուրբ Հոգին Աստվա՞ծ է, թե՞ արարած: Ս. Աթանասը 359թ-ին Սերապիոնին ուղղած նամակում ջատագովում է Ս. Հոգու համագոյությունը Հայր Աստծո հետ: Աթանասի այս վարդապետությունը որդեգրում են բազմաթիվ եպիսկոպոսներ: Ստեղծվում է նաև հակադիր հոսանքը, որ Կ. Պոլսի Մակեդոն եպիսկոպոսի գլխավորությամբ մերժում էր Ս. Հոգու Աստվածությունը և կատարյալ անձնավորությունը: Ըստ Մակեդոնի՝ Սուրբ Հոգին որևէ հաղորդություն չունի Հոր և Որդու հետ, այլ օտար է նրանց տերությունից: Մակեդոնի վարդապետությունը ծագել է արիոսականությունից: Արիոսը Որդուն արարած էր համարում և ոչ էակից Հայր Աստծուն, իսկ Ս. Հոգին, ըստ Մակեդոնի, բխում է Որդուց, և քանի որ Որդին Աստված չէ, Ս. Հոգին ևս չէր կարող Աստված լինել: Սրանից հետևեցնելով, Մակեդոնը քարոզում էր, որ Ս. Հոգին Որդուց բխելով՝ Աստված չէ, այլ Որդու արարչագործություն: Իսկ Ս. Հոգին Հայր Աստծուց բխելը չէր ընդունում: Սրանով Մակեդոնը Սուրբ Երրորդության խորհուրդն էր մերժում և երեք անձերի համաբնույթ լինելը: Թեպետ այս հոգեմարտ հայհոյիչը չարաչար մահով մահացավ, սակայն իր աղանդը մնաց իր հետևորդների մեջ, որոնք մակեդոնյանք կոչվեցին: Նրանք բոլորը միաբան մերժում էին Ս. Հոգու աստվածությունը, և այս պատճառով անվանվեցին հոգեմարտ:

    Թեոդոսիոս Մեծ կայսեր (379-395) հրամանով 381թ-ին գումարվում է Կ. Պոլսի Բ տիեզերական ժողովը: Ժողովին մասնակցում էին Արևելքի եկեղեցիների 150 եպիսկոպոսներ, որոնց մեջ կային նշանավոր և իմաստուն հայրեր՝ Ս. Գրիգոր Նազիանզացին, Ս. Գրիգոր Նյուսացին, Անտիոքի հայրապետ Ս. Մելիտոսը, Երուսաղեմի Կյուրեղ հայրապետը, Ալեքսանդրիայի Տիմոթեոս հայրապետը և ուրիշներ: Ժողովը նախ հաստատում է Նիկիայի դավանությունը Որդու մասին, ապա սահմանում Ս. Հոգու աստվածությունը և Ս. Երրորդության համար որդեգրում «Մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Նիկիայի ժողովի Հավատո հանգանակին ավելացվում է նաև Ս. Հոգու հատվածը: Երեսուն մակեդոնյան եպիսկոպոսներ, որոնք մերժեցին ընդունել այս հանգանակը, ժողովից դուրս վտարվեցին և զրկվեցին Ս. Հաղորդություն ստանալուց: Թեոդոսիոս կայսրը խիստ հրահանգեց բոլոր եպիսկոպոսներին հետևել ժողովի որոշումներին: Ժողովը նզովեց 4-րդ դարի բոլոր աղանդավորներին: Թեև Հայ եկեղեցին չմասնակցեց այս ժողովին, սակայն ընդունեց նրա որոշումները:

    Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Կ. Պոլսի ժողովի և 150 հայրապետների հիշատակը տոնում է Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը:

     

    Կազմեց Գայանե Սուգիկյանը

     

     Եզեկիել 3.16-19

     Բ Կորնթացիներ 6:1-14

     Ավ. ըստ Մատթեոսի 12:22-32

    shape
    book-shape