shape

ՄԵԾ ՊԱՀՔ` ՕՐ ԻԴ (24)

  • 07 մարտի, 2018 թ.
  •  

    Տեր Հիսուս կոչ է անում բարեպաշտական սովորությունները (ողորմություն, աղոթք, պահեցողություն) ապրել ըստ նպատակի, որը Աստծուն հաճելի լինելն է: Սա լավ երևում է «կեղծաւոր» բառի եռակի կիրառությամբ, որը բնորոշում է իրական բարեպաշտության հակոտնյա կեցվածքը: Գրաբար «կեղծաւոր» բառը թարգմանությունն է հունարեն «հիպոկրիտես» եզրույթի, որը նախնական իմաստով «դերասան» է նշանակում: Բարոյագիտության մեջ այն ստանում է բացասական իմաստ և բնութագրում է այն մարդուն, որն իրեն դրսևորում է այլ կերպ, քան փորձում է ցույց տալ: Կեղծավորները նրանք են, ովքեր ձևացնում եմ, թե իրենց կյանքի առանցքում Աստծուն են տեղ հատկացնում, այնինչ իրականում կենտրոնացած են իրենք իրենց վրա: Այսօրինակ անձինք մարդկանց կողմից փառաբանություն են փնտրում: Հետևաբար, դերասաններ են այն իմաստով, որ թատրոնի են վերածում իրական կյանքը:

    Կեղծավորների համար անցողիկ սնափառությունից այն կողմ այլևս ոչինչ չի մնում: Մարդկային ժամանակավոր փոխհատուցման նպատակով արված բարեպաշտական արարքը կորցնում է աստվածային և հավիտենական ներհատուկ վարձատրությունը: Իսկ ով բարեպաշտական արարքները կատարում է Աստծո համար, առանց փոխհատուցման ակնկալիքի, վարձատրվում է: Այսու, ի պատասխան մարդկային բարեպաշտական արարքների, որոնք իրագործվում են ուղիղ և ոչ ցուցադրական նպատակով, տրվում է հարաբերության փոխադարձություն Հոր կողմից: Բարեպաշտական այս ճշմարիտ արարքները տալիս են իրենց բնորոշ պտուղները. Աստված փոխադարձում է այն հարաբերությանը, որը հաստատվում է իր հետ: Փոխհատուցումը, այս դեպքում, Հայր-որդի հարաբերության զարգացումն է.

    shape
    book-shape