shape

Մեծ պահքի ԻԷ օր Սեբաստիայում նահատակված քառասուն սուրբ մանուկների հիշատակության օր

  • 13 մարտի, 2021 թ.
  •  

    Սրանք քառասուն քրիստոնյա զինվորներ էին, որոնք ծառայում էին Կապադովկիայի կայսերական բանակում: Լիկյանոսը խախտելով Կոստանդիանոսի հետ ստորագրած ազատ դավանության հրովարտակը, իր սահմանների քրիստոնյաներին կրկին սկսում է հալածել: Այդ շրջանի դատավորն իր մոտ է կանչում այս քառասուն զինվորներին և սկսում գովել նրանց անցյալի քաջագործությունները և խոստանում էլ ավելի մեծամեծ փառք ու պատիվների արժանացնել, եթե հնազանդվելով կայսրական հրամանին հրաժարվեն քրիստոնեությունից: Քաջարի զինվորների խոսնակ Կանդիտոսը պատասխանում է. «Եթե ձեր ասածի պես, այդքան քաջությամբ ծառայեցինք երկրավոր թագավորին, կարծում եք երկնավոր թագավորին համար նույնը չպիտի՞ անենք»: Դատավորը խիստ չարչարանքներով սպառնաց նրանց և մտածելու ժամանակ տալով՝ բանտ ուղարկեց, որտեղ նրանք սկսեցին երգել «Իմ աչքերը դեպի բարձունքները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» սաղմոսը: Այդ նույն գիշերվա մեջ Փրկիչը նրանց երևալով ասաց. « Լա՛վ սկսեցիք, ջանք թափեք, որ լավ էլ ավարտեք, շարունակեք պահել ձեր հավատքը կատարելապես: Հաղթանակի պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»: Հաջորդ օրն իրենց հրամանատարը գալով հորդորեց թողնել քրիստոնեությունը և վերադառնալ բանակ, որտեղ իրենց փայլուն ապագա է սպասվում: «Մեր ապագան արդեն իսկ որոշված է երկնքում», - գոչեցին միբան: Հրամանատարը որպեսզի դաստիարակի նրանց, իր մոտ կանգնածներին հրամայեց ատամները փշրելու աստիճան հարվածեն բերաններին, բայց հարվածողների ձեռքերը փշրվեցին: Քառասուն վկաների առաջնորդը բարձրաձայն արտասանեց և խումբն էլ կրկնեց Քրիստոսի այս խոսքերը. «Ով որ ինձ հավատում է, թեպետ և մահանա՝ կապրի»,- և խոսքը շարունակելով դիմեց ընկերներին,- «Մեր հավատքը ամուր պահենք և չարչարանքներից չվախենանք, որոնք ժամանակավոր են, քաջաբար պայքարենք հավերժական պսակներին արժանանալու համար»:

    Հաջորդ օրը նրանց դատավորի մոտ տարան և երբ նա տեսավ, որ զինվորներն իրենց հավատքի մեջ անդրդվելի են, հրամայեց Սեբաստիային մոտ մի լճի մեջ նետեն նրանց, որը գիշերը սկսեց սառցակալել: Լճի մոտ պատրաստել էր տվել մի տաք սենյակ, որ մտափոխվողները գնան այնտեղ: Արդարև նրանցից մեկը, չդիմանալով իրենց մարմիններն ավիրող սառնությանը, լճից դուրս գալով՝ վազեց դեպի տաք անկյունը: Սակայն նույն պահին էլ խեղճը մահացավ՝ այսպես թե այնպես զրկվելով թե՛ երկրավոր և թե՛ երկնավոր կյանքից: Գիշերը լիճը լույսով ողողվեց և յուրաքանչյուր նահատակի գլխավերևում թագեր երևացին: Պահապաններից մեկն այնպես ազդվեց այս հրաշալի տեսիլքից, որ հավատաց քրիստոնեական կրոնի ճշմարտությանը, հանեց իր զգեստները և վազելով դեպի լիճը՝ գրավեց դասալիք զինվորի տեղը և գոչեց. «Ես էլ եմ քրիստոնյա և քրիստոսին եմ պաշտում»:

    Հաջորդ օրը, երբ բոլորն էլ մահացել էին, դատավորը հրամայեց հավաքել մարմինները, այրել և ոսկորներն ու մնացորդները լիճը լցնել: Բայց քառասունի մեջից ամենաերիտասարդը դեռևս կենդանի էր, ուստի մտածեցին խնայել նրան, որ թերևս վերապրելով խելքի գա և ուրանա Քրիստոսին: Բայց նրա մայրը, որպեսզի իր զավակը չզրկվի մարտիրոսական փառքից և պսակից, գրկելով իր զավակին հետևեց սայլին, որն այրելու համար հավաքում էր մարմինները: Ճանապարհին իր որդին էլ հոգին ավանդեց և այդպիսով խառնվեց մնացածի հետ և այրվելով մոխիրն ու մնացորդները գետը նետեցին: Քաղաքի եպիսկոպոսը գիշերում երազով տեսավ, որ սրբերի աճյունները իրարից չէին բաժանվել և հավաք կերպով, ապահով մի տեղ, գետի եզերքին կուտակված են: Գիշերով գնացին, հավաքեցին մասունքները, թաղեցին դրանք. 320 թվականն էր: Նրանց մասին ներբողներ են հորինել Ս. Բարսեղը, Գր. Նյուսացին և Եփրեմ Ասորին:

    Նրանց տոնը հիշատակում ենք Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 3.1-8

     Նավում 2.1-4

     Եսայի 43.1-3

     Եփեսացիներ 6.10-18

     Ավ. ըստ Մատթեոսի 13.43-52

    shape
    book-shape