shape

Մեծ պահքի Թ օր

  • 23 փետրվարի, 2021 թ.
  •  

    1.11 Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»: 12 Տէրն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետեւում եմ, որպէսզի իմ ասածները կատարուեն»: 13 Եւ Տէրը նորից խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Եռացող կաթսայ եմ տեսնում՝ բերանը հիւսիսից դէպի այս կողմ»: 14 Տէրն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրայ չարիքները հիւսիսից են բորբոքուելու: 15 Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից,– ասում է Տէրը.– գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ: 16 Ես դատ ու դատաստանով եմ խօսելու նրանց հետ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ եւ զոհեր մատուցեցին օտար աստուածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին: 17 Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ: Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար,– ասում է Տէրը:– 18 Ահաւասիկ ես այսօր կանգնեցրի քեզ ինչպէս ամուր քաղաք եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ՝ ընդդէմ Հրէաստանի բոլոր թագաւորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի: 19 Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար»,– ասում է Տէրը:

    2.1 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛. 2 Տէրն այսպէս է ասում. “Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի Սրբի յետեւից”»: 3 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. «Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա: Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ»,– ասում է Տէրը:

     

     Ա Թագավորություններ 1.23-2.26

     Առակներ 2.1-3.10

     Երեմիա 1.11-2.3

    shape
    book-shape