shape

Պողոս Առաքեալի թուղթը գաղատացիներին

  • 07 հունվարի, 2018 թ.
  • Պողոս Առաքեալի թուղթը գաղատացիներին

    ¹ Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։
    ² Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։
    ³ Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։
    ⁴ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝
    ⁵ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։
    ⁶ Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։
    ⁷ Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։
    (Գղ 4:1-7)

    Աւետարան ըստ Ղուկասի

    ²⁶ Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր,
    ²⁷ մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։
    ²⁸ Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։
    ²⁹ Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։
    ³⁰ Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։
    ³¹ Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։
    ³² Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ,
    ³³ ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։
    ³⁴ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։
    ³⁵ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։
    ³⁶ Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած.
    ³⁷ որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։
    ³⁸ Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։
    (Ղկ 1:26-38)

    shape
    book-shape