shape

Ս. ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 24 մարտի, 2018 թ.
  •  

    «Երբ Մարթան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր: Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա»: Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»: Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատո՞ւմ ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, ես հավատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը` Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»... Իսկ Մարիամը, երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր, ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս է, և նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովվեց իր հոգում և ասաց. «Ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ և տե՛ս»:

    Եվ Հիսուս արտասվեց: Հրեաներն ասացին. «Տեսե՛ք, ինչքան էր սիրում նրան»: Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»: Հիսուս, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր դրված: Եվ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»: Մարթան` մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»: Հիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞, եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»: Երբ քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. և ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ղազարոս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»:

    Եվ մեռելը ելավ` կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված և երեսը վարշամակով պատած: Եվ Հիսուս նրանց ասաց. «Արձակեցե՛ք դրան և թողե՛ք, որ գնա» (Հովհ. ԺԱ 20-27, 32-44):

    shape
    book-shape