shape

Սուրբ Աբրահամի և Խորենի, անարծաթ բժիշկներ՝ Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

  • 21 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Սուրբ Աբրահամ և Խորեն

    Աբրահամ և Խորեն երեցներին (Ղևոնդյանց քահանաների) դասին կարելի է դասել, որոնք ինքնակամ հետևում են Ղևոնդյանց և ծառայում, իսկ վերջին պահին, երբ Ղևոնդյանք նահատակության էին տարվում, նրանց արգելեցին հետևել: Նրանց նույնպես հրամայվում է ուրանալ իրենց հավատը, ինչը բացարձակապես մերժեցին և որովհետև հատուկ մեղադրանքներով չէին ամբաստանվել, ուստի միայն կտրում են նրանց ականջները և ուղարկում արքունի ագարակներում աշխատելու: Շրջանի քրիստոնյաների կողմից, իբրև խոստովանողներ կամ կենդանի նահատակներ, մեծ հարգանքի և մեծամեծ նվերների արժանացան, որոնք Աբրահամ երեցը մեծ ճանապարհ անցնելով տանում էր և բանտարկյալ հայ նախարարներին էր տալիս: Իսկ Խորենը, չդիմանալով ճանապարհի նեղություններին և անտանելի շոգին, գերության մեջ վախճանվեց: Վերջ ի վերջո Աբրահամը ներման արժանացավ և հայրենիք վերադարձավ, ի պատիվ իր կենդանի նահատակ լինելու հանգամանքին՝ Բզնունյաց գավառի եպիսկոպոս ընտրվեց և եպիսկոպոսության մեջ ծառայելով, խաղաղ մահվամբ կնքեց իր երկրավոր կյանքը:

    Հայերս նրանց հիշատակը երկու անգամ ենք տոնում: 

     

    «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997 

     

    Կոզմաս և Դամիանոս «անարծաթ» բժիշկներ

    Սրանք երկու եղբայրներ են, որոնք ծնվել են Արաբիայում և ապրել Գ դարի վերջերին: Նրանց մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև), առաքինի և աստվածավախ մի կին էր, որին Հույն եկեղեցին ներառել է իր տոնացույցում: Հակառակ իր այրի լինելու կարգավիճակին, շատ լավ խնամեց և դաստիարակեց իր հինգ երեխաներին, որոնցից վերջին երկուսը՝ Կոզմասը և Դամիանոսն էին, որոնք բժշկական արվեստին հետևեցին: Աստված նրանց գիտության վրա բժշկության շնորհ ավելացրեց: Մայրը նրանց միշտ կրկնում էր ավետարանական խոսքը. «Ձրի առաք, ձրի էլ պիտի տաք»: Արդարև, քաղաքից քաղաք շրջելով, կույրերի աչքերին լույս էին բերում, կաղերին քայլեցնում էին, հաշմանդամներին՝ առողջացնում, դևերին հալածում և ամեն կողմ ուրախություն, առողջություն և խաղաղություն էին տարածում: Եվ քանի որ այս ամենն առանց վարձատրության էին անում, դրա համար անվանվեցին «Անարծաթ բժիշկներ»: Դիոկղետիանոսի իշխանության առաջին տարիներին՝ 285 թ.-ին, որպես քրիստոնյա ձերբակալվեցին, ենթարկվեցին խստագույն չարչարանքների և ի վերջո գլխատմամբ ստացան մարտիրոսության պսակը: Թե՛ մեր և թե՛ այլ Հայսմավուրքներում հիշատակվում են նաև այլ երկու համանուն բժիշկ եղբայրներ, որոնք կամ շփոթության արդյունք են, կամ սրանց պատմության այլ տարբերակներ են:

    Հայերս նրանց հիշատակության տոնը կատարում ենք Հիսնակի պահոց հինգերորդ երկուշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 5.16-18

     Երեմիա 3.22-56

     Բ Տիմոթեոս 3.10-15

     Ավ. ըստ Ղուկասի 12.32-40

    shape
    book-shape