shape

Սուրբ Անդրեաս և Փիլիպպոս առաքյալների հիշատակության օր

  • 14 նոյեմբերի, 2020 թ.
  •  

    Անդրեաս առաքյալ

    Պետրոսի եղբայրն ու արհեստակիցն է: Մեզ հայտնի առաքյալների միջից Հիսուսին առաջինը հետևած լինելու համար անվանվում է նաև «Նախակոչ Առաքյալ»: Ինքը և, հավանաբար, Հովհաննես Ավետարանիչը, նախապես աշակերտել էին Հովհաննես Մկրտչին, որից Հիսուսի մասին լսելով. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» վկայությունը, հետևեցին Նրան (Հովհ. 1:35-40):

    Հետագայում, իր եղբոր՝ Պետրոսի հետ, պաշտոնապես առաքելության հրավիրվեց (Մատթ. 3:18-21):

    Իր մասին քիչ բան է ասվում Ավետարանների մեջ և ոչինչ չի ասվում Գործք Առաքելոցի մեջ: Իր անունը հիշատակվում է հացի բազմացման հրաշքի ժամանակ, նա է, որ հայտնում է, թե մի պատանի հինգ գարեհաց և երկու ձուկ ունի, որոնք  Քրիստոս օրհնեց և բազմացնելով կերակրեց ավելի քան հինգ հազար հոգուց բաղկացած բազմությանը (Հովհ. 6:2-8, 12:22):

    Ըստ ավանդության եղել է Սկյութիայի քարոզիչը, սակայն առանց որևէ մնայուն հետք կամ եկեղեցի թողնելով այնտեղ: Նաև համարվում է, որ քարոզել է հյուսիսային Հունաստանում և Բաթրաս քաղաքում: Նահատակվել է բազմապատկման նշանի նմանվող խաչի վրա, այդ իսկ պատճառով այն Ս. Անդրեասի խաչ է կոչվում: Սկյութիայի եկեղեցին և Հունաց տիեզերական պատրիարքությունը նրան որպես իրենց պաշտպան սուրբ է համարում: Հայ եկեղեցին նրան հիշատակում է Փիլիպոս Առաքյալի հետ Հիսնակի պահոց բարեկենդանին նախորդող շաբաթ օրը:

     

    Փիլիպպոս առաքյալ

    Առաջինը կանչված առաքյալներից մեկն է: Երբ Հիսուսը մկրտությունից և փորձությունից հետո որոշեց Գալիլիա վերադառնալ «… գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ ետևից»: Փիլիպպոսը Բեթսայիդացի էր՝ Պետրոսի քաղաքից (Հովհ. 1:43-44): Հավանաբար ինքն էլ, նախապես աշակերտել է Հովհաննես Մկրտչին և հետո հետևել Հիսուսին:

    Փիլիպպոսն, ինչ-ինչ հարցերի կապակցությամբ, հիշվում է Հովհաննու Ավետարանում, առհասարակ՝ Անդրեասի հետ միասին:

    Օրինակ՝ հացի բազմացման հրաշքի ժամանակ Հիսուսը նախ Փիլիպպոսին է հարցնում, թե որտեղից պիտի հաց հայթայթի այս հսկա բազմությանը համար: «Այս հարցը Հիսուսը տվեց նրան փորձելու համար, սակայն Ինքն արդեն որոշել էր իր անելիքը»,- ասում է ավետարանիչը փակագծերում: Փիլիպպոսը պատասխանում է. «Երկու հարյուր դահեկանի հաց դրանց չի բավարարի, թեկուզ և յուրաքանչյուրը մեկ կտոր ուտի» (Հովհ. 6:5-7): Ապա նա հիշվում է Հիսուսին տեսնելու մի խումբ հեթանոսների դրվագի առնչությամբ, որոնք, հավանաբար քաջալերվելով նրա զուտ հունական անվամբ, որը թարգմանվում է «ձիասեր», կամ նրա հունարեն իմացությամբ, նրան էին մոտեցել: Փիլիպպոսը և Անդրեասը (հետաքրքիր է, որ այս անունն էլ է հունական) նրանց ներկայացնում են Հիսուսին: Վերջին ընթրիքի ընթացքում, երբ Հիսուսը վերջին խոսքերն էր ասում աշակերտներին, անընդհատ հարցադրումներով ընդհատում էին Նրան: Ընդհատողներից էր նաև Փիլիպպոսը, երբ Հիսուս ասում է. «Եթե Ինձ ճանաչեցիք, ուրեմն Հորն էլ Ճանաչեցիք, ուրեմն այլևս Ճանաչում եք Նրան, քանի որ տեսաք Նրան»: Փիլիպպոսը ընդհատում է. «Տեր ցույց տուր մեզ Հորը և ավելին չենք ուզում»: Հիսուսը պատասխանում է. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ և չճանաչեցի՞ք Ինձ, Փիլիպպո՛ս, ով Ինձ տեսավ՝ Հորը տեսնող եղավ և դու ինչպե՞ս ես կարող ես ասել՝ ցույց տուր մեզ Հորը…» (Հովհ. 12:7-10):

    Ավանդությունն ասում է, որ նա քարոզել է Փոքր Ասիայում և խաչելությամբ նահատակվել է Հիերոպոլիս քաղաքում:

    Տոնախմբվում է իր անբաժան ընկերոջ՝ Անդրեասի հետ, Ս. Խաչին հաջորդող իններորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: 

     

    «Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 9.13-10.2

     Երեմիա 16.16-19

     Գործք 8.26-40

     Ավ. ըստ Հովհաննեսի 1.35-51

    shape
    book-shape