shape

Սուրբ Ծննդյան Ը օր Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոն

  • 13 հունվարի, 2021 թ.
  •  

    Սուրբ Ծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն:

    Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլփատել տալ, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև անվանակոչությունը: Հրեական օրենքի համաձայն (Ծննդոց 17:12; Ղևտացիներ 12:3)՝ Ծննդյան ութերորդ օրը, Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, Մանկանը տարան  տաճար, թլփատել տվեցին և անունն էլ դրեցին Հիսուս, որ եբրայերեն նշանակում է Փրկիչ, Փրկիչ «անեծքից, մեղքերից, կուռքերից, դժոխքից ու ամեն տեսակ վտանգից, որոնցից էլ մեր Տերը մեզ փրկեց ու սատանայի խոցոտած մեր խոր վերքերը բուժեց», իսկ Քրիստոս հունարեն՝ Օծյալ Տեր: Համաձայն Գաբրիէլ հրեշտակապետի պատգամի՝ Մանկանը կոչեցին Հիսուս (Մատթեոս 1:21): Այս մասին վկայում է նաև Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկաս 2:21):

    Հիսուս Քրիստոս թլփատության կարիքը չուներ: Նրա թլփատությունը ոչ թե անհրաժեշտության, այլ հաստատված օրենքը հարգելու և կատարելու համար էր: Նա թլփատվեց, որպեսզի հաստատի Աբրահամի հետ Աստծո ուխտի ճշմարտությունը, որովհետև չգարշեց Իր իսկ դրած Օրենքից, քանի որ այն մարդկանց համար դրեց: Հիսուս դրանով իսկ ցույց տվեց Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ: Նա հինն ամբողջովին կատարեց և ապա նորի սկիզբը դրեց, այսինքն՝ մկրտության ու շնորհի, որպեսզի Ինքը լինի Սկիզբն ու Վախճանը (Հայտնություն 1:17) ոչ միայն ըստ Աստվածության, այլև ըստ մարդկության:

    Սակայն Տերը մկրտությամբ արգելելով մարմնավոր թլփատությունը՝ փոխարենը տվեց հոգևոր թլփատություն, որը մեզ համար օրինադրվեց Սբ. Պողոսի միջոցով (Հռոմեացիներ 2:29): Քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում նորադարձ հրեա քրիստոնյաները շարունակում էին պահել այդ սովորությունը, բայց Սբ. Պողոս առաքյալն արգելեց:

    Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլփատության, սրտի թլփատության. «…իսկական թլփատությունը սրտի՛ թլփատությունն է, այսինքն՝ Սուրբ Հոգու համաձայն ապրելն է և ոչ թե գրավոր Օրենքի համաձայն ապրելը: Այդպիսի մեկը գովաբանվում է ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց» (Հռոմեացիներ 2:29):

     

     

        Կազմեց Կարինե Սուգիկյանը

     Կողոսացիներ 2.8-15

     Ավ. ըստ Ղուկասի 2.21

    shape
    book-shape