shape

Սուրբ Ծննդյան պահքի Գ օր Կաղանդ, Տարեմուտ

  • 01 հունվարի, 2021 թ.
  •  

    Նոր սկիզբ, նոր օր, Նոր տարի. յուրաքանչյուրի կյանքում ամեն տարի սկիզբ առնող մի սկիզբ: Ո՞ւր են մեզ տանում սկզբի հետքերը: «Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն (Հովհաննես 1.1):

    «Տիրոջ Հոգին Իմ վրա է, քանզի Նա Ինձ օծեց և ուղարկեց՝ փրկության ավետիս տալու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, տեսողություն տալու կույրերին, ազատելու կեղեքվածներին և հայտարարելու, թե հասել է ժամանակը, երբ Տերը կփրկի իր ժողովրդին» (Ղուկաս 4.18-20): Եսայի մարգարեությունում գրված այս խոսքերը Քրիստոս կարդաց Նազարեթ քաղաքի ժողովարանում: Մարդկանց հիշողության մեջ դրոշմելու նպատակով՝ Նա ավելացրեց. «Այս մարգարեությունը, որ դուք լսեցիք, այսօր ահա իրականացավ» (Ղուկաս 4.21): Քրիստոսի վկայության համաձայն՝ Ինքն է հանդիսանում ընդունելի տարին, նոր սկիզբը, Տարեմուտը: Նրա ծննդյան օրվանից երկրի վրա նոր ժամանակ սկսվեց: Նույնիսկ մեր թվարկությունը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծննդից:

    Տարեմուտի պատմությանը անդրադառնալով

    Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են աշխարհի բոլոր ժողովուրդները: Այն նաև կոչվում է Կաղանդ և Ամանոր: Կաղանդ նշանակում է ամսագլուխ, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:

    Տարբեր ազգերի համար Տարեմուտը տարբեր օրեր են եղել: Նախկինում ամիսների սկիզբը համարվել է Ադամի ստեղծման օրը՝ մարտի 22-ը՝ նիսանի 1-ը: Մինչ Բաբելոնի աշտարակաշինությունը՝ Տարեմուտը բոլոր ազգերի համար հենց այս օրն էր: Բաբելոնի աշտարակաշինությունը փոխեց Տարեմուտի պատկերը ողջ աշխարհում: Լեզուների բաժանումից հետո 72 ազգեր, տարածվելով ողջ աշխարհով մեկ, Տարեմուտը սկսեցին նշել այն օրը, երբ մտան իրենց վիճակված երկիրը: Միայն մի ընտանիք՝ Եբերի ընտանիքն էր, որ Տարեմուտի նախկին օրը՝ մարտի 22-ը, պահպանեց և ավանդեց հրեաներին:

    Հայերը և Տարեմուտը

    Ըստ հայկական օրացույցի՝ հայերի համար Տարեմուտը դարձավ նավասարդի 1-ը՝ օգոստոսի 11-ը: Այս օրը Ք. ա. 2492թ-ին Հայկ նահապետը Հայոց ձոր գավառում սպանեց բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին և իր բոլոր հետևորդներին: Հայերս տարվա առաջին օրը անվանում ենք նաև «Ամանոր», որը բուն հայկական բառ է, որտեղ «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ «Նոր տարի»: «Նաւասարդ»-ը զենդերեն բառ է, որտեղ «նաւ» նշանակում է նոր, իսկ «սարդ»՝ տարի:

    18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ հայերիս համար:

    Տարեմուտն այսօր

    Այժմ քրիստոնյա ազգերի համար ամիսների սկիզբը հունվարն է, որ նշանակում է ծնունդ: Հունվարի 6-ին՝ Քրիստոսի ծնունդով, աշխարհը նոր սկիզբ ապրեց. Քրիստոս ավերեց դժոխքը, մարդկությանը ազատեց հավիտենական մահից: Ինչպես հին Իսրայելը Մովսեսի միջոցով ազատվեց մարմնավոր և ժամանակավոր գերությունից, այնպես էլ նոր Իսրայելը՝ Եկեղեցին, Աստծո Միածին Որդու միջոցով ազատվեց հոգևոր և հավիտենական մահից: Հունվարի 1-ին՝ Փրկչի ծննդյան ամսվա առաջին օրը, եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Գոհաբանական և փառաբանական աղոթքներ են հնչում առ Աստված տարին խաղաղ անցկացնելու համար՝ հուսալով, որ գալիք տարին ևս կանցնի աստվածային խաղաղության մեջ:

    Մտորելու նոր առիթ

    Հին ժամանակներում հռոմեացիները Ամանորը անցկացնում էին աղմկալի խաղերով, խրախճանքներով, շվայտ կերուխումով, քանի որ, ըստ հեթանոս հռոմեացիների դավանության, Նոր տարվա առաջին պահը ուներ ճակատագրական ազդեցություն ողջ տարվա համար: Եթե հիշյալ օրը ուրախ դիմավորեին, ապա ամբողջ տարին ուրախության և անհոգության մեջ կապրեին: Նախօրեին կանայք և տղամարդիկ հավաքվում էին մասնավոր տներում և հյուրանոցներում, որպեսզի հասարակության մեջ գտնվեն այդ օրը: Գինարբուքը պարտադիր էր նույնիսկ նրանց համար, ովքեր կողմնապահ էին այդ հարցում: Աղմուկ- աղաղակով, երգ ու պարով էր ուղեկցվում աղջ գիշերը: Իսկ օրը բացվելուն պես հյուրընկալում էին միմյանց շնորհավորելու: Այստեղից էլ մինչև օրս պահպանվել է Նոր տարվա առաջին օրը հնարավորինս լավ անցկացնելու սովորույթը:

    Տարեմուտը բացի տոնակատարությունից ունի նաև հոգևոր խորհուրդ:

    Սբ. Հովհան Ոսկեբերանը այս մասին հորդորում է և մտորելու առիթ տալիս. «Ծիծաղը, աղմուկն ու չարաբանությունը, գիշերային պարերն ու կատակները գերել են մեր քաղաքը: Ամենից շատ տխրեցնում է ինձ հյուրանոցներում անցկացվող մեղսագործ և անժուժկալ խաղերը: Մեղսագործ, որովհետև այնտեղ զբաղվում էին գուշակությամբ ու կարծում էին, որ եթե այդ օրը ուրախության և խրախճանքի մեջ անցկացնեն, ապա տարին այդպես էլ կանցնի: Իսկ անժուժկալ, երբ կանայք և տղամարդիկ առանց չափի զգացման դատարկում էին գինով լի բաժակները: Եթե կուզեք իրապես օգուտ քաղել այդ ամսվա առաջին օրից, ապա տարեվերջում գոհացեք Արարչից, որ նա ուղեկցեց ձեզ այդ հորձանուտով: Սրտաբեկ խորհեք ձեր կյանքի անցած օրերի շուրջ. արդյո՞ք անպտուղ չեն անցել տարիները, ժամանակը ապարդյուն չի՞ հոսել, ի՞նչ բարիք եք գործել: Այդ կերպ իմաստավորե՛ք ամիսների սկիզբը, այդ մասին հիշե՛ք տարիների հորձանուտում»:

    Առանց Աստծո՝ առանց ճշմարիտ Սկզբի, անցողիկ մարդն անցնող ժամանակի հետ կապված, կարող է ծանր ապրումներ ունենալ, ի տարբերություն հավատավոր մարդու, ով ապրելով հոգևոր և առաքինասեր կյանքով, ուրախանում է՝ ևս մեկ քայլով մոտենալով Աստծուն:

     

    Կազմեց Կարինե Սուգիկյանը

     

     Եբրայեցիներ 12.5-17

     Ավ. ըստ Ղուկասի 20.41-21.4

    shape
    book-shape