shape

Սուրբ Եղիսե մարգարեի հիշատակության օր

  • 18 հուլիսի, 2019 թ.
  •  

    Եղիսե մարգարե

     

    Եղիայի վարքագրության մեջ տեսանք, թե ինչպես Եղիսեն աշակերտեց նրան: Եղիսեն Հին Կտակարանի այն բացառիկ անձն է, որին Մովսեսից հետո, ամենաշատ հրաշքներն են վերագրվում: Եղիային յոթ հրաշքներ են վերագրվում, իսկ Եղիսեին տասներեք: Արդարև Եղիայի երկինք վերանալուց առաջ Եղիսեն նրա վրա իջած հոգու կրկնակին էր ցանկացել:

    Իր հրաշքներից ամենանշանավորն Նեեման Ասորիի բժշկումն է: Նեեմանը Դամասկոսի թագավորի զորավարներից էր և տառապում էր բորոտությամբ: Սա լսելով Եղիսեի հրաշագործությունների մասին կառքերով,ձիերով և իրեն ուղեկցողների մի ամբոջ բանակով նրա մոտ եկավ: Մարգարեն, առանց իր բնակարանից դուրս գալու, իր աշակերտի միջոցով պատասխան ուղարկեց, որ սա գնա և յոթ անգամ լվացվի Հորդանան գետում: Նեեմանն ակնկալում էր, որ Եղիսեն մասնավոր վերաբերմունք պիտի ցույց տար իրեն, կամ առնվազն դուրս պիտի գար և ձեռք դնելով աղոթեր: Երբ իր ակնկալածի պես չեղավ, բարկացավ և ցանկանում էր հեռանալ ասելով. «Եթե մի գետի մեջ լողանալով պիտի բուժվեմ, մեր երկրում Հորդանանից ավելի մեծ և գեղեցիկ գետեր ունենք, կարող եմ դրանց մեջ լվացվել»: Սակայն նրա ընկերակիցները, նրա բարկությունը մեղմելով, ասացին. «Եթե մի ավելի դժվարին բան ասեր չպիտի՞ անեիր»: Նեեմանը զիջելով գնաց Հորդանան, լվացվեց և բուժվեց:

    Շնորհակալություն հայտնելու համար վերադարձավ և ասաց. «Այժմ հասկացա, որ իսրայելացիների Աստծո պես Աստված չկա ամբողջ աշխարհում»: Եվ խնդրեց, որ չմերժի և ընդունի իր նվերը: Եղիսեն մերժեց, Նեեմանը պնդեց, բայց Եղիսեն չզիջեց: «Այդ դեպքում ինձ թույլ տվեք երկու ջորու բեռի չափ հող վերցնեմ ձեր երկրից, որովհետև սրանից հետո Եհովայից բացի այլ աստվածներ չպիտի պաշտեմ«.- ասաց զորավարը: Եվ Եղիսեն նրան խաղաղությամբ արձակեց:

    Սակայն փորձիչը մտավ Եղիսեի աշակերտի՝ Գեեզիի սիրտը՝ ինչո՞ւ իր տերը այդ առիթը չօգտագործեց հարստանալու և իրեն օգնելու համար: Ուստի ինքն է որոշում օգտվել այս առիթից: Նեեմանի քարավանը հազիվ էր հեռացել, երբ հասավ նրանց հետևից և ասաց. թե վերջին պահին հյուրեր են եկել և իր տերը մի քիչ դրամի և հագուստների կարիք է զգում: Նեեմանը հաճույքով և առավելիով տվեց խնդրածները: Սակայն Գեեզին, երբ ստացվածը իր տանը տեղավորելուց հետո եկավ Եղիսեի մոտ, նա ասաց. «Քանի որ Նեեմանից նվերներ ստացար՝ նրա բորոտությունն էլ պիտի ժառանգես»: Խեղճ մարդը, երբ Եղիսեի մոտից դուրս եկավ արդեն բորոտ էր (Դ Թագ. 5-րդ գլուխ):

    Թեև Եղիսեն Եղիայի աշակերտը և հետևորդն էր, սակայն նրանց կյանքերի, նկարագրի և գործելակերպերի մեջ հսկայական տարբերություններ կային: Եղիան մենակյաց էր և իր կյանքը մշտական պայքարների մեջ ապրեց, ընկրկումի և վհատության պահեր ունեցավ, մինչև իսկ Աստծուց մահ խնդրեց: Եղիսեն, ընդհակառակը, միշտ ապրեց ընկերական միջավայրում և նրա կյանքը հաղթանակների և հաջողությունների մի շարք եղավ: Սիրում էր երաժշտություն և հաճախ մարգարեանալու համար երաժշտության օժանդակության կարիքն էր զգում (Դ Թագ. 3:15):

    Իր կյանքը պայքարից ավելի, բարեկարգչական և կազմակերպչական նախաձեռնություններով անց կացրեց: Պատմվում է, որ սիրիացիները պաշարել էին Եղիսեի բնակության քաղաքը: Նա, վաղ առավոտյան վեր կենալով, մտավ պաշարողների բանակի մեջ և ասաց, որ սխալ քաղաք են պաշարել և խոստացավ նրանց առաջնորդել դեպի իրենց ցանկացած քաղաքը: Մարդիկ գառների նման հետևեցին նրան: Նրանց բերեց և իր երկրի մայրաքաղաք Սամարիա մտցրեց: Մարդիկ հանկարծ անդրադարձան, որ թշնամու ձեռքն են ընկել: Սամարիայի թագավորն ասաց. «Կոտորե՛նք սրանց»: Եղիսեն ասաց. «Ո՛չ, այլ կերակրեք, հյուրասիրեք և պատվով ճանապարհեցեք»: «Դրանից հետո սիրիացի ասպատակներն այլևս չերևացին Իսրայելի սահմաների մոտ»,- եզրափակում է պատմությունը (Դ Թագ 6):

    Սրան հակառակ, ներքին թշնամիները, իբրև ավելի վտանգավորներ, անընդհատ քայքայիչ քաղաքականության էին հետևում: Ուստի Եղիսեն Հեսու զորավարին թագավոր օծել տվեց, որն էլ բնաջնջեց Աքաբի կռապաշտ գերդաստանը և մեջտեղից մաքրեց Հեզաբելին, հրամայելով, նրան արքունի պատուհանից վայր նետել: Եվ երբ ամեն մարդ զբաղված էր կերուխումով և հաղթանակի տոնակատարությամբ, շները կերան ամբարիշտ թագուհու ջախջախված մարմինը:

    Ինչքան որ Եղիսեի կյանքը հաջողությունների և հրաշքների մի շղթա էր, այդքանով էլ հրաշապատում եղավ նրա վերջին օրերը և մահը; Մահվան մահճում, երբ իրեն այցելել էր երկրի թագավորը, սրտապնդում էր նրան և թշնամու հանդեպ հաղթանակի ցուցումներ տալիս:

    Եվ երբ մեռավ և թաղվեց, որոշ ժամանակ հետո, պատահաբար ուրիշ մեկին թաղեցին իր գերեզմանի վրա: Երբ անծանոթի մարմինը դիպավ Եղիսեի ոսկորներին, մահացածը հարություն առավ (Դ Թագ 13:14-21): Այնպես որ իզուր չէր, որ մեղմորեն քաջասիրտ այս մարգարեն Եղիայի հոգու կրկնակին էր խնդրել:

    Եղիսեն ապրեց և գործեց Քրիստոսից առաջ 9-րդ դարի վերջին կեսերին:

    Մեր Եկեղեցին տոնում է Հոգեգալստյանը հաջորդող հինգերորդ կիրակից հետո եկող հինգշաբթի օրը:

     

    «Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Դ Թագավորություններ 13.14-21

     Ա Կորնթացիներ 2.6-10

     Ավ. ըստ Ղուկասի 4.25-30

    shape
    book-shape