Սրանք 37 հոգուց բաղկացած նահատակների մի խումբ են, որոնց երկու օրվա ընթացքում և առաձին-առանձին նահատակված լինելու պատճառով է, որ հայսմավուրքներում և տոնացույցներում այս երկու անուններով և առանձին են հանդես գալիս:
Պատմական ավանդությունը նրանց հռոմեացի է համարում, բայց Հայաստանում նահատակված լինելու և մեր երկրում քրիստոնեության նախօրեին իրենց անարատ արյունը թափած լինելու պատճառով, հայերիս կողմից սեփական են նկատվել և Հայ Եկեղեցուն հարազատ են համարվել:
Ըստ սկզբնաղբյուր հանդիսացող Ագաթանգեղոս պատմիչի, Հռոմի Դիոկղետիանոս (284-305) կայսրը ցանկանում է ամուսնանալ իր կայսրության ամենագեղեցիկ կույսի հետ: Երկրի չորս կողմն ուղարկված խուզարկուները, հանձինս Հռիփսիմե անվամբ ազնվագույն կույսի, գտնում են գեղեցկագույն հարսնացուին, որը Հռոմում Գայանե անվանբ մայրապետի գլխավորած քրիստոնեական կուսանոցի կույսերից էր:
Կույսերն, իմանալով կայսեր հրամանի մասին, գիշերով, գաղտնի հեռանում են Հռոմից: Նավ նստելով նախ գնում են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որտեղից մեկնում են Երուսաղեմ և ապա Եդեսիայով անցնելով՝ գալիս Վան, որտեղ որոշ ժամանակ հաստատվում են Վարագա լեռան լանջերին: Այստեղ էլ իրենք իրենց ապահով չզգալով, դեպի հյուսիս գնալով, վերջնականապես հաստատվում են այդ օրերի հայոց մայրաքաղաքի՝ Վաղարշապատի, շրջակայքում՝ Հնձան կոչված տեղում:
Հայաստանում նրանց գտնելու պատճառը համարվում է, նորից նույն Դիոկղետանոսի հրահանգը Տրդատին, ըստ որի Տրդատն իր երկրում ապաստանած կույսերին պիտի գտներ և կայսեր մոտ ուղղարկեր: Արդարև Տրդատի մարդիկ հեշտությամբ գտնում են Հռիփսիմեին և տանում թագավորի մոտ, իսկ Տրդատը՝ հմայվելով Հռիփսիմեի գեղեցկությամբ, ինքն է որոշում տիրանալ նրան: Հռիփսիմեն մերժում է և ընդդիմանում: Նա կանչում է Գայանեին, հանձնարարում իր սանուհուն համոզել, որպեսզի սա ընդունի թագավորի առաջարկը: Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է իր սանիկին, որպեսզի հաստատուն մնա իր մերժման մեջ, և չփոխանակի երկնքի երջանկությունը երկրավոր փառքի և վայելքների հետ: Գայանեն, արքայի հրամանին չենթարկվելու համար, ծանր չարչարանքների է ենթարկվում և իր երկու ընկերուհիների հետ նետվում արքունի բանտը: Հռիփսիմեն, վերջ ի վերջո զորանալով, փախչում է իր ընկերուհիների մոտ: Իսկ Տրդատը, որ մի հսկա և զորեղ մարդ էր, ըստ շարականի «մանկան պես կույսից պարտություն կրելով, ամաչում էր», ուստի կատաղելով, դահիճներ է ուղղարկում և հրամայում է սպանել Հռիփսիմեին: Ձեռքերից և ոտքերից գետնին ամրացրած ցցերի վրա պրկում են նրան և ջահերով այրում մարմինը: Տեսնելով, որ դեռ կենդանի է, հանում են աչքերը և անդամ առ անդամ մասնատելով նահատակում են Քրիստոսի հրաշալի վկայուհուն: Երբ մյուս ընկերուհիները մոտենում են, որպեսզի հավաքեն մարմինը և պատվով թաղեն, նրանցից էլ 32 հոգու սրախողխող են անում:
Ապա դահիճները ներխուժում են նրանց բնակարանը և գտնելով հիվանդության պատճառով պառկած և ողջ մնացած միակ կույսին՝ նրան էլ սրախողխող են անում: Հաջորդ օրը Տրդատը հրաման է արձակում սպանել խմբի գլխավորին և մայրապետին՝ Գայանեին, իր երկու ընկերուհիների հետ: Նախ կտրում են Գայանեի լեզուն, որով համարձակվել էր գոտեպնդել և խրախուսել Հռիփսիմեին, որ սա ընդդիմանա թագավորին, ապա նրանց էլ Հռիփսիմեի նման ոտքերից և ձեռքերից պրկում են գետնի վրա, մորթազերծ են անում և սրի քաշելով՝ սպանում: Գայանեի և իր երկու ընկերուհիների նահատակությունը տեղի է ունենում քաղաքից դուրս, հարավային կողմում:
Երբ տեղի էին ունենում այս նահատակությունները Ս. Գրիգորը դեռևս Խոր Վիրապում բանտարկված էր: Ինը օր սրբերի մասունքները անթաղ մնացին, բայց ոչ մի գազան կամ գիշակեր թռչուն չմոտեցավ նրանց:
Որպես անմեղ կույսերի սպանության հետևանք, Տրդատը խելագարվում է, նրան բժշկելու համար Գրիգորին հանում են վիրապից, որի առաջին գործը լինում է սրբուհիների անթաղ մասունքները առանձին-առանձին, տապանների մեջ հավաքելով իրենց նահատակված վայրում թաղելը: Նա երեք վկայարաններ կառուցեց մեկը՝ Հռիփսիմեի և իր 32 ընկերուհիների նահատակված վայրում, մյուսը՝ իրենց բնակավայրում, որտեղ նահատակվել էր հիվանդ կույսը՝ հնձանի տեղում, իսկ երրորդը՝ Ս. Գայանեի և իր երկու ընկերուհիների նահատակված վայրում: Կույսերի մարմիներն իրենց մեջ զետեղած տապանները կնքվեցին Լուսավորչի կնիքներով: Մեկ դար հետո անշքացել և գրեթե անհետացել էին նրանց վկայարանները: Ուստի Ս. Սահակ Կաթողիկոսը (387-438) փնտրե,ց գտավ և հայտնաբերելով՝ իր կնիքն էլ դրեց Ս. Գրիգոր Լուսավորչի կնիքի կողքին և նորից պատվով թաղելով՝ վկայարանները վերակառուցել տվեց: Երկու դար հետո՝ Կոմիտաս Կաթողիկոսի օրոք (615-628), այս վկայարան-մատուռները դարձյալ անշուք վիճակում էին: Վկայարաններից Հռրփսիմյանցն ամբողջությամբ քանդելուց հետո, երբ ցանկացավ նորովի կառուցել, Սրբուհիների տապաններն ի հայտ եկան, որոնց վրա ավելացրեց իր կնիքը և վերստին թաղելով՝ 618 թ.-ին դրա վրա հրաշակերտ եկեղեցի կառուցեց. «Հրաշատես և վայելուչ և նազելի և պայծառ»: Այս տաճարի խորանի ներքևում մի գետնահարկ մատուռ կառուցեց և զետեղեց Սրբուհու տապանը, որը մինչ այսօր մնում է: Նաև եկեղեցին է նույնությամբ պահպանվել, բացի զանգակատնից, որը հետագա դարերի կառույց է: Իսկ Եզր Կաթողիկոսը (630-641), քանդելով Գայանյանց անշուք մատուռը, մի նոր փառավոր եկեղեցի է կառուցում. «Ընդարձակ և լուսավոր, կոփածո քարերով և կրով»: Այս եկեղեցին էլ գրեթե նույնությամբ պահպանվում է: Իսկ երրորդ մատուռի վերջին վերաշինողը եղավ Նահապետ Կաթողիկոսը (1691-1705) Շողակաթ անվան տակ:
Օրմանյանը վկայում է, որ Հռիփսիմյանց և Գայանյանց տաճարների տակ գետնափորներ կան, կառուցած մեծամեծ քարերով, որոնց մեջ են սրբերի ոսկորները: Սրանց գոյությունը վերջին ժամանակներում նորից հաստատվեցին. Հռիփսիմյանցը՝ լատին կրոնավորների կողմից գողության փորձի ժամանակ, Գայանյանցը՝ Հովհաննես աբեղայի հետաքրքրասիրությունից դրդված հետախուզության շնորհիվ, այս երկուսի մասին մեզ տեղեկացնում է Առաքել Դավրիժեցի պատմիչը:
Իսկ 1978 թ.-ին Հռիփսիմեի եկեղեցու հյուսիս-արևելյան պարսպի մոտ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «հայտնաբերվել էր վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկ տիպի մի եկեղեցի-մատուռ»: Իսկ 1979թ. նույն մատուռի մեջ կատարված պեղումների արդյունքում ի հայտ եկան «մի շարք գերեզմաններ՝ գլխատված աճյուններով»: Սրանք համարվում էին Ս. Հռիփսիմեի 32 ընկերուհիների աճյունները: Սրա վերաբերյալ Վագեն Ա. Ամենայն Հայոց Հայրապետը և Մայր Աթոռի Դիվանատունը հատուկ հաղորդագրություն են հրապարակել, որում ասվում է. «Սույն նորագույն հայտնագործությունը մի նոր նյութական վկայություն է Հայոց քրիստոնեական հավատքի պատմական վավերականության» (ԷՋՄԻԱԾԻՆ ամսագիր, 1979թ. մայիս):
Ըստ Ագաթանգեղոսի՝ նրանք նահատակվեցին Ս. Գրիգորի վիրապից դուրս գալու տարում՝ 301 թ.-ին, հայոց Հոռի ամսվա 26-ին և 27-ին, որն ըստ Օրմանյանի համապատասխանում է Նոյեմբերի 6-ին և 7-ին, բայց հայսմավուրքների մեջ նշված է Հոկտեմբերի 5 –ին և 6-ին: Իսկ ներկայումս տոնում ենք Հարության կիրակիների սկիզբը հանդիսացող կիրակիի հաջորդ առաջին երկուշաբթի օրը Հռիփսիմյանց տոնը, իսկ երեքշաբթի օրը՝ Գայանյանցը:
Հռիփսիմյանց կույսերը կարևոր տեղ են գրավում հայ վկայաբանություններում և ընդարձակորեն ներկայացվում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու մոտ: