shape

Սուրբ Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

  • 26 նոյեմբերի, 2020 թ.
  •  

    Կղեմես Հռոմի Հայրապետ

    Որպես Հռոմի Եպիսկոպոս՝ Կղեմես Հայրապետը Պետրոս Առաքյալի հաջորդն է, երրորդը կամ չորրորդը: Եկեղեցական պատմության մեջ նշանավոր է, որպես «Առաքելական Հայրեր» անունով ծանոթ մատենագրերից առաջինը, որոնց գրվածքները մեծ լույս են սփռում առաջին երկու դարերի քրիստոնեական կենցաղի, սովորությունների և մանավանդ՝ աստվածաբանության և պատմության վրա:

    Ոմանք նրան նույնացնում են Պողոս Առաքյալի կողմից, որպես իր գործակիցներից մեկը, հիշատակված «Կղեմեսի» հետ. «որոնք իմ և Կղեմեսի հետ միասին Ավետարանի համար նահատակվեցին» (Փիլ. 4:3): «Նահատակվեցին» այստեղ չի նշանակում մարտիրոսվեցին, այլ առաջ գալով արիաբար տքնեցին Ավետարանի տարածման համար:

    Կղեմես հայարապետին բազմաթիվ գրություններ են վերագրում, որոնց մեծ մասի կեղծ լինելն այսօր հայտնի է: Նրա միակ և անվիճելի գործը համարվում է Կորնթոսի Եկեղեցուն 96 թ.-ին գրված մի կարևոր նամակ, նրանց մեջ ծագած ինչ-ինչ վեճեր հարթելու համար:

    Մեր Հայսմավուրքները նրան ներկայացնում են որպես մի անձնավորության, որը հմուտ է «Հելլենական դպրության» մեջ: Եվ պատմում է, որ Կղեմեսը նավաբեկությունից փրկվելով՝ Հռոմում հանդիպում է Պողոս Առաքյալին, նրա քարոզչությամբ դարձի է գալիս և Ավետարանի մեծ քարոզիչ է դառնում, ինչպես նաև Հայսմավուրքը վկայում է, որ նա հանդիսանում է «Սուրբ Առաքյալների հաստատած կանոնների» գրողը: Այս խոսքն ակնարկում է Ընդհանրական Եկեղեցու կանոնադրության մեջ կարևոր տեղ ունեցող 85 կանոններից բաղկացած մի խմբի վերաբերյալ, որը հայտնի է որպես «Երկրորդ Առաքելական կանոններ», և որը սակայն հայտնի է նաև «Կղեմեսի Կանոններ» անունով և որը նաև Հայ Եկեղեցու Կանոնագրքի մի մասն է կազմում (տես Կանոնագիրք Հայոց, աշխատությամբ Վազգեն Հակոբյանի 1964 թ. էջ 67):

    Ըստ մեր Հայսմավուրքի, որը համեմատած Տոռոմենի գրեթե առասպելական եպիսկոպոսի, պատմական այս անձի մասին շատ ժուժկալ տեղեկություն է տալիս, Դոմետիանոս հալածիչ կայսեր մոտ է տարվել, որտեղ քաջաբար խոստովանել է «Քրիստոսի Աստվածությունը» և այդ իսկ պատճառով ծանր չարչարանքների է ենթարկվել: Վերջավորությանը ջրացույս անելով վերջ են տվել նրա կյանքին հավանաբար 98 թ.-ին:

    Մեր Եկեղեցին Կղեմեսի հիշատակը կատարում է վերոհիշյալ Բագարատ Եպիսկոպոսի հետ՝ Հիսնակի պահոց Ա կիրակիին հաջորդող հինգշաթի օրը: Ոչ մի տեղ չգտանք, որ իր գործերը, առնվազն «Առ Կորնթացիներին» գրված թուղթը հայերեն թարգմանված լինի:

     

    Բագարատ Տոռոմենի Եպիսկոպոս

    Բագարատը ներկայանում է որպես Սիցիլիա կղզու Տոռոմեն նշանավոր քաղաքի առաջին եպիսկոպոսը, քաղաքի լատինական տարբերակը Տավրոմենիոն կամ Տաորմինա է: Իսկ սրբի անվան լատինական ձևը Բագրատիոս է, որը Բագրատաս ձևով էլ է գործածվում: Համարվում է. որ ծնվել է Անտիոքում և աշակերտել Պետրոս Առաքյալին, որի ձեռամբ էլ ձեռնադրվելով՝ ուղարկվում է Սիցիլիա, որի առաջին լուսավորիչն է համարվում: Դեպի Սիցիլիա ճանապարհորդության ժամանակ քրիստոնյա է դարձնում նավապետին և նավի կառավարչին: Կղզի հասնելով և տեսնելով այնտեղ տիրող կռապաշտությունը՝ նրա առաջին գործը եղավ «ձեռքերը վեր բարձրացնելով Աստծուն աղոթել մոլորված ժողովրդի համար,… և ապա երանելի Բագարատը սկսում է քարոզել, սովորեցնել և մեծամեծ սքանչելիքներ գործել»:

    Նախ Տոռոմենի քաղաքապետին է դարձի բերում և ապա նրա գործակցությամբ սկսում է կործանել քաղաքի գլխավոր կուռքերին: Մեր Հայսմավուրքի մեջ շատ ընդարձակ ձևով՝ հինգ-վեց երկսյունյակ և մեծածավալ էջերով, և հեքիաթախառն ձևով պատմվում է քաղաքի կուռքերի կործանման պատմությունները և բնակչության դարձի գալը: «Հրամայեց ժողովրդին յոթ օր սրբությամբ պահել իրենց մարմինները և ապա երախայացրեց նրանց, (այսինքն մկրտության համար նախապատրաստեց) և սովորեցրեց ճշմարտության խոսքը՝ Ավետարանը: Ապա «պատվիրեց, որ ամեն մեկը նոր և սպիտակ զգեստներ հագնի… նրանց գետը տանելով մկրտեց և հաղորդություն տվեց»: Եվ եզրակացնում է Հայսմավուրքը. «Դարձի բերեց Սիցիլիա կղզու գյուղերի ու քաղաքների ամբողջ բնակիչներին… Տոռոմեն քաղաքից մկրտվեցին ավելի քան քառասուն հազար հոգի, իսկ մյուս քաղաքներից և գյուղերից՝ հինգ հարյուր հոգի»:

    Հակառակ մեր Հայսմավուրքների կողմից «Սիցիլիայի Լուսավորիչ» Տոռոմենի Հայրապետին այսքան լայնածավալ ներկայացնելուն, լատինական վկայաբանությունները չափազանց ժլատ են արտահայտվում նրա մասին: Կաթոլիկ Հանրագիտարանում նրա անունը տեղ չի գտել: Ներկայումս էլ լատինական օրացույցում տեղ չունի, այլ նրա փոխարեն ներկայացված է ոմն Բանգրատիոս, որը նահատակվել է 304 թ.-ին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ:

    Մեր Հայսմավուրքը նրա նահատակությունը հետևյալ կերպ է ներկայացնում: Տոռոմեն քաղաքի մեծատուններից մեկը, որն ի սրտե դարձի չէր եկել, այլ ծածուկ կերպով շարունակում էր իր կռապաշտությունը, հարմար առիթի էր սպասում, որպեսզի մեջտեղից վերացներ Բագարատ Եպիսկոպոսին: Մի օր նրան մենակ աղոթելից գտնելով՝ սուրը նրա կողն է մխրճում և փախչում: Սակայն քաղաքի դարձի եկած քաղաքապետը, իմանալով չարագործութան մասին, իր հերթին չարաչար մահվամբ սատակեցնում է չարագործին: Իսկ Բագարատի մարմինը մեծ հարգանքով ամփոփում է մի տապանի մեջ. «Եվ բարեխոսն ու օգնականն է ոչ միան Սիցիլիա քաղաքի, այլև ամեն մի քրիստոնյայի, ով կատարում է իր հիշատակությունը»:

    Մեր Եկեղեցին նրա հիշատակը կատարում է Կղեմես Եպիսկոպոսի հետ, Հիսնակի պահոց Ա կիրակիին հաջորդող հինգշաթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 8.33-36

     Եսայի 66.18-21

     Փիլիպեցիներ 4.1-7

     Ավ. ըստ Ղուկասի 9.1-6

    shape
    book-shape