shape

Սուրբ կույսեր Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և նիկոմիդացիների եկեղեցում այրված երկու բյուր նահատակների հիշատակության օր

  • 17 դեկտեմբերի, 2020 թ.
  •  

    Ինդոս

    Դիոկղետիանոսի արքունիքում, Նիկոմիդայում, մի ներքինի էր, որը Դոմնա քրմուհու հետ նախ քրիստոնյա դարձավ և միասին բանտարկվեցին, ապա Ինդոսի պարանոցից երկանաքար կապելով ծովը նետեցին, և այս կերպ մարտիրոսական պսակը ընդունեց 303 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց չորրորդ հինգշաբթի օրը:

     

    Դոմնա

    Նիկոմիդիացի կույս էր Դոմնան, որը կայսերական պատալում, Ինդոս ներքինու հսկողության տակ քրմուհի էր կարգված: «Պողոս Առաքյալի» թղթերը և «Գործք Առաքելոց»-ը ձեռք բերելով Դոմնան մեծ հետաքրքրությամբ կարդաց դրանք և երկուսով քրիստոնյա դարձան: Բանտ նետվեցին և ի վերջո երկուսն էլ նահատակվեցին այն օրերին, երբ Նիկոմիդայի մեջ քսան հազար մարդ նահատակվեց, այրվելով այն եկեղեցում, որտեղ հավաքվել էին աղոթքի համար 303 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց չորրորդ հինգշաբթի օրը:

     

    Գղերիկոս Երեց

    Հունարեն տարբերակով անվան ճիշտ ձևը Գղիկերիոս է: Այս, կամ վերոհիշյալ անունով որևէ սրբի չենք հանդիպել մեր Հայսմավուրքներում: Ըստ Լատինների Հայսմավուրքների ապրել է Դիոկղետիանոսի և Գաղերիոսի հալածանքների ժամանակներին: Վերջինս այդ օրերին Նիկոմեդայում էր: Գաղերիոսը մի օր իր զինվորներին եկեղեցու մուտքի մոտ թողնելով, մտնում է եկեղեցի և խոսքը ներկաներին ուղղելով, նախ մեղմ և համոզիչ խոսքով կոչ ուղղեց նրանց, որ թողնեն իրենց «սխալ կրոնը» և վերադառնան իրենց հայրերի աստվածներին: Վերադարձողներին խոստացավ պատիվ, հարստություն և դիրք: Ապա կայսրը խստությամբ եզրակացրեց. «Այլապես ամենախիստ պատիժների պիտի ենթարկվեք: Տեսնո՞ւմ եք այս շենքը,- ակնարկեց եկեղեցին,- որն այդքան ամուր եք կարծում. անհրաժեշտության դեպքում կայրեմ այն և ձեզ էլ հետը»:

    Խոր լռություն տիրեց: Այդ ժամանակ եկեղեցու քահանան՝ Գղիկերիոսն առաջ գալով այսպես խոսեց. «Ո՛վ թագավոր, մենք քո խոստումների, կամ պարգևների կարիքը չունենք, իսկ սպառնալիքներդ մեզ չեն վախեցնի: Ինչպե՞ս կարող ես հրապուրել կամ վախեցնել այս մարդկանց, ովքեր աշխարհի բոլոր բարիքները անցողիկ են համարում և ոչ մի բան այնքան ցանկալի չեն համարում, որքան Քրիստոսի համար տառապելն ու մեռնելը: Իմացած եղիր, որ մեր Աստծո զորությունը առավել է քո աստվածներից… Եթե այսօր դու զինել ես այդ զինվորներին, մեր Թագավորն էլ մեզ է զինել, որոնցով մենք պիտի պայքարենք քո դեմ և հրաշալի հաղթանակ պիտի ունենանք: Քանզի մենք հակառակորդին պարտության ենք մատնում հարվածներ ընդունելով, և մեր Աստծո համար մահանալով հաղթանակ ենք ապահովում»:

    Կայսրը չհամարձակվեց ի գործ դնել իր սպառնալիքը, այլ զինվորների հետ զայրույթով հեռացավ: Հավատացյալները շարունակեցին Աստվածային պաշտամունքը: Սակայն քիչ անց Գղիկերիոսը ձերբակալվեց և կայսեր մոտ տարվեց, որին նախ արջառաջլերով խիստ ձաղկեցին. մինչև որ նրա մաշկն ամբողջությամբ քերվեց: Երբ տակավին իր հավատքին ամուր կառչած մնաց, ողջ-ողջ այրվելով մարտիրոսության փառապսակը շահեց 303 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց չորրորդ հինգշաբթի օրը:

     

    Երկու Բյուրք (Նիկոմիդիայի քսան հազար նահատակներ)

    Դիոկղետիանոսի հալածանքների օրերին, երբ Քրիստոսի Ս. Ծննդյան օրը Նիկոմիդիայի ժողովուրդը պաշտամունքի համար հավաքվել էր իրենց եկեղեցում, կայսրը մի կուռք դնել տվեց եկեղեցու դռան մոտ և հրամայեց, որ յուրաքանչյուր դուրս եկող երկրպագի կուռքին: Չերկրպագողները մահվամբ պիտի պատժվեին: Ոչ ոք չհնազանդվեց այս հրամանին: Այդ ժամանակ կայսրը հրամայեց հրդեհել եկեղեցին, որում այրվեց ներկա եղող ողջ բազմությունը, որոնք մեր եկեղեցու տոնացույցն են անցել «Երկու Բյուրք», այսինքն «քսան հազար» անունով:

    Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց չորրորդ հինգշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 3.1-8

     Երեմիա 30.18-22

     Ա Պետրոս 4.12-19

     Ավ. ըստ Հովհաննեսի 15.17-25

    shape
    book-shape