shape

Սուրբ կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օր

  • 22 սեպտեմբերի, 2020 թ.
  •  

    Փեփրոնե

    Փեփրոնյան Մծբին քաղաքից էր, մատաղահասակ տարիքում վանք մտավ և կրոնավոր կյանքով ապրեց: Նա ժամանակակից է մեր Ս. Հռիփսիմեին և վարքն էլ հիշեցնում է նրա վարքը: Նա էլ, ի դեմս Վրենի, կամ Փրիոնյայի, հոգևոր մայր ուներ, ինչպես Գայանեն Հռիփսիմեի համար, և տեսքով էլ բարձրահասակ և գեղեցիկ է ներկայացվում, ինչպես որ Հռիփսիմեն: Դիոկղետիանոսի հալածանքները մինչև Մծբին հասան: Կույսերը, որպեսզի հեթանոսների ձեռքը չընկնեն, բարեկամների խորհրդով, դատարկեցին վանքը: Իսկ Փեփրոնյան հիվանդության պատճառով և՛ չկարողացավ և՛ չցանկացավ լքել վանքը: Նրա հետ մնացին նաև իր հոգևոր մայրը՝ Փրիոնյան և Թումայիս անունով մի կույս, որը հետագայում գրի առավ Փեփրոնյայի նահատակությունը, որը մի գեղեցիկ դյուցազներգություն է: Զորքը շրջապատում է վանքը և միայն Փեփրոնյային են դուրս բերում երկու դատավորների մոտ, որոնք կայսեր կողմից հատուկ ուղարկվել էին, որպեսզի Արևելքում քրիստոնեությունը վերացնեին: Սրանցից մեկը Լյուսիմաքոսն էր, որի մայը քրիստոնյա լինելու պատճառով գաղտնի կերպով բարյացակամ էր տրամադրված քրիստոնյաների հանդեպ, մյուսը սրա հորեղբայրն էր՝ Սելինոսը, որը սրտանց հալածում էր քրիստոնյաներին: Երբ Լյուսիմաքոսը կույսին հարցնում է, թե ինչ է նրա անունը, պատասխանում է «խոնարհ քրիստոնյա»: Սելինոսը ինքն է իր ձեռքը վերցնում հարցաքննությունը և տեսնելով Փեփրոնյայի հեզությունն ու գեղեցկությունը, ցանկացավ հայրաբար համոզել նրան, որ հրաժարվի իր կրոնից, և խոստացավ նրան հարսնացնել իր կողքին նստած ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ և քանի որ ինքը որդի չուներ, ուստի իր ժառանգները դարձնել: Փեփրոնյան գեղեցիկ պատասխաններ տվեց, ասելով, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին: Բազում և անտանելի չարչարանքներից հետո, Սելինոսը հրամայում է նախ կտրել նրա ձեռքերը և ոտքերը, ապա նոր միայն գլուխը: Եվ այսպես անմեղ գառան պես զոհվեց «անարատ և մաքուր կույս Փեփրոնյան՝ բազմաչարչար և բազմահաղթ նահատակը»: Սելինոս դատավորն, ազդվելով մի անմեղ կույսի այսօրինակ քաջարի դիմադրությունից և մահվանից, գրեթե խելագարվեց և գլուխը մի սյան հարվածելով գանգը ճեղքվեց և մահացավ: Իսկ Լյուսիմաքոսն, ընդհակառակը, գալով հավատքի, հրամայում է սուրբ կույսին Ս. Հակոբ Մծբնեցի Հայրապետի ձեռամբ, իր ճգնած վանքում պատվով թաղել Տիրոջ 305 թ-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը:

     

    Մարիանե 

    Այս կույսը հույների մոտ ծանոթ է Մարինե, իսկ լատինների մոտ Մարգարիտա անուններով: Ապրել է Գ դարի կեսերին Գոնիայի մոտ գտնվող Պիսիդյան Անտիոքում, մի քուրմի միակ դուստրն էր՝ մատաղահասակ և մորից որբ մնացած: Հայրը նրան մի քրիստոնյա ստնտուի խնամքին հանձնեց: Երբ աղջիկը չափահաս դարձավ, հայրը որպես քրմուհի նրան ցանկացավ նվիրել իր չաստվածներին: Սակայն Մարիանեն, քրիստոնեության ճշմարտության վրա համոզում ունենալով, իր հորն ասաց, որ չի ցանկանում անբան կուռքերի սպասուհին լինել: Հայրը նրան տնից վտարեց, որը սիրով իր ստնտուի մոտ վերադարձավ և նրա ոչխարներն էր արածեցնում: Որպես քրիստոնյա ձերբակալվեց և խստագույն չարչարանքների ենթարկվեց, որոնց մեծ քաջությամբ համբերեց: Ի վերջո, շուրջ 275 թ.-ին գլխատմամբ նահատակվեց;

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը, Փեփրոնյայի հետ:

                                                                                                                                                     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

    Շուշանարդենի ✝475

    Քաջ նահատակ հոր՝ Վարդան Մամիկոնյանի, նույնքան արի և նահատակված դուստրն է Շուշանիկը: Նրա բուն անունը Վարդենի, կամ Վարդանուհի է, նրան փաղաքշաբար Շուշանիկ էին կոչում, որը նրա համար մնայուն անուն էր դարձել: Նա նաև կրտսեր քույր ուներ, որը երջանիկ ամուսնությամբ ամուսնացել էր Արշավիր Կամսարական իշխանի հետ և ազգին երեք կորյուններ էր պարգևել (Ներսեհ, Հրահատ և Սահակ), որոնք կարևոր դեր կատարեցին Վահան Մամիկոնյանի գլխավորած ազգագրական շարժման ժամանակ, որը հաջորդեց վարդանանց պատերազմին: Իսկ Վարդենին մի դժբախտ ամուսնություն կնքեց վրաց Վազգեն իշխանի հետ, որն իր կյանքի իրապես փուշ - պսակը եղավ:

    Ծնված է համարվում 409 թ.-ին, իր հոր կողմից մեծ մայրը Սահականուշն էր՝ Սահակ Հայրապետի դուստրը: Իր հոր նման ինքն ու իր քույրն էլ ստացել էին շատ բարձր և ընտանեկան դաստիարակություն, երկուսն էլ մանկությունից բարեպաշտ և եկեղեցասեր էին: Շուշանիկի վերաբերյալ հետևյալ դրվատանքը ունի Հայսմավուրքը. «Սա զարդարված էր երկյուղածությամբ և պարկեշտությամբ, կատարյալ հավատքով և սիրով կապված էր Քրիստոսին. աստվածպաշտության մեջ կրթված, բարի գործերի մեջ փութաջան»: Վրաց Վազգեն իշխանի հետ ամուսնությունից երեք մանչ և մեկ աղջիկ ունեցավ:

    Վազգենը քրիստոնեական կրոնի բարոյական պահանջներից ինքն իրեն ազատելու և պարսից աչքին ինքն իրեն հաճելի ներկայացնելու համար գնաց Տիզբոն և կամավորաբար ուրացավ իր կրոնը և ընդունեց պարսկական կրակապաշտությունը և օրվա շահ Պերոզի զոքանչի հետ ամուսնացած վերադարձավ: Շահին խոստացել էր, որ իր առաջին կինը և երեխաներն էլ մոգության կրոնին կբերի:

    Երբ Շուշանը լսեց, որ ամուսինը ուրացած վերադառնում է, իր զավակներով հանդերձ ապաստան գտավ եկեղեցում, որտեղ անց էր կացնում ամբողջ օրը, իսկ գիշերները մի մոտակա խցում հսկումով էր անցկացնում: Ի վերջո դժվարությամբ համոզեցին նրան պալատ վերադառնալ: Պալատ վերադառնալուց հետո էլ, չէր ցանկանում որևէ կապ ունենալ իր ամուսնու հետ, մինչև որ Վազգենը սկսեց բրտորեն ծեծել և ի վերջո բանտ նետեց նրան՝ նրան գարեհացից և ջրից բացի ոչինչ չտալով: Վազգենը պալատից երկար բացակայելու պատճառով նրան քաղաքի եպիսկոպոսարանի հսկողությանն էր հանձնել: Վերադարձին Շուշանիկը մերժեց պալատ վերադառնալ: Վազգենը բռնությամբ և քաշքշելով, գլխաբաց և հագուստները պատռելով նրան բերել տվեց:

    Արքունիքում իր կնոջը ձեռքերից, ոտքերից և պարանոցից շղթայակապ արեց: Այս վիճակում վեց երկար տարիներ չարչարվեց Աստծո այս մեծ վկայուհին, լոկ հացով և պարզ ջրով սնվելով: Բանտում միայն մի քուրձ ուներ հագին, գոտիով գոտևորված, բոկոտն և բաց գլխով, միայն իր մարմինն էր իր անկողինը: Հակառակ իր բարբարոս ամուսնու պնդումներին, որ իր կրոնը ուրանա և այդպիսով ազատվի այդ թշվառ կյանքից, նա անսասան մնաց հավատքի մեջ:

    Բանտարկության 7-րդ տարում իր կրած սաստիկ տանջանքներից հյուծված և մաշված Շուշանիկը հիվանդանում է: Նույն այդ բանտում էլ մարտիրոսական մահվամբ կնքում է իր առաքինի կյանքը: Բարեբախտաբար վերջին վայրկյաններին նրա մոտ էին քաղաքի եպիսկոպոսը, նրա պալատի երեցը և Վազգենի եղբայր Ջոջիկ իշխանը, որը չէր ուրացել և առանց լուրջ հաջողությունների աշխատում էր օգտակար լինել իր հարսին: Նրանք նրա ցանկության համաձայն նրան թաղեցին այն փոքրիկ խցում, որտեղ Վազգենի ուրացումից հետո առաջին անգամ ապաստան էր գտել:

    Շուշանիկի գերեզմանը մինչ այսօր պահպանված է Թիֆլիսի միջնաբերդի բանտում: Շուշանիկն իր հետ մի փոքրիկ Ավետարան ուներ, հավանաբար իր տատիկից՝ Սահականուշից, ժառանգություն մնացած, որին էլ իր հերթին Ս. Սահակից էր տրվել: Իր մեծագույն մխիթարությունն այս Ավետարանի ընթերցանության մեջ էր գտնում:

    Վախճանված է համարվում 475 թ.-ին, 60 տարեկան հասակում:

    Լիակատարը հետևյալ կերպ է ներկայացնում նրա կյանքի վերջին վայրկյանները.

    «Այս տրտմության հովիտից ելնելու ժամանակ, ինքն իրեն Ս. Հաղորդության արժանավոր ընդունելությանը պատրաստեց: Եվ իր միտքն առ Աստված ուղղելով՝ այսպես ասելով աղոթեց. «Տեր Աստված, ընդունիր աղախնուդ հոգին»: Եվ այսպիսի բարի խոստովանությամբ Վարդուհի-Շուշանը Քրիստոսի ձեռքն ավանդեց իր հոգին, իր հորից՝ Վարդանից, հետո ընդունելով նահատակության կատարյալ պսակը»:

    Ինչպես Հռիփսիմեի անունն է կապված Վարագա Ս. Խաչի հետ, այդպես էլ Շուշանիկի անունն է կապված մի այլ նշանավոր Խաչի հետ: Տեսնելով, որ իր ուրացած ամուսնու պատճառով կրակապաշտությունը տարածվում է, աշխատում է փրկել «Ս. կույս Նունեի՝ վրաց առաջին լուսավորչի, նշանագործ Ս. Խաչը» և Հայաստան՝ իր գավառը՝ Տարոն է ուղարկել տալիս այն, որպեսզի չպղծվի ուրացածների կողմից: Այս Խաչը հանձնում է Անդրեաս անունով մի հոգևորականի, որն իր պապի՝ Սահակի, աշակերտն էր: Անդրեասն իր թանկագին ավանդով Սպեր է հասնում և այլևս չի կարողանում առաջ գնալ և 5 տարի մնում է այնտեղ: Ապա լուր է ուղարկում օրվա Մամիկոնյան նախարարության իշխանին, որը Սպեր գալով ստանում է Խաչը և տանում է Տարոն և զետեղում է Մամիկոնյանների Կապույտ ամրոցում, և որից հետո այդ խաչը կոչվում է Շուշանիկի Խաչ: Այստեղից փոխադրվում է Վանանդ գավառի Ս. Խաչ վանք, ապա Կարս քաղաք, ապա 164 տարի հետո Անի, որտեղ մնում է 142 տարի: Երբ Անին թաթարների կողմից գրավվում է՝ այս խաչն էլ անհետանում է:

    Փեշտիմալճյանի Հայսմավուրքը Շուշանիկին հիշատակում է դեկտեմբերի 29-ին, իսկ Մարզվանցունը դեկտեմբերի 25-ին: Ներկայումս մենք Շուշանիկի հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը, Փեփրոնե և Մարիանե կույսերի հետ: Հատուկ շարական չունի:

     

    «Հայազգի Սուրբեր»Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 23.15-25

     Օսեե 14.6-8

     Բ Կորնթացիներ 6.16-7.1

     Ավ. ըստ Ղուկասի 6.20-23

    shape
    book-shape