shape

Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետի հիշատակության օր

  • 11 դեկտեմբերի, 2021 թ.
  •  

    Առհասարակ ժողովրդականություն վայելող սրբերի կյանքը այնքան է զարդարվում հրաշալի իրադարձություններով, որ երբեմն պատմական դեպքերը և թվականները բոլորովին անտեսվում են և սուրբը գրեթե առասպելական մի անձնավորության է վերածվում: Սրանցից է նաև Սուրբ Նիկողայոս Հայրապետը:

    Մեր տոնացույցում կան երկու Նիկողայոսներ, որոնք տոնախմբվում են դեկտեմբերի սկզբին, մեկը մյուսից երկու շաբաթ տարբերությամբ, երբեմն, Ս. Աստվածածնի հղության տոնի պատճառով, որը անփոփոխ է և միշտ տոնվում է դեկտեմբերի 9-ին, նրանք իրար հետ են տոնախմբվում, այդպես պատահեց 1972 թ.-ի նոյեմբերի 25-ին:

    Հույները և լատինները մեկ Նիկողայոս Հայրապետ ունեն՝ Մյուռայի Եպիսկոպոսը, որևէ «Զմյուռնայի Հայրապետ» Նիկողայոս նրանք չունեն, ինչպես նաև չունեն մեր Հայսմավուրքները: Այնպես որ մնում է միայն Մյուռայի Ս. Նիկողայոս Հայրապետը, որի մասին էլ մենք պիտի խոսենք:

    Ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա կոչված հին գավառի Բաթարա քաղաքում, որը ներկայիս Անթալիա քաղաքից շատ հեռու չէ: Մեծահարուստ, բայց միևնույն ժամանակ շատ բարեպաշտ և բարեգործ հոր զավակ է, նրա մայրը Նիկողայոս Երեց կոչված եպիսկոպոսի քույրն էր: Փոքր տարիքում կորցրեց իր ծնողներին և մորեղbոր խնամատարությամբ բարեպաշտությամբ մեծացավ: Ավետարանի պատգամը. «Եթե ցանկանում ես կատարյալ լինել գնա վաճառիր ամբողջ ունեցվածքդ և աղքատներին բաժանիր», իրեն հասցեագրված համարեց, ուստի սկսեց իր հորից և մորից մնացած ունեցվածքը վաճառել և աղքատներին բաշխել: Իմանալով, որ ինչ որ երեք աղջիկների հայր չի կարողանում հայթայթել իր աղջիկների օժիտը, գիշերով երեք քսակ պատրաստեց և նրանց բակ նետեց, այդպիսով ազատելով ծնողին դժվար դրությունից: Մորեղբոր կողմից քահանա է ձեռնադրվում: Ս. Երկիր ուխտի գնալու ժամանակ ծովում խիստ ալեկոծություն է սկսում և Նիկողայոսի աղոթքներով ծովը հանդարտվում է:

    Մյուռա քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվում այն ժամանակ, երբ մահանում է տվյալ քաղաքի առաջնորդը: Մեծ եռանդով նվիրվում է իր ծառայությանը, հատկապես իր խնամքի առարկա է դարձնում աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, որբերին և այրիներին: Երբ Լիկիանոսը «վերանորոգում» է Դիոկղետիանոսի հալածանքները, ձերբակալվում և աքսորվում է: Աքսորի ժամանակ էլ չդադարեց Ավետարանի քարոզչությունը: Խաղաղության վերահաստատվելուն պես իր աթոռը վերադարձավ: 325 թ.-ին ներկա եղավ Նիկիայի ժողովին: Հաջորդ տարի խաղաղ և երջանիկ մահվամբ կնքեց իր կյանքը:

    Համարվում է ոչ միայն նավաստիների պահապան սուրբը, այլ մանավանդ մանուկների, որոնց հանդեպ միշտ հատուկ հոգատարություն էր ցուցաբերել: Ամերիկյան շրջանակներում տարածում գտած «Սանտա Կլաուս»-ի բացատրությունը, որը համապատասխանում է մեր Կաղանդ Պապին, «Սանտա Նիկոլաս»-ի աղավաղված տարբերակն է: Համայն Ռուսաստանի պահապան սուրբն է համարվում: Նրա ժողովրդականությունը արևմուտքում սկսվում է այն օրվանից, երբ իր մասունքները 1087 թ.-ին փոխադրեցին Իտալիայի Բարի քաղաքը, որտեղ իր անվամբ մի փառավոր տաճար է կառուցված:

    Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Եզեկիել 3.16-19

     Բ Տիմոթեոս 3.10-15

     Ավ. ըստ Հովհաննեսի 10.11-16

    shape
    book-shape