shape

Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

  • 04 փետրվարի, 2021 թ.
  • .

    Թեպետ նրանք մեր պատմության ու տոնացույցերի մեջ հիշվում են որպես քահանաներ, սակայն իրականում ապրել են որպես ճգնավորներ, հետևաբար իբրև մեր եկեղեցու հնագույն մարտիրոսներից և ճգնավորներից առաջինները, մենք հայ ճգնավորների համար հատկացված այս գլուխը սկսում ենք Ոսկյաններով:

    Ըստ ազգային ավանդության, սրանք հռոմեացի հինգ պատգամաբերներ էին, որոնք առաջին դարի կեսերին, հռոմի կայսեր կողմից ուղղարկվել էին Հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Նրանք Հայաստանում հանդիպեցին Թադեոս առաքյալին, լսեցին նրա քարոզչությունը, դարձի եկան և նրա կողմից մկրտվեցին: Սրանց գլխավորը Քրյուսի էր կոչվում, որը թագմանաբար նշանակում է ոսկի, և, հավանաբար, պատմության ընթացքում սրանք էլ հայացան և կոչվեցին Ոսկյաններ: Թադեոս Առաքյալը սրանց գլխավորին՝ Ոսկուն, քահանա է ձեռնադրում:

    Նրանք հրաժարվեցին իրենց աշխարհիկ առաքելություններից, վաճառեցին իրենց զենքերը և ձիերը և իրենց մոտ եղած հարստության հետ միասին բաժանեցին աղքատներին և հետևեցին Թադեոս առաքյալին՝ նրա քարոզչության ընթացքին, ինչն էլ առիթ եղավ, որ նրանք ավելի հարստանան հոգևոր գիտելիքներով և հաստատվեն իրենց նոր կրոնի մեջ:

    Թադեոս առաքյալի նահատակությունից հետո, նրանք առանձնացան Ծաղկավետ կոչվող լեռներում՝ Եփրատի հարավ-արևելյան մեծ ճյուղը կազմող Արածանի գետի ակունքների մոտ, այսօրվա Դիրադինեից ոչ շատ հեռու, Աղր նահանգում:

    Այստեղ իրենք իրենց խիստ ճգնությունների ընծայեցին և փայլեցին մշտամրմունջ աղոթքներով և հրեշտակային վարքով: Իբրև ընտիր ոսկի Աստվածային մաքրող կրակով զտվելով և փորձվելով՝ Ս. Հոգու տաճար եղան: (Լիակատար էջ 136ա)

    Վկայաբանությունն ավելացնում է, որ այստեղ ավելի քան քառասուն տարիներ ճգնելուց հետո. «Աստվածային ազդեցությամբ» իջան լեռներից և Հայոց Արտաշես թագավորին և Սաթենիկ թագուհուն Ավետարանը քարոզելու համար գնացին արքունիք: Սրանք թեև անտարբեր մնացին, բայց արգելք չեղան նրանց քարոզչությանը: Ի վերջո Սաթենիկ թագուհու պալատականները, որոնք իր հետ եկել Էին Ալանաց աշխարհից, հավատացին և Ոսկյաններին հետևելով դեպի լեռները գնացին և այնտեղ էլ՝ Եփրատի ակունքներում մկրտվեցին: Սրանք 17 հոգի էին և խմբի գլխավորի անունը Սուքիաս լինելու պատճառով խումբը ծանոթ է «Սուքիասյաններ» անվամբ:

    Պալատում, երբ իմացան սրանց (Սուքիասյանների) փախուստի մասին, արքայորդիները՝ Վնոն և Վրոն, փնտրեցին և ի վերջո սրանց գտան Ծաղկավետ լեռներում: Իբրև ազգականներ խնդրեցին, որ պալատ վերադառնան, բայց Սուքիասանք հանձն չառան վերադառնալ: Արքայորդիները տեսնելով նրանց անդրդվելի հավատը,  դիմեցին Ոսկյաններին, որպեսզի նրանց համոզեն պալատ վերադառնալ, անշուշտ հրաժարվելով նոր կրոնից: Սրանք, ընդհակառակը, ավելի հաստատեցին նրանց իրենց կորոնի մեջ: Եվ որովհետև արքյորդիները, չհամարձակվեցին վնաս հասցնել Սուքիասյանց՝ իրենց ազգականները և մեծերը լինելու պատճառով, իրենց ամբողջ զայրութը թափեցին Ոսկյանների վրա՝ նույն տեղում մեկ առ մեկ սպանելով նրանց՝ առաջին դարի վերջերը կամ երկրորդ դարի սկզբները: Փախուստով կենդանի մնացած երկու մանուկներ գտան նրանց և պատվով թաղեցին սրբերին:

    Նրանք մեր Հայսմավուրքներում հիշատակվում են Սեպտեմբերի 19-ին, իսկ ներկայումս տոնվում են առանձին՝ Առաջավորաց պահքի հաջորդ հինգշաբթի օրը: Իսկ եթե Տեառնընդառաջն այդ օրն է հանդիպում, որը լինում է, երբ տարեգիրը «Ո» է լինում, այդ ժամանակ տոնվում է նախընթաց երեքշաբթի օրը՝ Սուքիասյանց հետ:

    Ի հարգանս նրանց գրվել է հատուկ Մանկունք շարական, որտեղ խտացրած ձևով ներկայացվում է իրենց պատմությունը:

    «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյան

     

     Առակներ 24.1-12

     Երեմիա 30.18-22

     Բ Տիմոթեոս 3.10-12

     Ավ. ըստ Մատթեոսի 5.1-12

    shape
    book-shape