shape

Սուրբ Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օր

  • Հոկտեմբեր 10, 2019
  •  

    Սուրբ Պանդալեոն բժիշկ

    Նիկոմիդայից է, հեթանոս հոր և քրիստոնյա մոր որդի: Մայրը, քրիստոնեության սերմը նրա մատաղ սրտի մեջ հազիվ ցանած, մահացավ: Մանուկը հեթանոս հոր կրոնի համաձայն մեծացավ: Բարձր ուսում ստացավ և բժշկությանը նվիրվեց և օրվա կայսր Մաքսիմինոսի ուշադրությանն արժանացավ, որն էլ նրան հանձնեց իր բժշկապետի խնամքին: Աստծո նախախնամությամբ Երմողայոս քահանային հանդիպեց, որը նրա մեջ ծլեցրեց և աճեցրեց բարեպաշտ մոր ցանած ցերմերը, և նա Քրիստոնեության կրոնի ճշմարտության մասին համոզմունք ձևավորեց: Իր նոր հավատի մեջ մի հրաշքով ավելի ամրացավ: Մի օր իր շրջագայության ժամանակ մի երեխայի հանդիպեց, որը օձի խայթոցից մահացել էր, օձն էլ նրա մոտ էր: Քրիստոսի զորությանը վերահասու լինելու ներշնչումն ունեցավ և ասաց. «Ո՛վ մեռյալ մանուկ, հանուն Հիսուս Քրիստոսի ոտքի կանգնի՛ր, իսկ դու չար գազան այս երեխայի հանդեպ գործած քո չարիքի պատիժը ստացի՛ր»: Նույն վայրկյանին երեխան հարություն առավ և օձը սատկեց: Երմողայոսի մոտ վազեց, պատմեց դեպքի մասին և խնդրեց, որ իրեն մկրտի: Իր մեջ հեթանոս հորը դարձի բերելու բուռն փափագ արթնացավ, ինչը որ հաջողվեց նրան, երբ հոր ներկայությամբ մի կույրի աչքերը բժշկեց՝ երկուսն էլ (կույրն ու հայրը) դարձի եկան: Հոր մահից հետո իր ամբողջ ժառանգությունը չքավորների համար գործածեց: Պանդալեոնը իր գործունեությամբ երեք տեսակ չարիքներ էր բուժում, աղքատություն, հիվանդություն և մեղք, քանի որ թե՛ հիվանդներին Քրիստոսի անունով բժշկում էր, թե՛ չքավորներին էր օգնում և թե՛ դարձի էր բերում:

    Բնական էր, որ նրա համբավը և ժողովրդականությունը մյուս բժիշկների նախանձը շարժեց, որոնք էլ Մաքսիմինոս կայսեր (286-305) մոտ նրան ամբաստանեցին: Հակառակ այն իրականությանը, որ կայսեր ներկայությամբ նրա բարեխոսությամբ ու աղոթքով մի հաշմանդամի կատարյալ բժշկություն եղավ, սակայն կայսրը իր հոգևոր հաշմանդամությունից չբուժվեց, այլ ընդհակառակը՝ Պանդալեոնին ենթարկեց այդ ժամանակների գրեթե բոլոր ծանր չարչարանքներին, որոնցից Աստծո ծառան հրաշքով ողջ մնաց: Մաքսիմինոսը հասկանալով, որ նրա դարձի պատճառը Երմողայոս քահանան է եղել, նրան նահատակել տվեց: Ի վերջո Պանդալեոնին գլխատել տվեց: Վկայաբանները ասում են, որ նրա կտրած պարանոցից արյան փոխարեն կաթ եկավ: Նա նաև, իր կատարած բարիքների համար, որոնցից վերջինը, իրեն չարչարողների համար թողություն խնդրելն էր, կոչվել է Պանտալեիմոն, որը «ամենողորմ» է նշանակում:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրոդ հինգշաբթի օրը:

     

    Երմողեա քահանա

    Ինչպես պիտի ակնարկենք Պանդալեոն բժշկի պատմության մեջ, Երմողայոսը ծերունազարդ քահանա էր, որի ազդեցության ներքո Պանդալեոնը «ֆիզիկական բժշկության արվեստը թողնելով՝ հոգևոր բժիշկ լինելու կոչումը զգաց իր մեջ»: Իր այլ ընկերների հետ նահատակվեց Մաքսիմինոս կայսեր կողմից:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրոդ հինգշաբթի օրը:

     

    Եվպրաքսիա կույս

    Անվան հունարեն տարերակը Եվպրաքսիա է, նա մեր եկեղեցու վերջին համաքրիստոնեական կույս վկայուհին է: Մինչ այժմ հիշատակվածները ապրել են հալածանքների դարերում և բոլորն էլ ահռելի չարչարանքների են ենթարկվել և մի քանի բացառությամբ, բոլորն էլ իրենց կյանքը կնքել են նահատակությամբ: Եվպրաքսեով սկսվում է բացառիկ բարեպաշտ այն կանանց շարքը, որոնք իրենց ենթարկել են կամավոր զրկանքների, չարչարանքների և ճգնողականության և հանդիսանում են նվիրումի և աստվածասիրության տիպար:

    Եվպրաքսեն բարեպաշտ հայ և նույնքան և ավելի սրբուհի մայր ունենալու բախտ է ունեցել, որի անունն ու ոգին ինքը ժառանգել է: Նրա ծնողները մեծահարուստ և ազնվական տոհմից էին, ազգական է Թեոդորոս կայսրերին, որոնցից «Մեծի» օրոք ծնվել է՝ 381 թ.-ին, «Փոքրի» (408-450) օրոք մահացել Եվպրաքսեն: Հայրը մահացավ, երբ նա հազիվ հինգ տարեկան էր: Մոր հետ տեղափոխվեցին Եգիպտոս, որտեղ, հաճախակի այցելելով Թեբայիդայի կուսանոցը, ապրեցին մեծ բարեպաշտությամբ: Տպավորված կույսերի վանքի մաքուր մթնոլորտից, Եվպրաքսեն, մոր քաջալերությամբ, որոշեց վանք մտնել: Մայրը համոզված լինելով, որ այլևս իր հոգեհատորը ապահով ձեռքերում է, ամեն տեղ աղքատներին, դժբախտներին և հիվանդներին օգնության հասնելով, իրեն ամբողջությամբ՝ միչև մահ, բարեգործությանը նվիրեց: Կայսրը, իմանալով մայր Եվպրաքսեի մահվան մասին, մի բարձրաստիճան ազնվական իշխանի հետ ամուսնացնելու նպատակով, Բյուզանդիա է հրավիրում կրտսեր Եվպրաքսեին: Կույսը խնդրեց կայսրին, որ կայսրը նրան ազատի երկրավոր հարստություններից, քանի որ ինքն արդեն հարսնացել է Երկնավոր Փեսային: Միաժամանակ խնդրեց, որ իր ամբողջ իշխանական ժառանգությունը դրամի վերածվի և աղքատներին բաժանվի, իսկ իրենց տան գերիները և պաշտոնյանները վարձատրվեն և ազատ արձակվեն: Կայսրը Եվպրաքսեի խնդրանքներին ընդառաջեց և թողեց, որ նա իր կուսական կյանքը շարունակի վանքում: Մայրապետի առաջնորդությամբ և հոգածությամբ Եվպրաքսեն առաջ ընթացավ քրիստոնեական կատարելության և ճգնողության մեջ: Տասներկու տարեկանը լրանալուց հետո նա օրական միայն մեկ անգամ էր կերակուր ուտում: Մի քանի տարիներ հետո, միայն երկու օրը մեկ անգամ էր կերակրվում, մինչև որ իր համար սովորություն դարձրեց շաբաթական մեկ անգամ կերակրվել: Իշխանական ծագմամբ այս կույսը սիրում էր կատարել վանքի բոլոր գործերը՝ ավլել, մաքրել, ջուր կրել և նմանատիպ այլ հասարակ գործեր: Ներքին զորավոր պայքարներ ունեցավ, որոնց բոլորին էլ պահքով և աղոթքով հաղթեց: Իրեն նախանձողներ էլ ունեցավ, որոնց սիրով ներեց և նրանց դարձի համար աղոթեց: Նրա ձեռքով հրաշքներ էլ կատարվեցին: Այսպես ճգնավորական կյանքով և աղոթքով ինքն իրեն հոգևորապես կատարելագործեց և  խաղաղությամբ երեսուն տարեկան հասակում առ Աստված փոխադրվեց, և իր վանքում, իր մոր մոտ թաղվեց:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ հինգշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 4.20-27

     Երեմիա 15.19-20

     Ա Կորնթացիներ 12.1-7

     Ավ. ըստ Մատթեոսի 9.35-10.1

    shape
    book-shape