shape

Սուրբ Ստեփանոս Ուլնեցու և սուրբ վկաներ՝ Գոհարինեի, Ծամիդեսի, Տյուքիկոսի և Ռատիկոսի հիշատակության օր

  • 31 օգոստոսի, 2020 թ.
  •  

    Սուրբ Ստեփանոս Ուլնեցի ✝363

    Ծնվել է Տավրոս լեռան լանջերի Կոկիսոն քաղաքում: Հայտնի են նրա հոր և մոր անունները՝ Ղազար և Մարիամ: Ստեփանոսն ուխտի զավակ է համարվում և մեծացել է իրեն կնքող քահանայի հոգածության և դաստիարակության ներքո, որի մասին պատմում են, թե «Այս պատվական քահանան ամեն օր Սբ. Պատարագ էր մատուցում և ամեն կիրակի, մյուս քրիստոնյաների հետ նաև Ստեփանոսին, Տիրոջ կենարար Մարմնի և Արյան խորհրդին էր հաղորդակցում: Եվ այսպես իմաստությամբ և Սբ. Հոգու շնորհներով մեծանում և զորանում էր պատանի Ստեփանոսը: 15 տարեկան հասակում արդեն իսկ կրթված էր աստվածային պատվիրաններով և գիտակ էր Աստվածաշնչին (Լիակատար էջ 442):

    Որոշ ժամանակ հետո, երբ քահանան զգաց, որ այլևս հասել է այս աշխարհից իր մեկնելու ժամանակը, իր մոտ կանչեց Ստեփանոսին և ասաց. «Որդյակ, այլևս չափահաս ես, նախ դու ամուր մնա հավատքիդ մեջ և ապա քաջալերիր փոքրիկ հոտին, որպեսի հավատքի վերաբերյալ երկմտելով չտարակուսեն, մինչև որ Աստված նրանց մի նոր տեսուչ ուղարկի»:

    Հուլիանոս կայսրը, երբ պարսիկների դեմ պատերազմի գնալու ժամանակ Կեսարիա է հասնում, հալածիչներ է ուղարկում շրջակա բնակավայրեր, որպեսզի քրիստոնյաներին վերստին կռապաշտության հրավիրեն: Նրա մարդկանցից մեկը՝ Կոկիսոնը, եկավ և ամեն կողմ սարսափ էր տարածում: Ստեփանոսը տեսնելով, որ քրիստոնյաների մեջ ահ ու դող է ընկել և վախենալով, որ ոմանք չարի խոստումներից կհրապուրվեն, կամ չարչարանքների չդիմանալով կկորցնեն իրենց հավատքը և հավիտենական կյանքը, նրանց համոզեց, քաղաքից հեռանալով լեռները բարձրանան և այնտեղ, ավելի ապահովությամբ շարունակեն քրիստոնյա մնալ: Եվ իր հետ վերցնելով իր ընտանիքն ու ընկերներին և յոթ կույսերի՝ թվով 33 հոգի, լեռը բարձրացան: Ճանապարհին նրա հայրը՝ Ղազարը, առաքինի մահվամբ մահացավ, իսկ մյուսները մի մեծ քարայրի մեջ, որի մոտ անուշահամ աղբյուր էր բխում, ապաստան գտան: Աստծուն գոհություն մատուցեցին «Եվ անդադար, Ստեփանոսի առաջնորդությամբ հոգևոր երգերով և սաղմոսներով Աստծուն էին օրհնում»: Մի հովիվ գտնելով նրանց թաքնված վայրը, նրանց մատնում է նոր եկած հալածող դատավորին, որը զինվոր ուղարկելով իր մոտ բերել տվեց: Երբ ոմանք լացում էին և տարակուսանքի մեջ էին, Ստեփանոսը նրանց քաջալերելով ասում էր. «Մի՛ վախեցեք, գնանք, մինչև հիմա միասին ապրեցինք, միասին էլ նահատակության պսակը ստանանք»:

    Երբ դատավորին ներկայացան, վերջինս ասաց. «Մի կողմ դրեք ձեր համառությունը, հնազանդվեք կայսրական հրամանին և ոչ ոք ձեզ չի վնասի և ձեր քաղաքում խաղաղ պիտի ապրեք»: Ստեփանոսը բոլորի անունից ասաց, որ չեն կարող հրաժարվել իրենց կրոնից և պատրաստ են ամեն չարչարանքի և մինչև իսկ մահվան ենթարկվել:

    Այդ ժամանակ դատավորը հրամայեց կանանց բանտ նետել, իսկ տղամարդկանց կապել և խիստ ծեծի և զանազան չարչարանքների ենթարկել: Այդ տանջանքների ընթացքում Բագրատ անունով մի պատանի մահացավ: Ապա բանտարկյալ կանանց էլ հրավիրեցին, որպեսզի ուրանան: Ստեփանոսի մայրը՝ Մարիամը, բոլորի առջև կանգնելով ասաց, որ պատրաստ են մահանալ հանուն երկնքի և երկրի Արարիչ իրենց Աստծո, քան թե կուռքերին երկրպագել: Այդ ժամանակ բոլորին քաղաքից դուրս հանեցին և մեկ առ մեկ գլխատեցին:

    Իսկ տղամարդկանց նախ այրելու դատապարտեցին, բայց երբ տեսան, որ հուրը նրանց չի վնասում, քաղաքից դուրս հանեցին, և կանանց գլխատման վայրից ոչ հեռու, բոլորին գլխատեցին: Հայսմավուրքը մեկ առ մեկ տալիս է բոլորի անունները: Հեթանոսները տեսնելով նրանց մահը դիմավորելու արիությունը և խաղաղությունը, հավատացին և 33 նահատակների փոխարեն ավելի քան 90 նորադարձեր եղան: Մինչ այդ Հուլիանոսն արդեն սպանվել էր պարսիկների հետ մարտերի ժամանակ, իսկ նոր կայսրը վերջ տվեց հալածանքներին:

    Նահատակության տեղերում երեք եկեղեցիներ կառուցվեցին, մեկը կանանց նահատակության վայրում, այսօրվա Մարաշ քաղաքից ոչ շատ հեռու: Ստեփանոսը Ուլնեցի կոչվեց պարզապես այն պատճառով, որ իր անունով կառուցված եկեղեցին այդ քաղաքի մոտ էր:

    Հայսմավուրքները Ստեփանոսի և իր ընկերների նահատակությունը օգոստոսի 1-ին են նշել: Իսկ ներկայումս մենք տոնում ենք Վերափոխմանը հաջորդող երրորդ երկուշաբթի օրը:

     

     Սուրբ վկաներ՝ Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս 

    Սրանք չորս եղբայրներ են: Սեբաստացի Դավիթ անունով մի հայ իշխանավորի որդիներն են, որը գերի էր ընկել և իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ իսլամ ընդունելուց հետո միայն կարողացավ ազատվել գերությունից: Սակայն Դավթի կինը ոչ միայն ինքը քրիստոնյա մնաց, այլ որպես քրիստոնյաներ մեծացրեց իր կրտսեր չորս արու զավակներին, որոնց անուններն են Գոհարինոս, Ռատիկոս, Ծամիդոս, և Տուքիկոս: Սրանք չափահաս դառնալուց հետո Սեբաստիայի բանակը մտան և համարձակորեն պաշտում էին իրենց քրիստոնեական կրոնը: Սակայն, երբ հայտնի դարձավ, որ իսլամ հոր զավակներ են, որպես իսլամությունից դարձածների ամբաստանվեցին և քաղաքի իշխանին մատնվեցի ու հարցաքննության ենթարկվեցին: Սակայն նրանց իսլամացած երեց եղբայրը՝ Արեգը, մի կերպ նրանց ազատեց: Քրիստոնյա եղբայրները սրանից գոհ չմնացին, քանզի որպես իսլամացածներ համարվեցին: Ուստի թողեցին զինվորությունը, Ռատիկոսը որպես կրոնավոր Սբ. Նշան վանքը գնաց, իսկ մյուսները շարունակեցին ազատ և համարձակ քրիստոնյա մնալ:

    Նորից մատնվեցին Սեբաստիայի իշխանին և հարցաքննությունից հետո հայտնեցին իրենց քրիստոնյա լինելու մասին: Սպառնալիքները, խոստումները և խոշտանգումներն անօգուտ եղան: Ի վերջո գլխատման հրաման արձակվեց, որը գործի դրվեց 1156 թ.-ի հունվարի 28-ին: Չորս մարտիրոսների մարմիններն ու գլուխները ամփոփվեցին մի գետի եզերքին, քառակուսի կոչված ճանապարհի մոտ:

    Գոհարինոսի որդին՝ Թեոդորոսը, որն արդեն չափահաս լինելով կրոնավոր էր դարձել, ամբաստանվեց իշխանի մոտ, թե հայհոյում է նրան՝ իր հոր և հորեղբայրներին սպանել տալու համար: Ձերբակալվեց և սովորության համաձայն ուրանալ առաջարկվեց, ինչը որ խստիվ մերժեց և իբրև մերժման հետևանք, ծեծի և չարչարանքների ենթարկվեց և ի վերջո բանտարկվեց: Բանտից հանելով բռնի կերպով ցանկացան մզկիթ մտցնել, չցանկացավ մտնել, սրով և գավազաններով բռնադատեցին, բայց անարդյունք, հուսահատվելով նորից բանտ նետեցին: Վերջ ի վերջո Թոտոս կոչված ուրացող դատավորին հանձնվեց, որը քաղաքի մեջ չարաչար ծեծի ենթարկելուց հետո, մարմինը կտոր-կտոր անելով սպանեց նրան իր հոր նահատակությունից 5 ամիս հետո:

    Գոհարինյանները տոնախմբվում են Վերափոխման կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, Ստեփանոս Ուլնեցու հետ:

    Լիակատարի մեջ թեև ցանկում համառոտակի ներկայացված է նրանց նահատակությունը, բայց որպես տոնելի չեն ներկայացվել: Իսկ մյուս երկու Հայսմավուրքներում գրեթե նույն բառերով պատմվում է նրանց մասին, Մարզվանցու մեջ հուլիսի 28-ին է նշվում, իսկ Փաշտիմալճյանի մոտ հուլիս 30-ին:

     

    «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 10.1-7

     Եսայի 44.24-26

     Եբրայեցիներ 4.11-15

     Ավ. ըստ Մատթեոսի 5.1-12

    shape
    book-shape