shape

Սուրբ Թեոդիտոն քահանայի, Զենոն զինվորի, Մակարի, Եվդոքսեայի և Ռամելասի հիշատակության օր

  • 20 հոկտեմբերի, 2020 թ.
  •  

    Թէոդիտոն կամ Թեոդորիտոս քահանա

    Մեր տոնացույցում Թեոդիտոն անունով մի քահանա կա, սակայն ո՛չ մեր Հայսմավուրքներում և ոչ էլ լատին, կամ հույն տոնացույցներում չհանդիպեցինք նմանատիպ անուն կրող քահանայի: Փոխարենը կա Թեոդորիտոս անունով մի քահանա, որին Թորգոմ Պատրիարքը նույնն է համարում մեր Թեոդիտոն Քահանայի հետ: Նույնը անում ենք նաև մենք: Սակայն այսուհանդերձ մի փոքր խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ լատին տոնացույցի մեջ հիշատակվում են երկու Թեոդորիտոս քահանաներ, երկուսն էլ Անտիոքից, մեկը տոնվում է հոկտեմբերի 23-ին, մյուսը՝ հաջորդ օրը: Երկուսն էլ նահատակվել են 362թ.-ին Հուլիանոս Ուրացողի հրամանով: Մենք որդեգրում ենք հոկտեմբերի 24-ին տոնվողին:

    Ըստ այդմ այս Թեոդորիտոն քահանան ավագերեց է Անտիոքի մեծ եկեղեցում: Հուլիանոս Կոմսը, որը ներկայանում է որպես Ուրացողի հորեղբայրը և Արևելյան նահանգների կառավարիչ, հրամայում է, որ բոլոր եկեղեցականները աքսորվեն, որպեսզի ավելի դյուրությամբ կողոպտի եկեղեցական գանձերը: Թեոդորիտոսը, որը միաժամանակ նաև հանդիսանում էր Անտիոքի մեծ եկեղեցու սպասքների և անոթների պատասխանատուն, չի հեռանում եկեղեցուց և մերժում է եկեղեցական սպասքները հանձնել ու միաժամանակ շարունակեց սովորական դարձած աստվածային պաշտամունքը և քարոզչութունը: Հուլիանոս Կոմսը հրամայում է ձերբակալել և ատյան տանել նրան: Սովորության համաձայն նախ չարչարանքների է ենթարկվում:

    - Այս ամենին հակառակ ես թշնամուն պարտության պիտի մատնեմ, – ասաց երանելի քահանան:

    - Եվ ո՞վ է այդ թշնամին,- հարցրեց բռնակալը:

    - Դևն է, որին ծառայում եք դուք և որի համար պայքարում եք: Հիսուս Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչը, Նա է, որ ինձ պիտի պարգևի այդ հաղթանակը, իսկ դու, ահավոր չարչարանքների ենթարկվելով, պիտի մահանաս: Քո տերն էլ (ակնարկելով Հուլիանոս Ուրացողին) պիտի պարտվի՝ մի անծանոթ ձեռք պիտի սպանի նրան:

    Սրա վրա գլխատման վճիռ արձակվեց, նույն տեղում էլ գլխատվեց և նահատակության պսակը ստացավ: Իսկ նրա նախատեսությունները տառացիորեն իրականացան: Հուլիանոս Կոմսը մի անհայտ հիվանդությամբ վարակվելով՝ չարաչար մահացավ, իսկ Ուրացողը պարսիկների դեմ իր կազմակերպած պատերազմի ժամանակ մի անհայտ նետից խոցվելով մահացավ:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող վեցերորդ կիրակիից հետո եկող երեքշաբթի օրը:

     

    Եվդոքսիոս, Զենոն, Մակարիոս և Ռամելաս

    Սրանք միասնաբար են տոնվում ինչպես մեզ, այդպես էլ հույների մոտ: Մենք նրանց հիշատակում ենք Ս. Խաչին հաջորդող Զ կիրակիից հետո եկող երեքշաբթի օրը, հույները՝ սեպտեմբերի 6-ին: Իսկ լատինները առաջին երեքին և «իրենց 1104 ընկերներ» հավելադրությամբ առանձին են տոնում և նահատակված են համարում Դիոկղետիանոս կայսեր օրոք Մալաթիայում: Իսկ Ռամելասին, «Հռոմոլոս» անվան տակ, նահատակված են համարում Տրայանոսի օրոք (97-117թթ.-ին), Հռոմում: Դրությունը խառն է նաև մեր Հայսմավուրքներում: Իսկ Թորգոմ Պատրիարքի «Սուրբք և Տոնք»-ի մեջ (էջ 71) Ռամելասի փոխարեն ավելացված է «Անդրեաս», որն ըստ մեր ենթադրության՝ ձեռագրի, կամ ընթերցման վրիպում է: «Լիակատար»-ը, հետևելով լատինական տարբերակին, ընդարձակ վկայաբանություն ունի Եվդոքսիոսի մասին (էջ 724) և միայն ուղղակի հիշատակում է, որ նրա հետ նահատակվել են նաև Զենոնը և Մակարիոսը, որոնք նրա որդիներն է համարում: Իսկ Ռամելասին, հետևելով լատինական Հայսմավուրքներին, առանձին է հիշատակում: Մենք իհարկե պիտի ընդունենք հունական տարբերակը, քանի որ այս սուրբերը միայն նրանց կողմից կարող էին հասնել մեզ: Ըստ այդմ նրանք Գաղիայում գտնվող մի բանակի գլխավորներն էին: Սակայն, երբ հայտնի է դառնում, որ բանակում գրեթե բոլորը քրիստոնյա են դարձել, ուղարկվում են Մալաթիա, որտեղ տեղի կայսերական ներկայացուցիչը բոլորին հրավիրում է կռապաշտության: Միասնաբար մերժում են և միասնաբար էլ նահատակվում են Բ դարի սկզբներին:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 1.11-15

     Երեմիա 3.22-56

     Ա Տիմոթեոս 5.17-21

     Ավ. ըստ Մատթեոսի 10.26-33

    shape
    book-shape