shape

Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր

  • 20 փետրվարի, 2021 թ.
  •  

    Երկու Թեոդորոսներ կան, երկուսն էլ զորավարներ, երկուսն էլ, գրեթե, ժամանակակիցներ և երկուսն էլ նույն ազգությունից, այս իսկ պատճառով և՛ արևելքի և՛ արևմուտքի մեջ հաճախ շփոթել են այս երկու զորավարներին: Այս շփոթությունների և անունների վրա հիմնվելով՝ ոմանք կարծել են, որ Թեոդրոս անունով մեկ զորավար կա, բայց վարքի երկու տարբերակներով:

    Բայց քանի որ մեր օրացույցի մեջ հիշատակվում են նույն անունով երկու սրբեր, մենք նույնպես պիտի ներկայացնենք երկու տարբեր Թեոդորոսների պատմությունները:

    Առաջինը ներկայանում է որպես երկրորդի մորեղբայրը և օտար վարքագիրների մոտ ծանոթ է «Դյուրոն» մականունով, որը հունարեն նշանակում է «նոր գրանցված» կամ «նորեկ» զինվոր: Հավանաբար այդպես է կոչվել, որովհետև, երբ իրեն առաջարկել են աստիճանի բարձրացում՝ նա մերժել է այն ասելով, որ նախընտրում է Երկնային Թագավորի պարզ զինվոր մնալ, քան թե երկրավոր թագավորի՝ զորավար:

    Ծնվել է Ամասյա քաղաքի գյուղերից մեկում՝ քրիստոնյա ընտանիքում: Վաղ հասակում կորցրել է մորը և հոր խնամատարության տակ մեծացել: Մեծացավ որպես առաքինի և ուժեղ երիտասարդ, և այդ շրջանի բանակի հրամանատարը, այս տեսնելով, իր բանակի մեջ վերցրեց նրան: Բուն վիշապասպան Թեոդորոսը հենց ինքն է համարվում և դեպքը հետևյալ կերպ է պատմվում. հերթական ճամփորդության ընթացքում, երբ նա մի գետի մոտ աճած ծառի ստվերում հանգստանում էր, մի հսկա վիշապ օձ նրա վրա հարձակվեց: Թեոդորոսը, վեր ցատկելով, իր սրի հարվածով երկու կես անելով, սատկացրեց դրան:

    304թ.-ին հրապարակվեց Դիոկղետիանոսի հալածանքների հրովարտակը: Թեոդորոսը, որպեսզի հաստատի, որ կուռքերի քարից կամ մարմարից լինելը նրանց աստվածներ չի դարձնում, նույն օրը հրկիզեց իր քաղաքի մեհյանները, և կուռքերը փոշիացան: Այս սխրագործության համար դատարան տարվեց և փաստելու համար, որ կռապաշտների պաշտելիքները չեն տարբերվում սովորական մարմարից և որ հիմարություն է անշունչ քարը և մարդու ձեռագործը կուռք՝ աստված, համարելը, խոստովանեց մեհյանների հրկիզելը: Ծանր չարչարանքների ենթարկվելով բանտարկվեց: Բանտում, ձեռքերը և ոտքերը ծանր կապանքների մեջ, չէր դադարում օրհնության սաղմոսներ երգել Աստծուն: Եվ քանի որ նա այրել էր մեհյաննները, ի վերջո, դատավորն էլ այրելու մահավճիռ է կայացնում: Նահատակվեց 306 թ.-ին: Ս. Գրիգոր Նյուսացին մի հրաշալի ներբող ունի գրած այս Թեոդորոսի մասին: Եվ այս Թեոդորոսն է, որ շփոթությամբ «զորավար» անվան տակ մենք տոնում ենք Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը:

    ԹԵՈԴՈՐՈՍ ՍՏՐԱՏԵԼԱՏ

    Այս Թեոդորոսին մի քանի այլ սրբերի հետ, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեն, մեր եկեղեցին տոնում է Վարդավառի 7-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը «Թեոդորոս վկա» անվան տակ: Հույները և Լատինները նրան հիշատակում են «Ստրատելատ» անվան տակ, որը նշանակում է զորավար:

    Ծնվել է Պոնտոսի Հերակլիա քաղաքում: Լիկիանոս կայսեր օրոք եղել է հռոմեական բանակի զորավար: Այս Լիկիանոսը, թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների հավատքի ազատ դավանության հրովարտակը, բայց հետագայում մտափոխվել էր և հալածանք էր սկսել քրիստոնյաների դեմ: Լիկիանոսը տեղեկանալով, որ Թեոդորոսը ոչ միայն ինքն է քրիստոնյա այլև շատերին քրիստոնյա է դարձնում, հրամայում է նրան հրաժարվել քրիստոնեությունից և վերադառնալ հին կրոնին: Թեոդորոսը, Աստվածային քաջալերությամբ զորանալով, պատրաստակամություն հայտնեց ամեն տեսակ չարչարանքներին ենթարկվել, քան թե ուրանալ Քրիստոսին: Արջառաջլերով ձաղկեցին նրան, մինչև իսկ նրան ձեռքերից կապեցին և կախեցին խաչափայտից: Թեոդորոսը տոկաց բոլոր չարչարանքներին: Ի վերջո, 319թ.-ին գլխատությամբ արժանացավ մարտիրոսության պսակին: 

     

    «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 8.19-9.5

     Եսայի 62.6-9

     Հռոմեացիներ 8.28-39

     Ավ. ըստ Մատթեոսի 10.16-22

    shape
    book-shape