shape

Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

  • 17 դեկտեմբերի, 2019 թ.
  •  

    Թեոպոմպոս Եպիսկոպոս 

    Հայտնի չէ նույնիսկ, թե որ քաղաքի եպիսկոպոսն է եղել: Ապրել է Դիոկղետիանոսի ժամանակներում: Երբ սա հրամայեց իր քաղաքի բնակիչներին երկրպագել կուռքերին, Թեոպոմպոսը չկարողացավ հանդուրժել, այլ առաջ գալով մատնացույց արեց կռապաշտության անամոթությունը: Երբ թագավորը հարցնում է, թե ո՞վ է սա, պատասխանում են. «Սա քրիստոնյաների վարդապետն ու եպիսկոպոսն է»: Երբ թագավորը զայրացած հարցրեց. «Ինչպե՞ս համարձակվեցիր իմ ներկայությամբ այդպիսի բաներ ասել», Թեոպոմպոսը սաղմոսի խոսքերով պատասխանեց. «Վկայում եմ Քրիստոսի մասին «թագավորնների առջև և չեմ ամաչելու»: Այս խոսքի վրա նրան բորբոքված հնոցը նետեցին, որտեղ նա երեք մանուկների օրհներգությունն էր երգում: Նրա չայրվելը կախարդության վերագրեցին և բանտարկեցին, որտեղ քսան օր մնաց անոթի: Դարձյալ թագավորի մոտ տարան և նրա հարցաքննությանը պատասխանեց ասելով. «Իմ Խաչված Աստծո հանդեպ հույսս հաստատուն է, սակայն քեզ հավիտենական տանջանքներ են սպասվում»: Աչքերը հանելով բանտ նետեցին որտեղ շարունակեց սոված մնալ: Ապա կանչեցին Թեովնաս կախարդին և մեծ քանակությամբ ոսկի խոստացան, եթե կարողանա հաղթել Թեոպոմպոսին: Սակայն նրա կախարդությունները սրբին չվնասեցին, որից հետո Թեովնասը հայտարարեց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը և հաղթական է Նրա զորությունը, հավատում եմ Խաչյալ Հիսուս Աստծուն»: Թեոպոմպոսը տակավին շատ այլ չարչարանքների ենթարկվելով գլխատվեց: իսկ Թեովնասը, երբ իր նոր հավատքի մեջ անդրդվելի մնաց, ողջ-ողջ թաղվելով նահատակվեց:

    Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

     

    Թեովնաս

    Թեովնասը նախ կախարդ էր, որին կանչեցին, որպեսզի հակազդի Թեոպոմպոս Եպիսկոպոսին, որը տոկացել եր անսովոր չարչարանքներին և կրակից չէր այրվել: Սակայն հաղթվելով Թեոպոմպոս Եպիսկոպոսի իմաստությունից և բարոյականությունից՝ քրիստոնեություն ընդունեց և նահատակվեց նույն Եպիսկոպոսի հետ 308 թ.-ին:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

     

    Բասոս, Եվսեբ, Եվտիք և Բասիլիդես զինվորներ

    Սրանք չորս զինվորներ էին, որոնք Թեոպոպմոս Եպիսկոպոսին հսկելու էին կարգված և տեսնելով չարչարանքների ընթացքում նրա ցուցաբերած համբերությունն ու քաջությունը, այնքան ազդվեցին, որ իրենք էլ քրիստոնյա դարձան: Դիոկղետիանոսը նրանց իր մոտ կանչեց և նախ զրկեց նրանց զինվորական բոլոր պատիվներից և ապա հարստությունից և բանտ նետեց: Բասոսը նահատակվեց մարմինը սրով կտոր-կտոր արվելով: Եվսեբի մարմինը մուրճով ջարդեցին: Եվտիքեսին չորս ցցերից կապելով և ձգելով մարմինը կտոր-կտոր արեցին: Իսկ Բասիլիդեսի փորը ճեղքեցին և փորոտիքը դուրս թափեցին: Այսպիսի չարաչար տանջանքներով մարտիրոսացան Քրիստոսի քաջարի զինվորները:

    Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Հիսնակի պահոց Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Առակներ 24.1-12

     Երեմիա 15.19-20

     Եբրայեցիներ 12.1-7

     Ավ. ըստ Մատթեոսի 10.26-33

    shape
    book-shape