shape

Սուրբ Թովմաս, Հակոբոս և Շմավոն առաքյալների հիշատակության օր

  • 29 օգոստոսի, 2020 թ.
  •  

    Սուրբ Թովմաս առաքյալ

    Նա ծանոթ է իր թերահավատությամբ: Երբ իր մյուս առաքյալ ընկերներն ասացին, որ տեսել են հարություն առած Տիրոջը, Թովմասը պնդեց, որ մինչև իր աչքերով չտեսնի Նրան և իր ձեռքը չմտցնի Նրա խոցված կողի մեջ, չի հավատա: Արդարև հաջորդ շաբաթ, երբ առաքյալները կրկին հավաքվել էին վերնատան մեջ, Հիսուսը երևաց բոլորին և խոսքը ուղղելով Թովմասին՝ ասաց. «Բեր մատներդ և դիր այստեղ: Ձեռքդ բեր և մտցրու կողիս մեջ, և անհավատ մի եղիր, այլ հավատացյալ»: Այդ պահին Թովմասը ծունկի գալով գոչեց. «Թագավոր իմ և Աստված իմ»: Հիսուսը եզրափակեց ասելով. «Դու տեսար և հավատացիր, երանի նրանց, որոնք չտեսած պիտի հավատան» (Հովհ 20:24-29): Սակայն, հակառակ իր այս թվացյալ թերահավատության, որը ավելի իրապաշտություն է, քան թերահավատություն, մի  առաքինի և քաջ առաքյալ է Թովմասը:

    Երբ Հիսուսի բարեկամ Ղազարոսը մահացավ, Հիսուսը Անդրհորդանանում էր: Երբ իմացավ նրա մահվան լուրը, Հիսուսը որոշեց գնալ և հարություն տալ նրան: Սակայն առաքյալները վարանեցին, քանի որ մի քանի օր առաջ հրեաները քիչ էր մնացել Երուսաղեմում քարկոծեն նրան:

    Այդ ժամանակ Թովմասն, առաջ գալով, ասաց. «Եկեք մենք էլ Վարդապետի հետ գնանք և եթե պետք լինի մահանալ, Նրա հետ մահանանք» (Հովհ. 11:16):

    Հատկապես Հովհաննու Ավետարանից Թովմասը հայտնի է որպես «երկվորյակ»: Եվ ավանդությունը իրեն որպես եկվորյակ եղբայր համարում է Թադեոս Առաքյալին, կամ մեկ այլ աշակերտի:

    Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսին հարցերով ընդհատողներից մեկն էլ նա էր: Երբ Հիսուսը ասում է. «Թե ուր եմ գնում գիտեք և ճանապարհն էլ գիտեք», այս չի բավարարում Թովմասին, որը ասում է.

    - Տե՛ր, չգիտենք, թե ուր Ես գնում, ինչպե՞ս պիտի իմանանք ճանապարհը:

    Հիսուսը, որպես այս հարցի պատասխան, Իր նշանավոր խոսքերից մեկն ասաց.

    - Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և Կյանքը… (Հովհ. 14:4-6):

    Ավանդությունը Թովմասին ուղարկում է այն ժամանակ հայտնի աշխարհի ամենահեռավոր անկյունները՝ Պարթևստան և մինչև Հնդկաստան, որտեղ առաքելական շրջանից ի վեր, քրիստոնեական փոքր եկեղեցի է կազմվել և որոնք հավատացած են, որ իրենց նախահայրերը Թովմաս առաքյալի քարոզչությամբ են դարձի եկել, որի համար էլ իրենք իրենց կոչում են «Ս. Թովմասի քրիստոնյաները»: Առաքյալի գերեզմանն էլ մինչև օրս պահպանվում է այնտեղ, Մադրաս քաղաքի մոտ: Նահատակվել է նետահարությամբ: Թովմասին տոնում ենք Հակոբոս Ալփյանի և Շմավոն Նախանձահույզ առաքյալների հետ, Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

     

    Հակոբոս և Շմավոն առաքյալներ

    Հակոբոսը ծանոթ է, որպես Հակոբոս Ալփյան, որով էլ տարբերվում է Հակոբոս Զեբեդյանից: Այս Հակոբոսից տարբերվելու համար երբեմն Ալփյանը նաև կոչվում է «Կրտսեր Հակոբոս»: Լատին եկեղեցին նրան նույնացնում է Հակոբոս Տեառնեղբայր առաքյալի հետ, ինչին համաձայն չեն արևելյան եկեղեցիները և նրանց թվում նաև մենք: Համարվում է, որ Հակոբոսը ավետարանել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, որտեղ էլ նահատակված է համարվում:

    Շմավոնը, կամ հունարեն ձևով Սիմոնը, Ավետարաններում հայտնի է «Կանանացի» ածականով, որը «նախանձահույզ» է նշանակում: Այս անունով աղանդ, կամ կուսակցություն կար հրեաների մեջ, որոնք միջոցների մեջ առանց խտրականություն դնելու, աշխատում էին իրենց վրայից դեն նետել օտար լուծը և ուրացողներին, կամ օտարամոլ հրեաներին իրենց միջից վերացնել: Նահատակված է համարվում Պարսկաստանում: Տոնվում է Թովմաս առաքյալի հետ միասին:

     

    «Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Իմաստ. Սողոմոնի 9.13-10.3

     Միքիա 7.18-20

     Ա Կորնթացիներ 12.28-13.3

     Ավ. ըստ Հովհաննեսի 20.24-31

    shape
    book-shape