shape

Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր

  • 13 հուլիսի, 2019 թ.
  •  

    Սուրբ Տրդատ թագավոր

    Մեր իրական և պատմական «Քրիստոսի անդրանիկ հավատացյալ թագավորը» Տրդատն է: Հնարավոր է, որ մինչև Տրդատի դարձի գալը եղած լինեն իշխաններ կամ պալատականներ որոնք անհատաբար և ծածուկ ընդունել էին քրիստոնեությունը, բայց վստահաբար ամբողջովին նրան է պատկանում իշխանավորների միջից առաջինը լինելու և պաշտոնապես բացահայտորեն Քրիստոսին դավանելու և պատմության մեջ քրիստոնեությունը մի երկրի և ժողովրդի պաշտոնական կրոնը հայտարարելու անուրանալի փառքը:

    Տրդատը Հայոց Խոսրով Մեծ թագավորի որդին է, որը 240 թ.-ին Պարսից թագավորի սադրանքով, Անակ Պարթև իշխանի ձեռքով սպանվեց: Այս սպանության հետևանքով Պարսիկները արշավեցին Հայաստան և հայ իշխաններից Օտա Ամատունին տեր կանգնելով Խոստովի դստերը՝ Խոսրովիդուխտին, պատսպարվեց Անի (այժմ Կամախ) բերդի մեջ:

    Իսկ Արտավազդ Մանդակունին արքայորդի Տրդատին Արևմուտք փախցրեց:

    Տրդատն իր երիտասարդական տարիներն անցկացրեց Հռոմեական բանակում, կրթվեց զինվորական ասպարեզում և իր քաջագործություններով մեծ անուն հանեց, որոնց թվին է պատկանում Գոթերի թագավորի մոտ որպես Հռոմեական կայսր հանդես գալով՝ նրա հետ մենամարտելը և հաղթելով Հռոմ բերելը: Իբրև հատուցում այդ օրերի կայսրը (հավանաբար 274 թ.-ի) նրան թագ և զորք է տալիս, որպեսզի գնա և տիրանա իր հայրական գահին, որին էլ վերջնականապես հաստատվեց 287 թ.-ին: Սկզբնաղբյուր հանդիսացող Ագաթանգեղոս պատմիչը հետևյալ կերպ է ներկայացնում Տրդատի արտաքինը. «Ամրակազմ և զորեղ էր, պինդ և խոշոր ոսկորներով, մարմնով հաղթանդամ էր և քաջ ու հզոր պատերազմող, բարձրահասակ և լայնաթիկունք էր»: Ամուսնացավ Ալանաց դստեր Աշխենի հետ:

    Իր դիվանապետ Գրիգորին (Ս. Լուսավորիչ) հալածելու և Խոր Վիրապ նետելու բաժնում պատմեցինք նրա մասին: Դրանից հետո հրովարտակ է հրապարակում, որի համաձայն երկրի բոլոր քրիստոնյաները հալածվում են և կռապաշտություն է պարտադրվում, չընդունողներին գլխատում են և գույքը պետականացնում: Ահա այս օրերին էր, որ ասպարեզ են գալիս մի խումբ կանայք՝ Հռիփսիմյանք, որոնց անխնա և անգթորեն սպանել է տալիս: Այս անմեղ կանանց սպանությունները և նրանցից հատկապես Հռիփսիմեի կողմից ամոթալիորեն մերժվելը նրան մռայլեցնում է, որն էլ նրան մոլեգնության և գազանության է տանում: Սկզբնաղբյուրը՝ Ագաթանգեղոսը, նրան և նրա պալատականներից ոմանց բացահայտորեն խոզի հետ է համեմատում. «վեց օր անտանելի տխրության մեջ էր թագավորը»: Եվ երբ յոթերորդ օրը, թագավորի մտքերը զվարթացնելու համար պալատականները նրան որսի տարան, նա ինքն իրեն բոլորովին կորցրեց. «կառքից դուրս ցատկեց և Նաբուգոդոնոսոր արքայի պես սկսեց գազանաբար մոլեգնել և ինքն իրեն կծոտել… …մարդկային բնությունը թողնելով վարազի կերպարանք ստացավ և այդ կենդանիների ընկերակցությունն էր փափագում»: Անզուսպ էր դարձել «նախ այն պատճառով, որ բնականից մեծ ուժի տեր էր և բացի այդ դևերի ուժն էլ գումարվել էր իր ուժին»: Վաղարշապատի քաղաքացիներից և նախարարներից շատերը, որոնք մասնակից էին եղել սրբերի չարչարաքներին և մահվանը՝ նույն ախտով վարակվեցին:

    Այս անմխիթար ժամանակներում թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում և պատմում պալատականներին, «Լույսի նման մի մարդ երևաց ինձ և ասաց. «հարվածյալներին Գրիգորից բացի ոչ ոք չի կարող բուժել, նա պիտի սգա և ձեզ պիտի սովորեցնի ձեր ցավերից բուժում ստանալու հնարը»: Ոչ ոք լուրջ չվերաբերվեց երազին, մինչև որ այն հինգ անգամ կրկնվեց, ապա միայն Արտաշատ ուղարկվեց հենց Խոսրովիդուխտի խնամակալը՝ Օտա Ամատունին, որը Գրիգորին Արտաշատից Վաղարշապատ բերեց և նրա աղոթքներով նախ Տրդատը և մյուս մոլեգնացածները զգաստացան և ապա Գրիգորը սկսեց նրանց Ավետարանը քարոզել. «Հարվածվածները գիշեր ու ցերեկ, քուրձ հագած և մոխրի վրա նստած, պահեցողությամբ, շուրջ 66 օր, գիշեր և ցերեկ նրա մոտ էին մնում»: Սիրահոժարությամբ ունկնդրում էին նրա քարոզները. «Թագավորն ու իշխանավորները պատրաստակամությամբ հանձն էին առնում կատարել Գրիգորի յուրաքանչյուր խնդրանք»:

    Քարոզչության և ապաշխարանքի վաթսունվեցերորդ օրը լրանալուն պես «Առավոտյան կանուխ թագավորը, իշխաններով, նախարարներով և խուռներամ ամբոխով, որի մեջ նաև կային կանայք և անմեղ մանուկներ, եկան Գրիգորի մոտ և, խումբ-խումբ, երամ-երամ խնդրում էին, որ վերջ ի վերջո ամբողջությամբ բժշկի իրենց վրա հասած հարվածներից»: Այն ժամանակ Գրիգորն ասաց. «Ծնկեք և Տերը պիտի բժշկի ձեզ,- և արցունքով Աստծուց խնդրեց, որ բժշկություն պարգևի թե՛ թագավորին և թե՛ մյուսներին»: Բոլորը բժշկվեցին ախտերից և Քրիստոսին որպես իրենց ազատարար ընդունելով, մտքով լուսավորվեցին, որն էլ բոլորին երկնային մխիթարությմբ և երջանկությամբ լցրեց:

    Այս հոգևոր նորոգությունից հետո Լուսավորիչը «Խորհուրդ տվեց և թագավորի, իշխանների, նախարարների և բոլորին համոզեց, որ բոլորի խաղաղության համար պետք է քանդել, կործանել և երկրից վերացնել գայթակղիչ կռապաշտությունը, որպեսզի կուռքերն այլևս ոչ ոքի համար խոչընդոտ չհանդիսանան և ձեռք բերած երկնային ազատությունը չկորցնեն»: Թագավորը ինքնակամ հրամանով և բոլորի հավանությամբ, օգնում է երանելի Գրիգորին, որպեսզի հայրենական հին չաստվածների հիշատակը ջնջեն և հանեն մեջտեղից»:

    Արդարև որոշումը գործի կոչվեց և «Թագավորն իր ամբողջ զորքով» դուրս գալով Վաղարշապատից մեկ առ մեկ փշրում էր կուռքերը և քանդում նրանց բագիները և փոխարենը խաչեր էին կանգնեցնում: Դրանցից «վերցված գանձերը բաշխեցին աղքատներին, տառապյալներին և չքավորներին»: Իսկ կալվածքները նոր կրոնի բաժինն էին դռնում և սպասավորներին կրոնավոր դարձնում:

    «Այսպիսով շատ տեղերից վերցրին գայթակղող, անխոս, ձուլածո, քանդակված, անպետք, անօգուտ և վնասակար կուռքերի արձանները, որոնք պատրաստվել էին ցնորված մարդու անմտությամբ»:

    «Տրդատ թագավորը սատանային վաճառված դիվամոլ ժողովուրդներին խստությամբ հրամայում է, որպեսզի սնոտի գործ հանդիսացող, հնացած և սին հեթանոսական պաշտամունքներից հրաժարվեն և հնազանդվեն Քրիստոսի ամենահեշտ ծառայությանը»:

    Թագավորը բոլոր վայրերում Գրիգորի քարոզչությունից հետո, իր ամբարշտությունները խոստովանելով, տալիս էր իր անձնական կյանքի վկայությունը և պատմում էր իր համար կատարած Աստծո սքանչելիքները, բժշկությունները և ողորմությունները:

    Այս բոլորն անում էր «Կոշտ ու կոպիտ հեթանոսական բարքերը փոխելու, Աստծուց շնորհված իմաստությանը և զգաստությանը ծանոթացնելու և Ավետարանի խոստացված լույսին նրանց ընտանի դարձնելու համար»:

    Ապա Տրդատը մեծամեծերի ժողով է գումարում և ասում. «Եկեք Աստծուց մեզ կյանքի առաջնորդ շնորհած Գրիգորին մեր վրա հովիվ կարգենք, որպեսզի նա մկրտությամբ մեզ լուսավորի և Արարչի օրենքներով և խորհուրդներով նորոգի»: Ուրեմն Տրդատի նախաձեռնությամբ Գրիգորն, իշխանների ընկերակցությամբ և մեծ շուքով, Կեսարիա է ուղարկվում և ձեռնադրվում: Վերադարձի ճանապարհին, Տարոնում քարոզելուց հետո, երբ ճանապարհ է ընկնում դեպի Վաղարշապատ, Տրդատը մինչև Բագարան, կամ Բագրևան, ընդառաջ է գնում նրան: Այստեղ է, որ Եփրատի արևելյան ճյուղ հանդիսացող, Արածանի գետի ակունքների մոտ կատարվում է Տրդատի, Աշխենի, Խոսրովիդուխտի, բոլոր պալատականների և ժողովրդի մկրտությունը, մեկամսյա քարոզչությունից և ապաշխարությունից հետո, 303 թ.-ի հունվարի վեցին՝ ճիշտ մեր Փրկչի Աստվածհայտնության (Մկրտության) օրը, կատարվում է Տրդատի, Աշխենի, Խոսրովիդուխտի, բոլոր պալատականների և ողջ ժողովրդի մկրտությունը: Ըստ ավանդության, Տրդատը մկրտության ժամանակ ստացավ Հովհաննես անունը, ի պատիվ Հովհաննես Մկրտչի, որի նշխարների մասը Գրիգորն իր հետ Բագրևանդ էր բերել և որտեղ էլ հետագայում կառուցվում է նշանավոր Հովհաննավանքը: Ագաթանգեղոսը մկրտվածների թիվը 15 բյուր  է ասում, իսկ ընդհանուր Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով մկրտվածներինը 40 բյուր, որը հավասար է մեր 4 միլիոնին:

    «Իսկ Տրդատ թագավորն իր երկրի բոլոր մարդկանց համար հետևյալ ուխտն է (կրոնական պարտականություն) դնում, որ ամեն մի մարդ առանց երկմտելու Աստծո հրամաններին հնազանդ լինի և ամբողջ սրտով հավատա Նրա արարչագործությանը»:

    Տրդատի մեծագործություններից մեկն էլ իր անձնական և գործնական մասնակցությունն էր Հռիփսիմյանց վկայարանների և Էջմիածնի տաճարի կառուցման մեջ: Ագաթանգեղոսը ասում է, որ Տրդատը Մասիս լեռներից «իր թիկունքին դրած ութ անտաշ, խոշոր, ծանր, երկար, պինդ և մեծ-մեծ քարեր բերեց», որոնք գործածվեցին նորակառույց եկեղեցիների համար:

    Տրդատն, իր թագավորական իշխանությամբ, քրիստոնեությունն արքունիքի և հետևաբար իր ամբողջ տերության պաշտոնական կրոնն է հռչակում և հրամայում է վերացնել կռապաշտությունը…:  Տրդատի քաջագործություններից մեկը Մաքսիմինոս Դաժ կայսրի դեմ պատերազմն է: Այս ժամանակներում Հռոմեական կայսրության արևելյան բաժնում իշխում էր Մաքսիմինոս Գաղերիոս Դաժը, որը հակառակ արևմտյան մասում իշխող Կոստանդիանոսի հռչակած Միլանի հրովարտակի, որով դադարեցվում էր քրիստոնյաների դեմ հալածանքները, արևելյան մասում ինքը շարունակում է հալածանքները: Նա իմանալով, որ քրիստոնեությունը Հայաստանում մեծ ընդունելության է արժանացել, հայերի դեմ պատերազմի դուրս եկավ: Բայց նրա նպատակները ձախողվեցին, որովհետև հայերն իրենց դեմ եկած բանակին հաղթելով՝ դուրս վռնդեցին իրենց երկրից:

    Սկզբնաղբյուր հանդիսացող Ագաթանգեղոսը, չպատմելով Տրդատի մահվան մասին, հետևյալ վերջավորության է հանգեցնում նրա վարքը.

    «Տրդատիոս Աստվածասեր թագավորը, Քրիստոսին հավատացող աշակերտի հոգով, բարեպաշտությամբ ծառայեց և դարձավ մի երկյուղած անձնավորություն: Տեղեկացավ և վարժվեց աստվածային հրամաններին և իր օրինապահ վարքով հաճելի դարձավ և ամբողջ երկրի համար բարի օրինակ դարձավ… նաև երկնային պարգևների շնորհն ընդունեց, որով անմիջապես լուսավորվեց և թափանցեց աստվածատուր հրամանների իմաստի մեջ և ըստ ավետարանական կանոնների ամեն պատրաստություններով իրեն զարդարելով՝ աստծուն ծառայելու մեջ մի մարդասեր անձ դարձավ: Մերկացավ հեթանոսական ցանկություններից, պարծանքի նշան Խաչը ընդունելով՝ բոլորին կյանք պարգևող Խաչյալին հետևեց և Քրիստոսի խաչակիր գնդին խառնվեց: Պահքով և աղոթքով սանձեց իր անձը, մշտամրմունջ աղոթք և բազկատարած պաղատանքներ էր ուղղում Աստծուն և շարունակ արտասվում էր իր երկրի համար: Նմանապես իր անձի համար էլ էր շանունակաբար խնդրում, որպեսզի չհիշվեն իր նախկին՝ անգիտության մեջ գործված մեղքերը:

    Մեծապես նպաստեց Ավետարանի քարոզչության և տարածման գործին, վայելչությամբ ծառայեց Ավետարանին: Այսպես՝ խրատվելով և զգաստացած, իր կրոնական վարքով առաջադիմում էր բոլոր ուղությունների՝ ամեն տեսակ բարեգործությունների մեջ: Առավելապես զորանալով սատարում էր ավետարանչական գործին»:

    Օրմանյանը հետևյալ խորհրդածություններով է վերջավորում Տրդատի պատմությունը.

    «Հայոց դարձի պատմության մեջ, ինչքան գործ և երախտիք է վերագրվում Գրիգորին, նույն չափն էլ պիտի տալ Տրդատին, որովհետև ճշմարտապես և իրավացիորեն առաքելակից և լուսավորչակից եղավ Հայաստանի համար: Տրդատն իր նախանձահույզ և եռանդուն բնավորությամբ, որքանով որ բուռն և սաստիկ էր քրիստոնեության դեմ հալածանքներ մղելու ժամանակ, նույն չափով և դեռևս առավել եղավ կռապաշտության դեմ վարած հալածանքներով: Նա ոչ միայն ճշմարիտ քրիստոնյայի, անկեղծ ապաշխարողի և գրեթե ճգնավորի կյանք որդեգրեց իր համար՝ «որպեսզի չհիշվեն տգիտության ժամանակ կատարված մեղքերը, որոնք հեթանոսության ժամանակ գործվեցին» (Ագթ.), այլ տքնեց, որ նորահավատ հայերի՝ թե՛ մեծամեծերի և թե՛ ռամիկ բազմության ոչ միայն կրոնը և դավանանքը փոխված լինեն, այլ «որպիսի բոլորի հավատքը գործերով վկայվեն» (Խորենացի):

    Տրդատ թագավորն ապրեց 90 տարի և թագավորեց շուրջ 56 տարի, այսպիսով հանդիսանալով հայոց ամենաերկարակյաց և ամենաերկար ժամանակ թագավորած արքան: Վախճանվեց 330 թ.-ին, ըստ Խորենացու թունավորվելով հայ նախարարների կողմից, և թաղվեց Թորդան գյուղում՝ Գրիգոր Լուսավորչի կողքին: Տրդատ թագավորը շատ հին ժամանակներից ներառվել է տոնվող սրբերի դասերում: Երեք Հայսմավուքներում էլ, որպես հիշատակության օր նշված է սեպտեմբերի 29-ը, իսկ ներկայումս մեր եկեղեցին տոնում է Հոգեգալստյանը հաջորող հինգերորդ շաբաթ օրը իր թագուհի Աշխենի և քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ:

     

    Աշխեն թագուհի և Խոսրովիդուխտ կույս

     

    Սրանք Տրդատ թագավորի ստվերի ու շնորհների նման նրանից անբաբաժան էին և մեր ժողովրդի համախումբ և պաշտոնական քրիստոնեացման պատմական բոլոր դրվագներում միշտ միասին են հիշտակվում, մեկն իբրև նրա թագուհի, մյուսը որպես արքայաքույր:

    Տրդատի հետ հիշատակվող պատմությունից բացի, շատ քիչ բան է պատմությունը պահել նրանցից յուրաքանչյուրի մասին:

    Աշխեն թագուհու մասին մեզ հայտնի է, որ նա Կովկասյան Ալանների թագավոր Աշխարադի դուստրն էր, նրա ձեռքը խնդրելու համար Տրդատը Հայոց Սմբատ Բագրատունի իշխանին որպես դեսպան ուղարկում է Ալանների թագավորի մոտ: Մի բարձրահասակ և գեղանի օրիորդ էր Աշխենը, ամեն ինչով համանման հսկայազուն Տրդատին: Տրդատը նախ ծիրանի հագցնելով և նրա գլխին թագ կապելով նրան հայտարարում է որպես Արշակունի իշխանուհի, ապա ամուսնանում է նրա հետ և Հայոց թագուհի հռչակում: Ունենում է մեկ արու զավակ:

    Իսկ Խոսրովիդուխտի մասին մեզ հայտնի է այն, որ նա իր հոր՝ Խոսրովի, սպանությունից հետո, երբ Պարսիկները տիրացան Հայոց աշխարհին, Տրդատին փախցրեցին Հռոմ, իսկ Խոսրովիդուխտն էլ Օտա Ամատունի Հայ նախարարի խնամակալությամբ փախցվեց և պատսպարվեց Անի ամրոցում (այժմյան Կամախ, կամ Քեմահ), և այնտեղ ապահով մնաց, մինչև որ Տրդատը գալով տիրացավ հայրենական գահին: Այնուհետև Վաղարշապատ գալով արքունիքում կուսական կյանքով ապրեց իր ողջ կյանքը:

    Խոսրովիդուխտը կարևոր դեր կատարեց Գրիգոր Լուսավորչի վիրապից տուրս գալու հարցում: Ականատես լինելով Գրիգոր Լուսավորչի չարչարանքներից մի քանիսին և տեղյակ լինելով նրա քարոզչական վկայությանը, համակրանքով և հիացմունքով տոգորված պիտի լիներ Գրիգորի և նրա քարոզած կրոնի հանդեպ: Այնպես որ, երբ Գրիգորը Արտաշատի Խոր Վիրապը նետվեց, ամեն ահրաժեշտ կարգադրությունները արած պիտի լիներ, որպեսզի Գրիգորը ողջ մնար այդ անտանելի բանտարկության ընթացքում: Ու երբ Հռիփսիմյանց կույսերի չարչարանքներից և նահատակություններից Տրդատը խելակորույս եղավ, հավանաբար ամենամտահոգվողը և աղոթողը Խոսրովիդուխտն էր: Ուստի Աստվածային նախախնամությունը որպես Գրիգորի Վիրապից դուրս գալու և Հայոց աշխարհը Գրիգորի միջոցով հոգեպես լուսավորելու միջնորդ, նրան ընտրեց: Խոսրովիդուխտը մի երազ տեսավ, որում Աստծո հրեշտակը ասում էր, որ Տրդատը միայն Գրիգորի ձեռքով կարող է փրկվել: Երբ այս երազը պալատականներին պատմեց, նրանք մտածեցին, որ նա խենթացել է, քանի որ բոլորը համոզված էին, որ Գրիգորը վաղուց մահացել է Վիրապում: Երբ երազը հինգ անգամ կրկնվեց, նա իբրև արքայաքույր պնդեց, որ իրականությունը պարզելու համար մարդ ուղարկվի Արտաշատ և իր հավատարիմ Օտա Ամատունի նախարարին ընտրեց այս գործի համար: Արդարև, ի զարմանս բոլորի, Գրիգորը ողջ էր և բերվելով Վաղարշապատ՝ բժշկեց հարվածյալներին:

    Երբ Գրիգորը հրահանգեց, որ նահատակված կույսերի համար գերեզմաններ փորեն, Տրդատը խնդրեց, որ այդ ծանր գործը ինքն անձամբ կատարի, որպես մի փոքր ապաշխարություն իր չարագործությունների: Պատմությունը վկայում է, որ Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտի հետ միասին, իրենց իշխանական զգեստներով փորված հողը դուրս հանելով՝ սիրահոժար մասնակություն ունեցան ստրուկների, կամ ծառաների համար նախատեսված այս գործին:

    Թագուհին և թագավորի քույրն անշուշտ իրենց գործնական դերը պիտի ունեցած լինեն Գրիգորի հայոց քահանայապետության համար Կեսարիա ուղարկվելու գործում, քանզի Կեսարիայի արքեպիսկոպոսին ուղված նամակում Տրդատի անվան հետ նշվում են նաև «Աշխեն տիկին և օրիորդ Խոսրովիդուխտ»: Եվ երբ Գրիգորը վերադառնում է Կեսարիայից, Տրդատի և նրա բանակի հետ նաև Աշխենն և Խոսրովիդուխտն էլ են ընդառաջ գնում մինչև Բագավան, կամ Բագրեվանդ՝ Արածանի-Եփրատի ակունքներից ոչ շատ հեռու: Եվ բոլորը միասին այդ գետում էլ, Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով, 302թ.-ին, մկրտվում և դառնում են քրիստոնյա: Հետաքրքիր է Ագաթանգեղոսի հետմկրտության նկարագրությունը. «Մեծ ուրախությամբ, սպիտակ հագուստներ հագած, սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով, մոմերով և ջահերով, մեծ լրջմտությամբ և ոչ պակաս ուրախությամբ, լուսավորված, հրեշտակացած, Աստծո որդեգրության անունը առած և Ս. Ավետարանի ժառանգության մեջ մտած, Սրբերի դիրքին հասած, Քրիստոսի համար անուշաբույր ծաղկած, տերունական տուն (եկեղեցի) էին վերադառնում: Եվ այսպես գոհաբանական Ս. Պատարագ էր մատուցում և բոլորն էլ հաղորդվում էին սուրբ խորհրդին: Բոլորին բաշխվում էր, ամենափրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինը և պատվական արյունը, որը նոր կյանք է տալիս ամբողջ մարդկությանը»:

    Մկրտությունից հետո սրբուհիներից որևէ մեկը այլևս չի հիշատակվում, որից էլ ենթադրում ենք, որ կատարյալ քրիստոնյայի պես իրենց կյանքը բարեպաշտությամբ և բարեգործությամբ անցկացրեցին: Հավահաբար Տրդատից առաջ են վախճանվել, որն ապրել է 90 տարի: Իրենց կյանքի վերջին տարիները Գառնու ամրոցի խաղաղության և մենության մեջ, հրաժարվելով արքունիքի աշխարհային կենցաղից, գրեթե ճգնողական կենցաղով պիտի անցկացրած լինեն և սրբությամբ կնքած իրենց կյանքը:

    Լիակատար Հայսմավուրքը, Տրդատի վարքից հետո հետևյալ վերջաբանով է եզրափակում սրբուհիների վարքը.

    «Իսկ ի՞նչ ասենք առաքինազարդ Հայոց Աշխեն Տիկնոջ մասին, որը վաղուց հրաժարվել էր այս կյանքի վայելքներից և առանձնացած բնակվում էր Գառնի քաղաքում, որի ամրոցը Տրդատը վերանորոգել էր ընտիր քարերով, որտեղ,  աստվածասեր թագուհին, մինչև երկրից երկինք գնալը, ճգնողական կյանքով ապրեց: Նմանապես նաև թագավորի սքանչելի քույրը, մեծ օրիորդը և սուրբ կույսը՝ Խոսրովիդուխտը, մաքրափայլ վարքով, առանձնացած և սրբությամբ ապրում էր Գառնիի այն տան մեջ, որը հատկապես իր համար կառուցել էր տվել եղբայրը, որտեղից էլ գնաց իր փափագելի Քրիստոսի մոտ»:

    Իրենց երկրային կյանքում անբաժան էին Տրդատից, այդպես էլ ամբաժան մնացին նաև հետո, նախ երկրում իբրև արդար հոգիներ և ապա երկնքում, քանի որ իրենց հիշատակը եկեղեցում միշտ կատարվում է միասին՝ Հոգեգալուստին հաջորդող հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Իսկ Հայսմավուրքները երեքին միասնաբար տոնախմբում է նոյեմբերի 29-ին:

     

    «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

    shape
    book-shape