shape

Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր

  • 22 հոկտեմբերի, 2020 թ.
  •  

    Արեթյանք կամ Խարեթյանք

    Քույր Եկեղեցիներից մեր Հայոց եկեղեցու տունացույցում ընդգրկված վերջին Սուրբերն են: Ազգությամբ հաբեշ են, Եթովպիայի Նեգրան քաղաքից և ապրել են Հուստինիանոս կայսեր (518-527) օրերին: Այդ դարերին հրեաները զորացել էին Եթովպիայում և նրանցից մեկը Ոմերիտ քաղաքում իրեն թագավոր էր հռչակել, և սա մի օր էլ որոշեց տիրել Նեգրան քաղաքին: Պաշարեց այն, բայց գրավել չկարողացավ, ուստի խոստացավ, որ ոչ ոքի չի վնասի եթե քաղաքի դռները բացելով՝ հպատակվեն: Մարդիկ հավատացին նրա խոսքին և քաղաքը հանձնեցին: Իր խոստումը դրժելով՝ հրեա զավթիչները քաղաքի քրիստոնյաներին պարտադրեցին, որ Մովսիսական կրոնն ընդունեն: Քրիստոնյաները միաբան մերժեցին և նահատակվեցին: Լատին վկայաբանությունը նրանց թիվը 340 է համարում, որն ըստ մեր Հայսմավուրքների լոկ Խարեթեսի հետ նահատակվողների թիվն է, իսկ ամբողջ քաղաքի նահատակյալների թիվը մինչև 10 200-ի է հասնում: Խարեթեսը այդ քրիստոնյա քաղաքի կառավարիչն էր, որը մինչ նահատակվելը հրեաների դեմքին շպրտեց նրանց ուխտադրժությունը և մարգարեացավ, որ կարճ ժամանակ հետո Աստված նրանց թագավորությունը պիտի ջնջի երկրի երեսից, ինչը կարճ ժամանակ հետո իրականացավ, քանի որ հաբեշ մեկ այլ քրիստոնյա իշխան՝ Ելեսբովամ անունով, հարձակվեց հրեա բռնակալի վրա սպանեց նրան և վերջ տվեց նրա բռնակալությանը:

    Հայերս նրա տոնը կատարում ենք Ս. Խաչի վեցերորդ հինգշաբթի օրը:

     

    Արտեմիս դուքս

    Արտեմիսը Կոստանդիանոս Մեծի ժամանակներից սկսած, երիտասարդ տարիքից արդեն կայսերական բանակի մի առաքինի զորավար էր և մինչև պատվիրակության աստիճանի էր հասել: Նույն հավատարմությամբ ծառայեց նաև նրա հաջարդին, այդ ժամանակ նա նշանակված էր Եգիպտական գնդի ընդհանուր հրամանատար: Երբ Հուլիանոս Ուրացողը պարսիկների դեմ արշավանքի ժամանակ հասել էր Անտիոք, մարդ է ուղարկում և իր մոտ է հրավիրում Արտեմիսին: Նա այն օրերին հասավ, երբ Հուլիանոսը չարչարում էր Եվգինեոս և Մակարիոս քահանաներին: Արտեմիսը համարձակվեց հանդիմանել կայսրին՝ ասելով, որ իր արածը մարդկային և Աստվածային օրենքներին դեմ է: Եվ քանի  որ Հուլիանոս Ուրացողը քրիստոնյաների դեմ պաշտոնապես հալածանք չէր սկսել, ուստի ալեքսանդրացիներից ոմանց դրդեց, որպեսզի ամբաստանեն Արտեմիսին՝ ասելով, որ պետական գործերի մեջ անհավատարիմ է եղել: Այդ ժամանակ Հուլիանոսը նրան երկընտրանքի առջև դրեց՝ կա՛մ քրիստոնեությունից հրաժարվել, կա՛մ պետական պաշտոնից: Արտեմիսը նախ համարձակորեն հանդիմանեց նրա նենգությունը և ապա սիրահոժար կերպով հրաժարվեց իր պաշտոնից և գանակոծության ենթարկվեց: Երբ ազնվական ծերունին իր դավանության մեջ հաստատ մնաց՝ Հուլիանոսը հրամայեց նրան գլխատել՝ 362 թ.-ին:

     

    Քրիստափոր վկա

    Որպես ճամփորդների պաշտպան սուրբ՝ Արևելքի ամենապաշտելի սուրբերից մեկն է: Նրա պատկերները, կամ նրա պատկերներով հուշանվերներ կարող ենք տեսնել կաթոլիկների մեքենաներում: Նրա ապրած ժամանակաշրջանի մասին երկու կարծիք կա, ոմանք համարում են, որ նա ապրել է Գ դարի կեսերին՝ Դեկոս հալածիչ կայսեր օրոք, իսկ ոմանք Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք: Մեր ձեռքի տակ եղած Հայսմավուրքները, ինչպես նաև հունական և կաթոլիկ աղբյուրները համարում, որ նա ապրել է Դեկոսի օրոք, միայն Լիակատարը և հետևաբար նրան հետևելով Թորգոմ Պատրիարքը համարում են, որ նա ապրել է Հուլիանոսի օրերին:

    Ազգությամբ բարբարոսներից էր Քրիստափորը, գերի ընկնելով սկսում է ծառայել հռոմեացիների բանակում: Հսկա և սարսափելի տեսքով մի անձ էր, հշեցնում էր մեր պատմության Տորք Անգեղին, բայց բարի էր: Անտիոքում ծառայելու ժամանակ Քրիստոնյա է դառնում: Իր հավատակիցների չարչարանքները տեսնելով՝ իր մեջ քրիստոնեություն քարոզելու և հեթանոսներին հանդիմանելու անզսպելի ցանկություն է առաջանում, բայց հունարեն չգիտեր, որն իրեն շատ էր դժվարություն պատճառում: Աղոթում է Աստծուն, որ իրեն հունարեն խոսելու շնորհ տա, այնպես ինչպես առաքյալներին էր տվել Վերնատան մեջ այլ լեզուներով խոսելու շնորհ: Եվ արդարև, Աստվածային մի հրաշքով բացվեց նրա լեզուն և սկսեց հստակորեն հունարեն խոսել: Մի օր տեսավ, որ հեթանոսները մի քրիստոնյայի են չարչարում: Հալածիչներին հանդիմանելով՝ ազատեց քրիստոնյային: Զինվորներից մեկը համարձակվեց ապտակել նրան: Քրիստափորն ազնվությամբ պատասխանեց. «Կարող էի ես էլ քեզ, ազնվությամբ, ապտակել և ոչ ոք չէր կարող քեզ իմ ձեռքից ազատել, նույնիսկ քո թագավորը, բայց հանուն Քրիստոսի սիրո համբերում եմ, քանզի ինքը ևս ապտակվեց, բայց փոխադարձը չապտակեց»: Զինվորները Քրիստափորի խոսքերն ու արարքը փոխանցեցին քաղաքի դատավորին, որը 200 զինվոր ուղարկեց, որպեսզի ձերբակալելով իր մոտ բերեն: Սրանք, իմանալով Քրիստափորի ամեհի ուժի մասին, մեղմությամբ ասացին, որ դատավորը կամենում է իրեն տեսնել: Նրանց ընկերանալով՝ ճանապարհին խոսեց Հիսուսի մասին իր իմացածի շուրջ և ապա իր ունեցած ուտելիքը հրաշքով բազմացնելով՝ բաշխեց նրանց: Մարդիկ, տեսնելով այդ հրաշքը և խորապես ազդվելով Քրիստափորի ազնիվ վերաբերմունքից, համոզվեցին և քրիստոնյա դարձան: Քրիստափորը նախ բոլորին առաջնորդեց քաղաքի եպիսկոպոսի մոտ, որը բոլորին մկրտեց: Երբ դատավորի մոտ տարվեցին, դատավորի հարցերին և պնդումներին, որոնցով հորդորվում էր թողնել քրիստոնեությունը և դառնալ կռապաշտության, Քրիստափորը շատ իմաստուն և հանդիմանող պատասխաններ տվեց և բնականաբար մերժեց, որի պատճառով մահացու չարչարանքների ենթարկվեց: Մինչև իսկ նրան բարոյապես կոտրելու և մոլորեցնելու համար երկու կանայք ուղարկեցին բանտ, սակայն Քրիստափորն, իր քարոզչությամբ և աղոթքով, նրանց դարձի բերեց: Այս դեպքերի վրա զայրանալով՝ դատավորը նախ չարաչար մահվամբ նահատակեց երկու կանանց և ապա իր դառնությունը դարձնելով Քրիստափորի վրա՝ ասաց.

    - Մինչև ե՞րբ պիտի հակառակվես թագավորի հրամաններին և մեր աստվածներին:

    Քրիստափորը պատասխանեց.

    - Ես հնազանդվում եմ Երկնային Թագավորիս հրամանին և միայն Նրան եմ պաշտում, Որի Անունը Սուրբ է և Օրհնյալ հավիտյանս հավիտենից:

    200 զինվորները միաբան գոչեցին «Ամեն» և հայտարարեցին, որ իրենք էլ են քրիստոնյա: Դատավորը հրամայեց նրանց մեկ առ մեն սրով կոտորել, Քրիստոփորին վերստին տանջանքների ենթարկեց և ի վերջ հրամայեց գլխատել նրան:

    Շատ զրույցներ են պատմվում Քրիստափորի մասին, որոնցից ամենահմայիչը իր անունից բխածն է: Քրիստափոր նշանակում է Քրիստոսակիր: Եվ պատմվում է, որ օրերից մի օր, մի մանուկ նրան խնդրեց, որ գրկի և գետի մյուս կողմն անցկացնի իրեն: Քրիստոփորը գրկեց մանկանը և ուսին դնելով, սկսեց առաջ շարժվել գետի մեջ, բայց ամեն քայլափոխի իր քաղցր բեռն ավելի ու ավելի էր ծանրանում, այնքան որ, երբ հասավ գետի մեջտեղը գրեթե ուժասպառ էր եղել և խեղդվելու վտանգի մեջ էր: Այդ պահին զգաց, որ ուսի մանուկն իրեն մագնիսի պես վեր է բարձրացնում և փրկում է: Երբ ցամաք հասան, մանուկը նրան ասաց, որ ինքն էլ է այդպես աշխարհի մեքը կրել իր ուսերին, և անհետացավ:

    Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչի վեցերորդ հինգշաբթի օրը:

     

    Ակյուլինե և Կալինիկե

    Սրանք երկու պոռնիկ կանայք են, որոնք Քրիստափորին ճշմարտության ճանապարհից շեղելու համար նրա բանտախուցն ուղարկվեցին (տես գլուխ Գ, մաս Գ համար 23): Սակայն Քրիստափորն աղոթեց նրանց փրկության և մեղքերի թողության համար՝ ասելով. «Քոնն են, Տեր, բոլոր արարածները, հավատքով և արյան մկրտութամբ նրանց իրենց մեղքերից մաքրելով, այնպես արա Տեր, որ այս կանայք էլ Քո փառքի համար Քեզ երկրպագող լինեն»: Ապա նրանց Ավետարանը և սրբության մեծությունը քարոզեց: Կանայք հավատացին, զղջացին և արտասվեցին իրենց մեղքերի համար, և սրբությամբ կյանքն ու Քրիստոսի սիրո համար մահը հանձն առան. «Միայն թե,- ասում էին,- ողորմած Աստված մեզ՝ մեղավորներիս, ընդունի»: Կանայք, երբ հետ կանչվեցին տեսնելու համար, թե արդյոք կարողացան ճանապարհից շեղել Քրիստափորին, ասացին. «Ոչ թե նա ճանապարհից դուրս եկավ, այլ մենք գտանք Քրիստոս Աստծուն և ճշմարտության ճանապարհը և հիմա մենք էլ ենք արհամարհում կուռքերին»: Դատավորը, կատաղելով, հրամայեց նրանց ամենախիստ չարչարանքների ենթարկել: Երանելի կանայք սիրահոժար կրեցին չարչարանքները, որոնց մեջ էլ ավանդեցին իրենց հոգիները: Այսպիսով օրինակ հանդիսացան բոլոր նրանց համար, որոնք կարևոր չէ, թե որքան ծանր մեղքեր են գործել, հավատով, ապաշխարհությամբ, և հանուն Քրիստոսի սիրո հանձն առնելով ամեն մի դժվարություն՝ փրկության արժանանալու հնարավորությունն ունեն: Սրանց արյան հեղումը իրենց համար մկրտություն համարվեց, և հավիտենական կյանքի և Եկեղեցում ամենամյա հիշատակության արժանացան, իրենց փրկության պատճառ և առաջնորդ հանդիսացող Քրիստափորի հետ:

    Հայերս նրանց հիշատակը տոնում ենք Ս. Խաչի վեցերորդ հինգշաբթի օրը:

     

    «Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     Իմաստ. Սողոմոնի 3.11-17

     Եսայի 51.22-52.3

     Ա Թեսաղոնիկեցիներ 2.13-16

     Ավ. ըստ Հովհաննեսի 15.11-16

    shape
    book-shape