shape

Տոն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

  • 22 հունիսի, 2019 թ.
  •  

    Տրդատ թագավորը, կույսերից Հռիփսիմեի գեղեցկությունից հմայված, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է անխտիր բոլորին տանջամահ անել: Բայց «պարկեշտ ու Սուրբն Հռիփսիմեանց» նահատակությունը անհետևանք չանցավ. կորովի արքան ընկավ «խոր տխրության և անտանելի տրտմության մեջ»: Հռիփսիմեի լուսափայլ գեղեցկությունը տանջում էր Տրդատի սիրո տենչով խանձված հոգին: Խղճի տագնապը խռովվում էր ամբողջ էությունը: Եվ մի օր էլ, որսորդության ժամանակ «սկսեց մոլեգնել և մարդկային բնույթից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու» (Ագաթանգեղոս):

    Այսպիսով, թագավորի հոգեկան ծանր ապրումները ծնունդ են տալիս խոզակերպություն կոչվող հիվանդության:

    Թագավորը լքում է պալատը և թափառում շամբուտներում։ Նրա հիվանդությունը օրեցօր դառնում էր մտահոգիչ:

    Նույն հիվանդությամբ վարակվում են նաև թագավորի մերձավորներն ու ծառաները, բացի Խոսրովիդուխտ արքայաքույրից:

    Խավարից լույս

    Այդ դեպքից որոշ ժամանակ անց թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, տեսիլք է տեսնում, որով Աստված հայտնում է, թե միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը կարող է բժշկել իր եղբորը:

    Խոսրովիդուխտը, երբ այդ տեսիլքը պատմում է պալատականներին, նրանք անհեթեթություն են համարում 13 տարի մահապարտների ստորերկրյա բանտում Գրիգորի կենդանությունը և փոխանակ հավատալու, սկսում են ծաղրել և ասել. «Տասներեք տարի վիրապում մնացած մարդու ոսկորները այժմ փոշի են դարձել»: Նույն տեսիլքը հինգ անգամ կրկնվում է: Խոսրովիդուխտ արքայաքրոջ պնդումներից հետո նախարարներից Օտային ուղարկում են Արտաշատ քաղաքը՝ Գրիգորին վիրապից դուրս հանելու:

    Երբ ժամանեցին հիշյալ վայրը ու երկար ու հաստ պարանները ներքև իջեցրին, հանկարծ, ի զարմանս ներկաների, «մեկը» բռնեց այն, և նրանք «վեր հանեցին ու տեսան, որ նրա

    մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել: Իսկույն հանդերձներ հագցրին և խնդությամբ Արտաշատ քաղաքից առան-գնացին Վաղարշապատ քաղաքը»: Պալատականների ծաղրն ու ծիծաղը զարմանքի, զարմանքը վախի փոխվեց:

    Զղջում և ներում

    Գրիգորը, երբ տեսնում է ցավագար Տրդատին, խորապես հուզվում է և, ծնկի գալով, սկսում սրտեռանդ աղոթել: Այս տեսարանը ցնցող տպավորություն է թողնում թագավորի վրա. ինքն ու նախարարները նույնպես ծնկի են գալիս Գրիգորի առջև և արցունքոտ աչքերով ասում. «Խնդրում ենք, ներիր մեզ մեր հանցանքները, որ գործեցինք քո դեմ»: «Ես էլ ձեզ նման մարդ եմ,- պատասխանում է Գրիգորը,- դուք ճանաչեք ձեր Արարչին՝ երկնքի և երկրի ստեղծողին, Նա՛ կարող է ձեզ բժշկել»:

    Վաղարշապատում Գրիգորը, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները ու երեք վկայարաններ կառուցում, ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ եկեղեցում և կոչվում «Առաջավորաց»: Ապա շուրջ 66 օր քրիստոնեության ուսմունքն է քարոզում և աղոթքներով բժշկում թագավորին:

    «Իսկ թագավորը, մինչդեռ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծակի դողի մատնվեց, և մարմնի վրայի խոզի մորթը, ժանտատեսիլ ժանիքով ու կնճիթադեմ երեսով հանդերձ վայր ընկավ: Դեմքն իր իսկական կերպարանքը ստացավ և մարմինը նորածին մանկան նման փափուկ, մատղաշ դարձավ և ամբողջ մարմնով լրիվ բժշկվեց»:

    Թագավորը և ամբողջ արքունիքը քրիստոնյա են դառնում՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով 301թ-ին:

    Նորընծա հայրապետը Արածանիում շքեղ հանդիսավորությամբ մկրտում է Տրդատին, Աշխեն թագուհուն, Խոսրովիդուխտին և ժողովրդին: Մկրտությունից անմիջապես հետո Գրիգոր Լուսավորիչը մատուցում է բացօթյա Սբ. Պատարագ և հաղորդում բոլորին այդ Սուրբ Խորհուրդին: Յոթ օր շարունակ նրանք ապրում էին հոգևոր մխիթարության երջանիկ պահեր:

     

     Իմաստ. Սողոմոնի 5.1-8

     Եսայի 60.20-61.7

     Եբրայեցիներ 13.17-21

     Ավ. ըստ Մատթեոսի 19.27-29

    shape
    book-shape