shape

ԽԹ օր Հինանց

  • 22 մայիսի, 2021 թ.
  •  

    13.31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32 քանի որ եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կփառաւորի իրենով. եւ իսկոյն կփառաւորի նրան: 33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ «ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ», այժմ այդ ձեզ էլ եմ ասում: 34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կգաս իմ յետեւից»: 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կտամ»: 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կլինես»:

    14.1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մօտ, որպէսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»: 5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձնով: 7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»: 8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա է անում գործերը: 11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի համար հաւատացէք ինձ: 12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կանի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: 13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կանեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով:

     

     Ավ. ըստ Ղուկասի 22.1-30

     Գործք 28.17-32

     Հուդա 1.17-25

     Ավ. ըստ Հովհաննեսի 13.31-14.13

     Ավ. ըստ Մատթեոսի 24.1-26.2

     Ավ. ըստ Մարկոսի 14.1-26

    shape
    book-shape