shape

Եսայի մարգարեի հիշատակության օր

  • 20 հուլիսի, 2023 թ.
  •  

    Նա մարգարեացել է Քրիստոսից առաջ 8-րդ դարի կեսերին. շուրջ կես դար: Ծնվել և իր կյանքի գրեթե բոլոր տարիներն անց է կացրել Երուսաղեմում: Ամուսնացած էր և զավակներ ուներ: Իր մարգարեական կոչումը հետևյալ կերպով է նկարագրվում իր գրքի մեջ.

    «Ոզիա (Երուսաղեմի) թագավորի մահվան տարում, Տիրոջը տեսա մի բարձր և վեհ աթոռի վրա բազմած, և տաճարը լցված էր Նրա փառքով: Նրա շուրջը կային սպասարկող սերովբեներ, յուրաքանչյուրը վեց թև ուներ… և նրանք անդուլ, անդադար իրար ձայն տալով ասում էին.

    «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորությունների Տերը. Ամբողջ երկինքը Նրա փառքով է լցված»:

    Նրանց ձայնի վրա բացվեցին Տաճարի դարպասները և տունը Աստծո ներկայությունը խորհրդանշող ծխով լցվեց և ես գոչեցի.

    «Վայ ինձ, թշվառականիս, ես կորա,

    Քանզի որ պիղծ շուրթեր ունեցող մի մարդ եմ

    Եվ պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում.

    Եվ Զորությունների Տիրոջը բաց աչքերով տեսա»:

    Այդ ժամանակ սերովբեներից մեկը ուղարկվեց իմ մոտ, որը Տիրոջ սեղանից ունելիով մի կրակե կայծ վերցրեց և ասելով.

    «Ահավասիկ սա շրթունքներիդ դիպավ

    Ու անօրենություններդ վերցվեցին քեզնից

    Եվ մեղքերդ սրբվեցին»,-  դրեց շուրթերիս:

    Այն ժամանակ լսեցի, որ Տերն ասում էր. «Ում ուղարկեմ, կամ ով կգնա այս ժողովրդին (քարոզելու): Եվ ես ասացի. «Ահավասիկ ես պատրաստ եմ, ինձ ուղարկիր: Եվ Տերն ասաց.

    «Գնա և այս ժողովրդին ասա.

    Լսելով պիտի լսեք, բայց չպիտի հասկանաք,

    Տեսնելով պիտի տեսնեք, բայց չպիտի գիտենաք,

    Որովհետև այս ժողովրդի սիրտը թմրած է.

    Նրանց ականջները ծանրացել են և աչքերը՝ կուրացել.

    Այնպես, որ իրենց աչքերով չեն կարողանում տեսնել

    Եվ իրենց ականջներով չեն կարողանում լսել,

    Ոչ էլ կարողանում են հասկանալ իրենց սրտերով,

    Որպեսզի շրջվեմ և բժշկեմ նրանց»:

    Մի պատգամ, որը պատշաճ է բոլոր ժամանակների համար, մանավանդ մեր…: Մեր եկեղեցական շրջանակներում, վերոհիշյալ տեսիլքից Եսային ժառանգել է «կայծակնամաքուր մարգարե» տիտղոսը:

    Եսային իր օրերի թվով չորս թագավորների խորհրդատուն և առաջնորդն է եղել, մանավանդ Եզեկիա բարեպաշտ թագավորի: Նրա օրոք Ասորեստանի Սենեքերիմ թագավորը գրավել էր ամբողջ Հրեաստանի գրեթե կեսը և սպառնում էր տիրանալ Երուսաղեմին: Տագնապի մատնված Եզեկիան պատգամավորներ է ուղարկում Եսայու մոտ և խորհուրդ է հարցնում: Եսային ասում է. «Ասորեստանի թագավորը այս քաղաք չպիտի մտնի, նույնիսկ մի նետ չպիտի արձակի նրա վրա, ոչ էլ պատնեշելով պիտի պաշարի այն, այլ իր եկած ճանապարհով պիտի ետ վերադառնա և այս քաղաքը չպիտի մտնի»: Եվ արդարև, ժանտախտը բնաջնջում է Սենեքերիմի բանակը և ինքն էլ հազիվ իր երկիրը հասնելով իր երկու զավակների՝ Ադրամելիքի և Սարասարի կողմից սպանվում է, որոնք էլ իրենց հերթին փախնում են «Արարադի երկիրը» (Ես. 37:33-38):

    Եսային այն մարգարեն է, որն ամենաշատն է մարգարեացել Մեսիայի՝ Քրիստոսի մասին, այն աստիճան, որ կոչվել է «նախաավետարանիչ» կամ Ավետարանիչ մարգարե: Օրինակ՝ ինքն է, որ ասում է. «Ահա մի կույսը պիտի հղանա և մի որդի պիտի ծնի և նրա անունը Էմմանուէլ պիտի լինի»: Քրիստոսի գործունեության աշխարհագրական շրջանին ակնարկելով ասում է. «Զաբուղոնի և Նեփթաղիմի երկրներում և ծովեզերքում բնակվողները, Անդրհորդանանում և Գալիլիայում ապրողները, որոնք խավարի մեջ էին քայլում, մեծ լույս տեսան» (Ես. 9:1): Երբ Հիսուսը Նազարեթի ժողովարանում կարդաց Եսայու 61:1-3 համարները, հաստատեց, որ դրանք Իրենով իրականացել են: Երբեմն նրա Գրքի մեջ Քրիստոսի կատարելիք դերը, տնօրինությունը և չարչարանքները բառ առ բառ նկարագրվում են:

    Եսային, բառի ամբողջական իմաստով, ազնվական մարգարե է: Վեհությամբ և հզոր հեղինակությամբ է խոսում և պատգամում, այնպես, ինչպես վայել է Բարձրյալի դեսպանին: Մի մշակված միտք է և Աստվածաշնչի բարձրագույն իմացականություններից մեկը: Հավասարապես լուծում էր տալիս բոլոր խնդիրներին, թե՛ կրոնական և թե՛ քաղաքական; Հաճախ կոչվել է «դիվանագետ», կամ «քաղաքագետ» մարգարե: Բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և իր տեսակետը, կամ Աստծո կամքն է հայտնել ժամանակակից ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ: Շատ մոտ էր կանգնած արքունական շրջանակներին, և կարելի է ենթադրել, որ Երուսաղեմի արքունական խորհրդի, որը մշակում էր ժամանակակից պետությունների հետ երկրի քաղաքական հարաբերությունները, պատվավոր անդամ է եղել:

    Եսայու Գրքի 66 գլուխները պատգամների մի օվկիանոս է՝ բազմաթիվ նյութերի մասին՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և ընկերական մի շարք այլ հարցերի մասին, որոնցից որոշները ամբողջ Հին Կտակարանի երբեմն անգերազանց ոճով և համամարդկային ոգով տրված պատգամներից բարձրագույներն են; Եսայու գիրքը Հին և Նոր Կտակարանների կապող օղակն է: Ավանդաբար կարծում են, որ Մանասե ամբարիշտ թագավորի հրամանով սղոցվել է: Եսային տոնվում է առանձին, Վարդավառին հաջորդող հիգշաբթի օրը:

     

    «Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

    Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

     

     Եսայի 6.1-10

     Եբրայեցիներ 11.32-40

     Ավ. ըստ Ղուկասի 4.14-22

    shape
    book-shape