shape

Համագործակցություն

 

 

Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հետ

համագործակցող կառույցների ցանկը՝ ըստ այբենական կարգի

 

 

Բեյրութի Հայկազյան համալսարան
Բեյրութի Հայկազյան համալսարան

Այս համալսարանը Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է: Հիմնվել է 1955-ի հոկտեմբերի 17-ին ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից՝ ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ:

Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ՝ Կոնյայի ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով: 1955-89-ին եղել է քոլեջ, 1990-1996-ին՝ համալսարանական քոլեջ, 1996-ի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան:

 Ե. ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Ե. ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի, որը Նոր Նախիջեւանից Երեւան էր բերել եւ Թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր եւ այլ նյութեր:

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:

«Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու: Այսօրվա հայի գիտակցության մեջ այն ընկալվում է և' որպես ժողովրդական կենսափորձի, և' որպես իմաստնության խտացում`նրանում տեսնելով իր հավերժության առհավատչյան:

 

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ

1995 թ.-ի սեպտեմբերի 1-ին է հիմնադրվել Աստվածաբանության ֆակուլտետը: Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության և բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանը:

Ֆակուլտետի կառույցում գործում են մասնագիտական 3 ամբիոններ` Աստվածաբանության, Կրոնի պատմության ու տեսության, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության, ինչպես նաև «Աճեմյան» գրադարանը:

2004 թվականից ֆակուլտետի դեկանն է Անուշավան եպս. Ժամկոչյանը:

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ-ի նոյեմբերի 8-ին: Գրադարանի ժամանակավոր կառավարիչն է եղել Հակոբ Մանանդյանը:

1927 թ-ին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 52 հազար միավոր, իսկ ընթերցողների քանակը ընդամենը` 530: Այսօր ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 2 միլիո­ն միավո­ր գիրք, որից 1,2 միլիոնը ուսումնագիտական են:

1994 թ-ի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակներում պաշտոնապես բացվում է գրադարանի նորակառույց շենքը:

ԵրԵՎանի պետական համալսարանի հրատարակչություն
ԵրԵՎանի պետական համալսարանի հրատարակչություն

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

Երեվանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան
Երեվանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1935 թ.: Դրանից առաջ հիմնադրվել էր նաև բուհը՝ որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Արդեն ութ տասնամյակ գործող բուհը թե՛ համակարգային, թե՛ բովանդակային բազում փոփոխությունների է ենթարկվել, սակայն հավատարիմ է մնացել իր կարևոր սկզբունքին՝ օտար լեզվի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը:

 

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության «Գալուստ Գյուլբենկյան» գրադարան
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության «Գալուստ Գյուլբենկյան» գրադարան

 

Հայոց պատրիարքության Գալուստ Գյուլբենկյան գրադարան-մատենադարանը Երուսաղեմի հայկական գիտամշակութային հաստատություններից է։ Պատմական տվյալների համաձայն Սրբոց Հակոբյանց վանքին կից ձեռագրատուն է եղել դեռևս 12-րդ դարից սկսած, 1932 թվականից գործել է Գյուլբենկյանի հովանավորությամբ բացված գրադարանը։ Գրադարանն իր մեծությամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Երևանի Մատենադարանի հավաքածուից հետո։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Գալուստ Գյուլբենկյան գրադարանը հավաքում, պահպանում և կրոնական ու աշխարհիկ համայնքի կրթության, զարգացման և հզորացման համար հասանելի է դարձնում մեծ թվով գաղափարներ և տեղեկատվություն: 

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1922 թ-ին` 190 կտոր գրականության ֆոնդով:

Հանրային գրադարանից (հետագայում` Ալ.Մյասնիկյանի անվան, ներկայումս` ՀՀ ազգային գրադարան) և Երևանի պետական համալսարանից նորաստեղծ գրադարանին տրամադրվել է շուրջ 4000 օրինակ գիրք: Առաջին գրադարանապետ Մուշեղ Գասպարյանի ջանքերով Սբ.Էջմիածնի Մատենադարանից բերվել է ևս 1000 օրինակ հայագիտական և պատմագիտական գրականություն: Նա գործուղվել է Մոսկվա, հանդիպել Ն.Կ.Կրուպսկայային և խնդրել գրադարանին պարբերաբար տպագիր արտադրանքի իրավունք վերապահել: 1937-1939 թթ-ին գրադարանը մտցվել է գրադարանների այն ցուցակի մեջ, որոնք ստանում էին անվճար և վճարովի պարտադիր օրինակներ Մոսկվայի և Երևանի գրապալատների միջոցով:

Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Կ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ

 

Կ.Պոլսոյ Պատրիարքական Աթոռը հաստատուած է 1461ին։ Իսկ Պոլսոյ Հայոց տպագրութեան հետ ծանօթացումը տեղի ունեցած է շատ կանուխ, 1567 թուականին։ Պատրիարքական Աթոռոյ հովանաւորութեամբ եւ մինչեւ իսկ միջոց մը ուղղակի համալիրին մէջ գոյութիւն ունեցած է տպագրութեան աշխատանք։

Անձայնութեան երկար շրջանէ մը ետք, 2011 թուականին, հաստատուեցաւ Հրատարակչական Բաժինը, որ կը գործէ մինչեւ այսօր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հայաստանի ազգային գրադարանը հայերեն գրականության աշխարհի ամենախոշոր պահոցն է։

Հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել՝ 1922թ.։ Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը: Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։

1919-21թթ գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։

Ազգային գրադարանը իր գոյության 180 տարիների ընթացքում հավաքել և պահպանում է աշխարհով մեկ սփռված հայերեն գրականությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ

1923թ. սեպտեմբերի 26-ի Հայկենտգործկոմի նախագահությունը որոշում է ընդունում Կենտգործկոմին առընթեր պետական կենտրոնական արխիվ հիմնելու մասին: Իսկ 1924 թ. փետրվարին հաստատվեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական կենտրոնական արխիվի կանոնադրությունը` արխիվային գործի վերաբերյալ առաջին օրենսդրական ակտը: 1924թ. հաստատված կանոնադրությամբ Երևանի պետական թանգարանի արխիվային բաժնի և մի քանի այլ արխիվային ֆոնդերի հիման վրա ստեղծվեց պետական կենտրոնական արխիվը: