shape
Պարբերականներ

Պարբերականներ

 

Հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794-1796 թթ.. Մադրասում,  Հարություն քահանա Շմավոնյանի ջանքերով։ Հետագա տասնամյակներին թերթեր ու հանդեսներ են հրատարակվել աշխարհի հայահոծ վայրերի հայկական տպարաններում՝ Վենետիկում «Տարեգրությունը» (1799 թ.), Մոսկվայում «Մուզայք Արարատյանը» (1829 թ.), Զմյուռնիայում՝ «Ազգասէրը» (1830 թ.), Թիֆլիսում՝ «Կովկասը» (1846թ.), Վիեննայում՝ «Եվրոպան» (1847 թ.) և այլն: Ամենաերկարակյաց հայկական պարբերականը «Բազմավեպն» է (1843-ից մինչ օրս)։ Արևելահայ առաջին պարբերականը «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթն է (1816 թ. Աստրախան): Հայաստանի Հանրապետության տարածքում հրատարակված առաջին պարբերականը Էջմիածնի «Արարատ» հանդեսն է (1868-1919): Երևանի առաջին պարբերականը «Պսակ» լրագիրն է (1880 թ.), Շուշիինը՝ «Հայկական աշխարհ» հանդեսը (1874 թ.)։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի պարբերականների հարուստ հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր վայրերում տպագրված հայերեն և այլալեզու բազմաբովանդակ թերթեր և ամսագրեր: Լինելով կրոնական, հոգևոր-մշակութային կենտրոն՝ Մատենադարանը տարիներ շարունակ համալրվել և շարունակում է համալրվել կրոնական, մշակութային և հայագիտական նշանակություն ունեցող պարբերականներով։ Միայն այստեղ պահպանվում  «Արարատ», «Էջմիածին» ամսագրերի, «Քրիստոնյա Հայաստան» պաշտոնաթերթի ամբողջական հավաքածուները, որոնցից կարելի է օգտվել հենց Մատենադարանի ընթերցասրահում:    

Հայ պարբերական մամուլի համահավաք մատենագիտական ցանկը և թվային տարբերակները հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի ջանքերով ձևավորված «Հայկական շարունակական հրատարակություններ համահավաք գրացուցակ»-ում: Շուրջ մեկ տասնամյակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը համագործակցում է այս երկու կարևոր կառույցների հետ, ինչի արդյունքում Մատենադարանի պարբերականների թվային տարբերակներն արտացոլվում են համահավաք գրացուցակում:

Ստորև ներկայացնում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանի հայալեզու և այլալեզու պարբերականների ցանկերը: Ներկայացված յուրաքանչյուր անունին կցված է համապատասխան աղյուսակը, որի մեջ արտացոլված են միայն տվյալ պարբերականի՝ Մատենադարանում առկա համարները։ Յուրաքանչյուր համարին կցված է թվային տարբերակը, եթե այն հասանելի է «Հայկական շարունակական հրատարակությունների համահավաք գրացուցակ»-ում։ Նշված բոլոր պարբերականները ընթերցողները կարող են ընթերցել Մատենադարանի հյուրընկալ հարկի ներքո։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում առկա պարբերականների ցանկ՝

 

 

                                        Հայալեզու                                                                       Այլալեզու